10  10  2019

Հայաստանում կյանքը պտտվում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ․ «Հրապարակ»

Հայաստանում կյանքը պտտվում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տեսնես ինչի՞ց է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամեն մի հայտարարություն, ընդհուպ դատարանում արված, այսպես ալեկոծում է իշխանական և մերձիշխանական դաշտը: Տպավորություն ունենք, որ շունչները պահած, սպասում են Ռոբերտ Քոչարյանի խոսքին, որ արձագանքեն: Վա՞յ, Քոչարյանն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն… Հա՛, նա ուզում է ձգձգել դատական գործընթացը, որոշել է առողջական պատրվակով խոչընդոտել գործի քննությանը՝ գրում են որոշ թերթեր ու կայքեր: Ու երբ Քոչարյանը ԲԿ-ից նույն օրը երեկոյան գնում է ՔԿՀ՝ նորից ասում են՝ տեսա՛ք, ուզում է ցույց տալ, որ առողջական լուրջ խնդիրներ չունի, բայց իրականուուուում… Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ինքնակամ քննության ներկայացած Ռոբերտ Քեչարյանին դատավարությանը խոչընդոտելու մեջ մեղադրում են մարդիկ, որոնք հանրությանը քաջ հայտնի են քննությունից թաքնվելու անձնական փորձով: Անուններ չեմ տալիս հատուկ նպատակով, որ տպավորություն չստեղծվի, թե նպատակս գործող իշխանություններին սևացնելն է: Ուստի կբավարարվեմ արձանագրելով, որ Հայաստանում այսօր ամեն ինչ և ամենքը պտտվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Բայց երանի, թե այս իրարանցումը մի փոքր ավելի խելացի կազմակերպվեր: Ամեն ինչ հախուռն է արվում, բոլորն ուզում են հերոսանալ, աչքի ընկնել Քոչարյանի դեմ որևէ քայլով՝ լինի հայտարարություն, ֆեյսբուքյան գրառում, հարցազրույց, թե հեղինակային հոդված: Եվ այս ընթացքին տրված դատավորները բիրիքով են փչանում, ԱԺ պատգամավորներն՝ ամբողջ ֆրակցիաներով, կառավարությունում ով չի ուզում փչանալ՝ դիմում է գրում, գնում, ճանապարհ անցած լրատվամիջոցներ են կործանվում, տասնյակներով, հարգանք-պատիվ ունեցող կարգին օլիգարխ տղերքն են մոռացվում՝ կուռկուռի ձագերի պես խառնվելով հպարտ քաղաքացիներին: Եվ սա այն պատճառով, որ Հայաստանում կյանքը, այդ թվում և քաղաքական, սկսել է պտտվել նորահայտ հողմաղացի՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ:

Գործընթացը, սակայն, մեծ վերապահությամբ միայն կարելի է դատավարություն համարել: Ոմանց, գուցե, դեռ թվում է, թե իրենք են Քոչարյանին դատում, բայց իրականությունն այն է, որ Քոչարյանն է գործում, իսկ իրենք ուղղակի պտտվում են այդ մեքենայի թափանիվի շուրջ: Ես կասեի՝ այս պահին ՔԿՀ-ում Քոչարյանի զբաղեցրած տարածքից դուրս քաղաքականություն գոյություն չունի: Ով կպնդի հակառակը, կառաջարկեմ այցելել, օրինակ, ԱԺ, դիտել վերջին լսումների տեսագրությունները, կարդալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու նախագծի քննարկման ժամանակ մեր ազգընտիրների ընտիր ելույթները: Հավատացնում եմ՝ ձեզ համար իսկույն պարզ կդառնա, որ երկրի խորհրդարանը, բանուգործը թողած, ամեն ինչ անում է՝ Քոչարյանի վրա «նոր կեղտ» հայտնաբերելու, Քոչարյանի կալանավորման հետ կապված ՍԴ որոշումը սխալ հանելու և ՍԴ նախագահին տապալելու համար: Իսկ ո՞ւր է քաղաքականությունը, երբ նույնիսկ ոզնուն է հասկանալի, որ այս ամենն ուղղված է մեկ մարդու դեմ և նրան անազատության մեջ պահելու նպատակ է հետապնդում: 

Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, որ սա արդեն պայքար չէ մեկ մարդու պաշտպանության և ազատության համար, այլ պայքար է Հայաստանի ժողովրդավարության համար՝ ընդդեմ իշխանության իրավական կամայականության, հիստերիայի է մատնել ՀՀ իշխանություններին և նրանց մերձավոր տարածքների կենվորներին: Նույնիսկ Քիմ Քարդաշյանին, որ գրկած ման էին տալիս, մոռացել ու անցել էին գործի:

Հասան այնտեղ, որ հայտարարեցին՝ Քոչարյանը մենակ է մնացել, Պուտինի հայաստանյան այցի օրակարգում Քոչարյանը չկար, Պուտինն իրականում Նիկոլի քիփն ա, Նիկոլի խաթեր էլ՝ Ալիևի ձեռքը չսեղմեց… Սա պաթոլոգիա է արդեն՝ հիշողության կորուստ, սեփական շարժումները կառավարելու անընդունակություն: Այս իշխանություններից ավելին պետք էլ չէր սպասել: Իսկ վարչապետի՞ց: Չեմ կարող ասել, բայց Հակոբ Պարոնյանը, կարծես, Նիկոլ Փաշինյանի մասին է գրել. «Վաճառականի չէր նմաներ․ սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա»։ Հարց է առաջանում՝ հանրության մեղքը ո՞րն է այդ դեպքում, որ իր ընտրած իշխանության հետ հայտնվել է այս նույն ջրապտույտում»։

Էդիկ Անդրեասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ