04 10 2019

Բելլա Քոչարյանի հետ հանդիպումն աջակցություն է 2-րդ նախագահին․քաղտեխնոլոգ․168․am

Բելլա Քոչարյանի հետ հանդիպումն աջակցություն է 2-րդ նախագահին․քաղտեխնոլոգ․168․am

168․am-ի Հարցազրույց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

– Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների, Մոլդավայի և ԻԻՀ նախագահների, ինչպես նաև Սինգապուրի վարչապետի մասնակցությամբ: Քննարկվեցին ԵԱՏՄ օրակարգային հարցեր, ստորագրվեց ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի գոտու պայմանագիրը, քննարկվեց հոկտեմբերի վերջին ուժի մեջ մտնող ԻԻՀ-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ժամանակավոր պայմանագիրը և մի շարք այլ հարցեր: Ինչպե՞ս եք գնահատում միջոցառումն ու դրա շրջանակում տեղի ունեցած իրադարձությունները, քննարկումները:

– Ներկայիս իշխանությունները շատ են սիրում ցանկացած շարքային միջոցառում ներկայացնել՝ որպես աննախադեպ, փայլուն, չնաշխարհիկ մի իրադարձություն: Բայց, իրականում, կարող ենք հիշել, որ անցյալ տարի էլ ՀՀ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը, որը ևս նման կերպ ներկայացվեց, սակայն դրանից ամիսներ են անցել, և Հայաստանը որևէ քայլ չի արել այդ ուղղությամբ իր դիրքերն ամրապնդելու համար: Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործելաոճը հետևյալն է. նրանց ավելի շատ հետաքրքրում է միջոցառման PR մասը, և ոչ թե՝ բուն բովանդակությունը, իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ:

Պարզ չէ, թե այս փոփոխվող աշխարհում Հայաստանն իրեն որտեղ է տեսնում, որ երկրների և որ կառույցների հետ ինչ հարաբերություններ պետք է ունենա, այդ հարաբերություններն ինչ մակարդակի պետք է լինեն: Իշխանությանը մոտ կանգնած գործիչները, լրատվամիջոցները սովորաբար շեշտը դնում են միջոցառման աննախադեպության վրա, այնինչ սա սովորական ԵԱՏՄ միջոցառում էր, որը նախկին վեց տարիների ընթացքում բազմիցս տեղի է ունեցել ԵԱՏՄ տարբեր մայրաքաղաքներում:

Պարզապես ներկայումս Հայաստանն է նախագահում, և Հայաստանում է եղել այս միջոցառումը, հաջորդ անգամ կնախագահի այլ երկիր, և նման միջոցառում տեղի կունենա այլ մայրաքաղաքում, այս անգամ ՀՀ-ում էր, մյուս անգամ էլ, ինչպես արդեն գիտենք, Սանկտ Պետերբուրգում է տեղի ունենալու: Սա շարքային, սովորական միջոցառում էր, ոչ ավելին: Որոշ խնդիրներ քննարկվեցին, իրենց լուծումը ստացան, որոշ խնդիրներ իրենց լուծումը չստացան, ինչպես նախորդ նիստերի ժամանակ:

– Այս նիստին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն աննախադեպ չէ՞ր:

– Եթե նման միջոցառում է տեղի ունենում, պարզ է, որ պետք է մասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Լրացուցիչ եկել էին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Սինգապուրի վարչապետը: Սինգապուրի վարչապետը եկել էր ոչ թե ՀՀ վարչապետի բարձր հեղինակության շնորհիվ, այլ՝ որովհետև Սինգապուրի հետ երկու-երեք տարի առաջ սկսվել էր ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի բանակցային գործընթացը, ուստի, երբ համաձայնագիրը պատրաստ էր, նա եկավ այստեղ և ստորագրեց: Եթե այդ համաձայնագիրը պատրաստ չլիներ, նա կմասնակցեր նման նիստի այն ժամանակ, երբ համաձայնագիրը պատրաստ կլիներ: Սա փոխադարձ այց չէր: Ինչ վերաբերում է ԻԻՀ նախագահի այցին, նա եկավ ոչ թե Հայաստանի կողմից վարվող խելոք դիվանագիտության արդյունքում, այլ հանդիպումներ ուներ անցկացնելու Հայաստանում. խոսքը ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին է:

Տարբեր թեմաներին վերաբերող հարցեր կային քննարկելու՝ ոչ միայն ԵԱՏՄ-ին առնչվող, այլև Ղազախստանի հետ կապված հարցեր ևս կային: Բոլոր ղեկավարները եկել էին ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Իհարկե, այս միջոցառման ընթացքում տեղի ունեցան որոշակի երևույթներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ, քանի որ դրանք ազդելու են ներքաղաքական ու արտաքին քաղաքական ոլորտների վրա:

– Ի՞նչ երևույթներ նկատի ունեք:

– Բացահայտ տեսանելի էր, որ ՀՀ իշխանությունները թույլ էին տվել Բաղրամյան 26-ի առջև հավաքվելու «սորոսականներին», այսինքն՝ նրանց, ովքեր դեմ են ՌԴ նախագահի կողմից վարվող ներքին քաղաքականությանը Ռուսաստանում, բայց միաժամանակ Ոստիկանությունը խստորեն թույլ չէր տալիս Բաղրամյան 26 գալ հակասորոսականներին:

Պարտադիր չէ, որպեսզի Պուտինն անձամբ դուրս գա և նկատի այդ ամենը, նա ունի արարողակարգ, խորհրդականներ, և բոլորն ամեն ինչ պարզ տեսնում են: Այնքան պարզ են դա հասկանում, թե ում թույլտվությամբ են «սորոսականները» եկել, և ում թույլտվությամբ են հակասորոսականներն արգելվել: Ռուսական կողմի համար նաև շատ հասկանալի էր, թե ինչպես պատահեց, որ Ռուսթավի 2-ի լրագրողը շատ հանգիստ կարողացավ գալ, մոտենալ Պուտինին ու հարց տալ: Հասկանալի էր նրանց համար, որ, եթե ՀՀ իշխանությունները ցանկանային, դա տեղի չէր ունենա, դրանք այնքան պարզ հարցեր են, որ բավականին լավ հասկացվում են ՌԴ ղեկավարության կողմից:

– Ո՞րն էր դրա նպատակը:

– Դա կարելի է գնահատել ՀՀ իշխանությունների կողմից մանր կսմիթ: Մեծ էլ չէ, մանր: Եթե դիտարկում ենք Կրեմլի տեսանկյունը, ապա դա Կրեմլի կողմից ժպիտ է առաջացնում, ոչ ավելին:

– Բացի այն, որ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպում բավականին սուղ հրապարակային հատվածով, առավել ուշագրավ էր տեղեկությունն այն մասին, որ ՌԴ դեսպանատանը ՌԴ նախագահը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը: Սա ի՞նչ ուղերձ էր:

– Ռուսաստանի նախագահը հասավ իր նպատակին, նա հանդիպեց Քոչարյանի հետ, որովհետև շատ էին խոսում, որ ՌԴ նախագահը կգա Հայաստան՝ կհանդիպի՞ Քոչարյանի հետ, թե՞ ոչ: Այո, նա հանդիպեց Քոչարյանի հետ, իհարկե, դա Ռոբերտ Քոչարյանը չէր, այլ Բելլա Քոչարյանը, բայց դա անուղղակի հանդիպում էր Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ Բելլա Քոչարյանն առանձին քաղաքական գործիչ չէ և ինչ-որ առանձին քաղաքական գիծ չի տանում, նա Ռոբերտ Քոչարյանի կինն է, ուստի ՌԴ նախագահը, հանդիպելով Քոչարյանի կնոջ հետ, հանդիպում է նրա ամուսնու հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ տարածքում, ինչը ևս հասկանալի էր, որովհետև եթե ճիշտ է, Վլադիմիր Պուտինը չի ցանկացել գնալ Ռոբերտ Քոչարյանի տուն և այնտեղ հանդիպել, նա կնոջը հրավիրել է Ռուսաստան, սա կարող ենք ֆիքսել:

Եթե ՌԴ ղեկավարությունը չցանկանար, այդ տեղեկությունը չէր տարածվի, որովհետև կարող էին հանգիստ Քոչարյանի տիկնոջը տանել դեսպանատուն, սպասեցնել այնքան, մինչև Պուտինը գնար այնտեղ, հանդիպեր գաղտնի, և հետո Պուտինի գնալուց հետո կնոջը գաղտնի տանեին, և որևէ լրատվամիջոց այդ մասին չէր իմանա: Բայց ՌԴ ղեկավարությունը ցանկացավ, որպեսզի դա հայտնի դառնա: Մինչ այս պահը ՌԴ դեսպանատունը չի հերքել այդ հանդիպման փաստը, քանի որ, եթե այն սադրիչ լուր էր, անմիջապես կհերքվեր: Դա միտումնավոր աջակցություն էր ՌԴ նախագահի կողմից Երկրորդ նախագահին՝ ցանկանան դա ՀՀ իշխանությունները, թե ոչ, նա աջակցություն է ցուցաբերել այդպես:

Սա քաղաքական մեսիջ էր, քաղաքական աջակցություն էր Երկրորդ նախագահին, որովհետև Երկրորդ նախագահի կողմնակիցները նշում էին, որ ՌԴ նախագահը չի գա, որովհետև Երկրորդ նախագահի կալանավորման հետ կապված հարց կա, և չգալով՝ աջակցություն կհայտնի Երկրորդ նախագահին: Բայց իրավիճակն այնպիսին է, որ նա եկավ, և գալով այստեղ, եթե նա չհանդիպեր, արդեն իշխանական քարոզչամեքենան Երկրորդ նախագահի կողմնակիցներին կասեր, որ՝ տեսեք, Ձեր ղեկավարին կալանավորել ենք, որը չխանգարեց, որպեսզի ՌԴ նախագահը գա Հայաստան:

Այսինքն՝ կստացվեր, որ Երկրորդ նախագահի կողմնակիցները չեն ունենա այլևս մոտիվացիա դուրս գալու և Երկրորդ նախագահին պաշտպանելու: Այս հանդիպումը մեսիջ էր, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, ինչը բավականին կխթանի կողմնակիցների մոտիվացիան՝ շարունակել պայքարը հանուն ազատման: Սա էր նպատակը: Վլադիմիր Պուտինը չմնաց գիշերելու, հասկանալի էր, որ Ժակ Շիրակի թաղումից հետո էր եկել և ցանկության դեպքում կարող էր մնալ գիշերը, բայց նա անգամ գիշերը չմնաց, ինչը նույնպես քաղաքական մեսիջ էր իշխանություններին, որովհետև կան դիվանագիտական արարողակարգի կանոններ. երբ այլ երկրի ղեկավարն ավարտելով հյուրընկալող երկրում իր օրակարգը՝ գիշերում է, հաջորդ օրը՝ մեկնում, դա ցույց է տալիս վստահությունը տվյալ երկրի ղեկավարի նկատմամբ:

– Արարողակարգային այլ բացթողումներ նկատեցի՞ք: Համացանցում քննարկվում են բազում դրվագներ:

– Դիվանագիտության մեջ չլսված մեսիջ էր, երբ դաշնակից երկրի ղեկավարը գալիս է Հայաստան, հրապարակային, շենքային պայմաններում առաջինը հանդիպում է մեկ այլ երկրի ղեկավարի հետ, տվյալ դեպքում՝ ԻԻՀ նախագահի հետ, և դրանից հետո ունենում է ՀՀ ղեկավարի հետ հանդիպում: Ավելին՝ մեկուկես ժամանոց հանդիպում էլ լինում է օդանավակայանում, ոչ թե վարչապետի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, որովհետև կարող էին այնտեղ զրուցել և կես ժամում հասնել օդանավակայան: Բայց օդանավակայանում հանդիպեցին, և դա արարողակարգի խախտում էր: Այնտեղ չեն խոսում, միմիայն հրաժեշտ են տալիս:

– Լավ չէ՞, երբ դաշնակից երկրների ղեկավարներն արարողակարգից դուրս զրուցում են:

– Ոչ, լավ չէ, քանի որ ամեն ինչ պետք է լինի արարողակարգի համաձայն, քանի որ սրանք միջպետական հարաբերությունններ են, ընկերական հարաբերություններ չեն: Եթե խնդիր կար, պետք էր շենքային պայմաններում զրուցել, ոչ թե օդանավակայանում: Սա է խնդիրը: Սա ևս արարողակարգային խնդիրներ է առաջացնում:

– Արարողակարգային խախտում կամ խնդիր պե՞տք է դիտարկել այն, որ բոլոր ղեկավարներին ընդունեց նախագահականում, իսկ Պուտինին, ամենայն հավանականությամբ, այլ վայրում:

– Երբ տվյալ դեպքում ՌԴ նախագահն այցելել է Հայաստան, նա պետք է հանդիպում ունենար առաջին հերթին ՀՀ ղեկավարի հետ, հետո հանդիպեր ԻԻՀ նախագահի հետ, որ հետո ճանապարհ դնելուց վարչապետը գնար միայն օդանավակայան և վազքուղու մոտ հաջողություն մաղթեր, ոչ թե կանգներ կրկին խոսեր: Եթե կրկին խոսակցության թեմա կա, ուրեմն կան հարցեր, որոնք չեն լուծվել, որ ստիպված օդանավակայանի շենքում խոսում են, սա երկու շարքային քաղաքացիների հրաժեշտ չէ: Դու պետք է բոլոր հարցերը լուծած լինես, հիմնական հանդիպումն առանձնազրույցն է, երբ երկուսով մտնում են առանձին սենյակ և պատասխան են տալիս բոլոր հարցերին: Հարցեր են առաջանում հատկապես այն ժամանակ, երբ հանդիպում ես վարչապետին, հետո գնում-հանդիպում ես Բելլա Քոչարյանին, հետո օդանավակայանում՝ Փաշինյանին, սրանում էլ ուղերձներ կան, որ ՌԴ նախագահը ստիպում է հանդիպել վարչապետին Քոչարյանին հանդիպելուց հետո: Առաջիկայում ՌԴ իշխանական շրջանակներից տարբեր հարթակներով արտահոսք կլինի, այդ դեպքում ավելի մանրամասն հնարավոր կլինի եզրակացություններ անել ԵԱՏՄ միջոցառման և այլ հարցերի շուրջ: Իսկ արտահոսքեր պարտադիր կլինեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ