04  10  2019

Գազի գնի շարունակվող անորոշությունը․ ՀՀ-ն 2 ամիս ունի․ 168.am

Գազի գնի շարունակվող անորոշությունը․ ՀՀ-ն 2 ամիս ունի․ 168.am

168.am-ը գրում է․ «Թվում էր, թե ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ի վերջո, կհանգուցալուծվի ռուսական գազի գնի հարցը։ Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջապես կտա այդ չարչրկված հարցի պատասխանը։

Հանդիպումը կայացավ, բայց գազի գնի հետ կապված անորոշությունները շարունակում են պահպանվել։ Այդպես էլ ոչինչ չասվեց այն մասին, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ առումով, կամ ձե՞ռք են բերվել, թե՞ ոչ։

Իր ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանը ևս խուսափեց խոսել գազի թեմայից։ Չնայած, եթե ասելու բան լիներ, հավանաբար կշտապեր ասել։

Այն, որ ասելիք չկա, արդեն վատ է։ Դա նշանակում է, որ կողմերը դեռ չեն կարողացել լուծումներ գտնել, իսկ ժամանակը սպառվում է։ Ինչպես ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից առաջ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի վերաբերյալ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարվա վերջ։

Փոխվարչապետի այս հայտարարությունը պատահական չէր. Հայաստանին մատակարարվող ռուսական գազի այսօրվա գինը գործում է միայն այս տարվա համար։

Այսինքն` մինչև տարվա վերջ կողմերը պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Առավել ևս, եթե նոր գինը հանգեցնի նաև ներքին սակագների վերանայման, ապա դա, ըստ էության, նույնիսկ ավելի շուտ պիտի արվի, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարողանա վերանայել սակագները։ Դրա համար անհրաժեշտ է, որ ներքին սակագները հաստատվեն գործողության մեջ մտնելուց առնվազն 1 ամիս առաջ։ Այսինքն` ոչ ուշ, քան նոյեմբերի 30-ին։

Ստացվում է, որ բանակցություններն ավարտելու համար Հայաստանն առավելագույնը երկու ամիս ժամանակ ունի։ Այդ ընթացքում ի՞նչ համաձայնության կգան կողմերը, առայժմ պարզ չէ։

Մեկ բան, այնուամենայնիվ, կարծես հստակեցվեց` 30 տոկոսանոց բարձրացում չի սպասվում։ «Դա չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թեև պարզ է, որ քննարկումները գնում են գազի գնի բարձրացման շուրջ, այլապես հիմա դրանք վաղուց ավարտված կլինեին։ Հարցը թանկացման չափի մեջ է, որը, անկախ ամեն ինչից, ցավոտ խնդիր է Հայաստանի համար։ Հատկապես, եթե դա պիտի հանգեցնի նաև ներքին սակագների վերանայման։

Անցած անգամ, երբ ռուսական կողմը 10 տոկոսով ավելացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դա անքան էլ ցավոտ չընդունվեց, որովհետև ներքին սակագների փոփոխության անհրաժեշտություն չառաջացավ։ Բայց այս անգամ նման հավանականությունը գրեթե զրոյական է։ Ու ինչքան էլ խոսքը 30 տոկոսանոց թանկացման մասին չէ, ենթադրվում է, որ ներմուծման նույնիսկ ոչ մեծ բարձրացումն ազդելու է ներքին սակագների վրա։ Բազմիցս հայտարարվել է, որ գազամատակարար ընկերության ներքին ռեսուրսներն անսահման չեն` սակագների բարձրացումը զսպելու համար։

Թեև դեռ պարզ չէ, թե հետագայում ինչ խնդիրների կարող է հանգեցնել նախորդ թանկացման ազդեցությունը ներքին սակագների մեջ չներառելը։ Այդ փուլում նպատակը սակագների բարձրացում թույլ չտալն էր։ Հետևանքները երևալու են հետագայում։ Չի բացառվում, որ դա արտահայտվի նաև գազամատակարարման համակարգի նկատմամբ հերթական պարտքի գոյացման տեսքով։

Ժամանակը կտա այդ հարցի պատասխանը։ Իսկ այս պահին առաջնայինը գազի ներմուծման նոր գինն է։ Սպառողներին հետաքրքրում է այն, թե դա ինչպես կարող է ազդել ներքին սակագների վրա, ինչից տնտեսության ու հասարակության սոցիալական վիճակի կախվածությունը չափազանց զգայուն է։

Թանկացման բեռը, ինչպիսին էլ այն լինի, կրելու է սպառողը։ Ներքին սակագների բարձրացումը լրացուցիչ ծախս է՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հատկապես բնակչության համար։ Դա ազդում է տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա` հանգեցնելով ապրանքների ու ծառայությունների սպառման գների բարձրացման։ Նվազում է ներքին արտադրության մրցունակությունը, ինչն առանց այն էլ լուրջ խնդիր է արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման համար։

Սրանք խնդիրներ են, որոնց կառավարությունը չի կարող մատների արանքով նայել։ Բայց մյուս կողմից` դա չի նշանակում, թե այն մանևրելու մեծ պաշար ունի։ Որքան էլ Հայաստանը` շնորհիվ նախորդ իշխանությունների, ունի գազի ներմուծման այլընտրանքային հնարավորություն` ի դեմ Իրան-Հայաստան գազատարի, այնուհանդերձ այս պահին մեզ համար ամենամրցունակը ռուսական գազն է։ Այն, ըստ ամենայնի, այդպիսին կլինի նաև սպասվող թանկացումից հետո։ Որևէ կասկած չկա, որ ռուսական կողմը չի գնա Հայաստանին մատակարարվող գազի գնի այնպիսի բարձրացման, որ այն այլևս մրցակցային չլինի իրանական գազի նկատմամբ։

Թեև առանց դրա էլ Իրանը հակված չէ ստանձնել Հայաստանի գազամատակարարումը։ Ու որքան էլ հայտարարվի, որ Իրանը պատրաստ է էժան գազ մատակարարել Հայաստանին, այդպես չէ։ Գազի ոլորտում հայ-իրանական համագործակցության լավագույն տարբերակն առայժմ գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագիրն է։ Չնայած վերջին շրջանում այն ևս կարծես խնդիրների է բախվել։

Մինչ տարեսկզբին Իրան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հայ-իրանական տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու, գործող ծրագրերին նոր թափ հաղորդելու մասին, այս տարի գազ-էլեկտրաէներգիա փոխանակումները ոչ միայն չեն ավելացել, այլև մի բան էլ կրճատվել են։ Տարվա առաջին կեսին Իրանից Հայաստան է մատակարարվել 35 մլն խորանարդ մետրով պակաս գազ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում էր մատակարարվել։ Իրանից գազի ներմուծումը, որն իրականացվում է բացառապես նշված ծրագրի շրջանակներում, կրճատվել է գրեթե 16 տոկոսով։

Կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի առաքումը Հայաստանից։ Տարեսկզբի յոթ ամիսներին մատակարարված գազի դիմաց Իրան է առաքվել 700 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա. նվազումը գերազանցում է 30 տոկոսը։

Որքան էլ գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրին կարևոր դեր է վերապահված հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում, այնուհանդերձ դրա հետ կապված ևս խնդիրների պակաս չկա։ Այդպես էլ չի հաջողվում ավարտին հասցնել Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը, որպեսզի հնարավոր լինի ընդլայնել ծրագիրը։ Թեև մինչ այդ դեռ պիտի լուծվի նաև իրանական գազի գնի հարցը, որը դրված է գազ-էլեկտրաէներգիա ծրագրի հիմքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ