02  10  2019

Բարեկամ երկրների հետ շահերը մեզ չպետք է գցեն ծայրահեղությունների մեջ․ «Հրապարակ»

Բարեկամ երկրների հետ շահերը մեզ չպետք է գցեն ծայրահեղությունների մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ողջ երկիրը հետևում էր Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին։ Մեր երկիր այնքան հազվադեպ են այցելում բարձրաստիճան հյուրեր, որ մենք համակ ուշադրություն էինք դարձել՝ ուսումնասիրում էինք հյուրերի հագուկապը, հետաքրքրվում, թե ինչ ինքնաթիռներով ու ավտոմեքենաներով ժամանեցին, զարմանում էինք, թե մի քանի ժամ Երևանում անցկացնելու համար ինչու է Ռուսաստանի նախագահն իր անձնական զրահապատ մեքենան բերել։

Շատ ուշադիր զննում էինք հյուրերի դեմքի արտահայտությունները, հետևում էինք, թե ով ում հետ ինչպես ողջագուրվեց, քանի րոպե զրուցեց։ Փորձում էինք հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունեն ԵԱՏՄ երկրների ղեկավարները մեր վարչապետի և մեր երկրի նկատմամբ՝ առհասարակ։

Այս հետաքրքրությունը հաճախ ենթագիտակցության մակարդակում է, քանզի դժվար է ասել, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք նախկին խորհրդային այս երկրներից և նրանց ղեկավարներից։ Դժվար է ասել նաև, թե մեր երկրի արտաքին քաղաքական հարաբերությունների հետ կապված մեր անհանգստությունները որքանով են արդարացված, և բացի Ռուսաստանից ու Իրանից, մյուս երկրների հետ մեզ ինչն է կապում։ Սակայն փաստ է, որ 2 երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները մեզ օդուջրի նման անհրաժեշտ են։

Մեկը մեր պատուհանն է դեպի Ասիա, մյուսի հետ մենք բազում թելերով ենք կապված՝ սկսած մեծ հայկական համայնքից, վերջացրած Արցախի խնդրով ու մեր տարածքում տեղակայված ռազմաբազաներով։ Բայց դա չի նշանակում, որ այս կապվածությունն ու շահերը մեզ պետք է գցեն ծայրահեղությունների մեջ՝ մղելով կա՛մ քծնելու, կա՛մ ցածրամակարդակ դեմարշներ անելու Ռուսաստան պետության դեմ։ Արժանապատիվ կեցվածքն ու ինքնահաստատման պատանեկան փորձերը նույն բանը չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ