25 09 2019

Կառավարությունը նույն կոտրած տաշտակի առաջ է. 168.am

Կառավարությունը նույն կոտրած տաշտակի առաջ է. 168.am

168.am-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումները չավելացան։ Չարդարացան նաև այն հույսերը, որ, ուր որ է՝ ներդրողները, հատկապես՝ սփյուռքահայերը, վազելու են Հայաստան, բերելու են իրենց գումարներն ու ներդնեն տնտեսության մեջ։ Այդպես էլ կառավարությունում չհասկացան, որ ներդրողները «թավշյա հեղափոխության» ու սիրուն խոսքերի համար ներդրումներ չեն անելու։ Ոչ մի նշանակություն չունի` ներդրողները սփյուռքահա՞յ են, թե՞ օտարազգի։

Կապիտալն ազգություն չի ճանաչում։ Անիմաստ է հույսը հայրենասիրական լոզունգների վրա դնելը։ Լավագույն դեպքում, դա կարող է ժամանակավոր դրսևորում ունենալ, ուրիշ ոչինչ։ Ներդրումների համար պայմաններ պետք է ապահովել։ Եվ ոչ թե՝ դատարկ խոսքերով, այլ՝ գործով։

Բնավ զարմանալի չէ, որ իշխանափոխությունից մեկուկես տարի հետո կառավարությունը կանգնած է նույն կոտրած տաշտակի առջև, իսկ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կոչ է անում մեր հայրենակիցներին` գալ ու ներդրումներ անել Հայաստանում։ Բայց սայլը տեղից չի շարժվում։ Ու չի շարժվի այնքան ժամանակ, քանի դեռ ներդրողները պաշտպանված չեն։

«Եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները մտածեն Հայաստանում տնտեսական ներդրումներ անելու, Հայաստանում շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու և Հայաստանը հարստացնելու մասին»,- Լոս Անջելեսում հրավիրած հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` մոռանալով, որ այդ ժամանակը ոչ թե նոր է եկել, այլ արդեն անցել է։ Այդպես կարելի էր ասել մեկուկես տարի առաջ։ Հիմա արդեն ներդրողները վաղուց պիտի Հայաստանում լինեին։

Բայց ի՞նչ ունենք այսօր. ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլև պակասում են։ Հեռանում են նաև նախկիները, ներդրումային կապիտալը դուրս է գնում, ու դա շատ վատ ազդակ է տնտեսության համար։ Նախ՝ պետք է մտածել այդ ազդակները վերացնելու, իսկ հետո՝ ներդրումային նոր հույսեր փայփայելու մասին։

«Մենք հույս ունենք, որ սփյուռքն ինչպես կանգնեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին»,- ասում է վարչապետը։

Ու դրա համար կարևոր նախապայման է համարում այն, որ Հայաստանում այլևս չկան այն խոչընդոտները, որոնք կային նախկինում, որ Հայաստանում արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, որ վերացված է մենաշնորհների ու օլիգարխիայի իշխանությունը, որ հաղթահարվում է ստվերային տնտեսությունը։

Համակարգային կոռուպցիայի ու մենաշնորհների վերացված լինելու մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է դեռ իշխանության գալուց անմիջապես հետո։ Դրանից անցել է մեկուկես տարի։ Բայց այդ պայմաններում զարմանալիորեն ներդրողները շարունակում են չվստահել Հայաստանի տնտեսությանը։ Այնպիսի տպավորություն է, որ ինչքան տնտեսական գործունեության պայմանները բարելավվում են, այնքան ներդրողները խուսափում են ներդրումներ անելուց։

Իրականում ներդրումների հետ կապված խնդիրը շատ ավելի խորն է, քան կարծում է հանպատրաստից իշխանության եկած քաղաքական թիմը, ում թվում էր, թե ներդրումներին խոչընդոտում են բացառապես կոռուպցիան ու մենաշնորհները։ Ու եթե դրանք վերացնեն, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Կոռուպցիա, ամեն դեպքում, համակարգային կոռուպցիա ու մենաշնորհներ Հայաստանում չկան, ինչպես հայտարարում է վարչապետը, բայց ներդրումներն էլ չեն ավելանում։ Եվ ինչո՞ւ պիտի ավելանան, երբ այսօր ներդրողները շատ ավելի լուրջ խնդիրների են բախվում, քան նախկինում։

Վերջին գրեթե 20 տարում երբեք Հայաստանում այնպիսի իրավիճակ չէր եղել, երբ օտարերկրյա ներդրողները մտածեին միջազգային արբիտրաժում իրենց ներդրումները պաշտպանելու մասին։ Այսօր առնվազն երկու ընկերություն կանգնած են այդ ճանապարհին, որոնց հետևից վաղը կարող են նաև ուրիշները գնալ։ Ու նման հեռանկարներ արդեն նշմարվում են։

Լավ օրից չէ, երբ ներդրողը մտածում է իրավական դաշտում իր իրավունքները պաշտպանելու մասին։ Միայն դա բավական է, որպեսզի արտաքին կապիտալը զգուշանա Հայաստանի տնտեսությունից։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե միջազգային կազմակերպություններն ինչ են ասում Հայաստանի տնտեսության վերաբերյալ։ «Միջազգային բոլոր կազմակերպությունները Հայաստանի վերաբերյալ հանդես են գալիս ավելի ու ավելի լավատեսական տնտեսագիտական գնահատականներով՝ ավելի ու ավելի մեծացնելով տնտեսական աճի կանխատեսումները»,- ասել է վարչապետը։

Թե միջազգային կազմակերպություններ ասելով՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ։ Բայց այնպես չէ, որ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ գնահատականներն իշխանափոխությանը հաջորդած մեկուկես տարում այդքան ոգևորող են։ Կանխատեսումները հիմնականում 5-5,5 տոկոսի սահաններում են։ Ընդ որում, նաև առաջիկա երկու տարիների կտրվածքով։

Եվ սա՝ այն դեպքում, երբ մինչև հեղափոխություն Հայաստանի տնտեսությունը լուրջ թափ էր հավաքել։ Հեղափոխությունից հետո այդ թափը նստեց ու մինչև հիմա չի վերականգնվում։ Ու դեռ հարց է, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի նախկին մակարդակին հասնելու համար։ Զարմանալի չէ, որ վարչապետը սկսել է ավելի զգուշավոր արտահայտվել տնտեսական հեղափոխության ու տնտեսության թռիչքի վերաբերյալ։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը մեզ թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք։ Եվ այդ վճռական պահին ես հույս ունեմ, որ սփուռքը, հատկապես երիտասարդ գործարարներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա և իրենց գործունեությունը կտեղափոխեն Հայաստան»,- Լոս Աջելեսի հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս կոչից հետո կգա՞ն սփյուռքի գործարարները Հայաստան և կմասնակցե՞ն «տնտեսական թռիչք հարուցելու հնարավորությանը», թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Մի բան հստակ է, որ մինչև այս պահը չկա այն ակտիվությունը, ինչ ակնկալվում էր իշխանափոխության օրերին ու դրանից հետո։ Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Բայց այդ ժամանակը նրանց համար է, ովքեր նվազագույն պատկերացումն անգամ չունեն Հայաստանի, երկրի տնտեսության, ներդրումային հնարավորությունների ու գործարար միջավայրի մասին։ Դա սփյուռքին չի վերաբերում։

Ու եթե մինչև հիմա չկա ակտիվություն, հազիվ թե կարելի է սպասել, որ առաջիկայում շատ բան կարող է փոխվել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի վառ գույներով ներկայացնել Հայաստանի գործարար միջավայրը, մրցակցային պայմաններն ու ներդրումային հնարավորությունները։ Կան բաներ, որոնք ակնհայտ են։ Ու խոսքերով կամ միջազգային կազմակերպությունների գնահատականներով չէ, որ ներդրողները կառուցում են իրենց վարքագիծը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ