27 09 2019

Վատը փոխել ենք ավելի վատով․ «Հրապարակ»

Վատը փոխել ենք ավելի վատով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ցանկացած փոփոխություն պետք է իմաստ ունենա։ Իշխանության փոփոխությունը պետք է մեր կենսամակարդակի փոփոխության հանգեցնի, իսկ յուրաքանչյուր նոր նշանակված կադր պետք է իր նախորդից մի փոքր ավելի լավը լինի եւ լավ աշխատի։ Ցավոք, դեռ չենք կարող պնդել, որ մեր երկրում կատարվող փոփոխությունների պարագայում այս սկզբունքը պահպանված է։ Անշուշտ, արդար էր եւ առաջադիմական այն, որ 10 տարի իշխած նախագահը հեռացավ, իսկ նրան պաշտպանող քաղաքական ուժերը լքեցին թատերաբեմը՝ չի կարելի չարաշահել ժողովրդի համբերությունը։ Բայց եթե դեռ վաղ է գնահատականներ տալը, թե նոր իշխանությունը հնից ինչով է առավել, ապա ճիշտ ժամանակն է, որ դիտարկենք, թե նրա իրականացրած կադրային փոփոխություններն ինչ արդյունքներ են տվել։ Ասենք, արդյոք Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ավելի՞ հաջող կադր է, քան Արամ Սիմոնյանը, ում հեռանալը դարձել էր նորերի իդեա-ֆիքսը։

Արդյոք ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանն ավելի՞ ուժեղ եւ կայացած անձ է, քան նախորդը՝ Գագիկ Հարությունյանը։ Անգամ Տնտեսագիտականի իրար հաջորդող ԺՊ-ներն ավելի լավը չեն, քան Կորյուն Աթոյանը, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենը ոչ միայն չի գերազանցում, այլեւ բազմիցս զիջում է Արա Մինասյանին, ում հանեցին, աշխարհով մեկ խայտառակեցին եւ, ըստ էության, վտարեցին երկրից։ Իսկ ինչո՞վ են գերազանցում իրենց նախորդներին նոր նախարարները։

Արսեն Թորոսյանը գերազանցո՞ւմ է Լեւոն Ալթունյանին, Հակոբ Արշակյանը՝ Վահան Մարտիրոսյանին, Տիգրան Խաչատրյանը՝ Արծվիկ Մինասյանին ու Իգնատ Առաքելյանին, Էդվարդ Աղաջանյանը՝ Վաչե Գաբրիելյանին, Արայիկ Հարությունյանը՝ Լեւոն Մկրտչյանին, Ռուստամ Բադասյանը՝ Դավիթ Հարությունյանին։ Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ