17 09 2019

Վանեցյանին ստիպել են հրաժարական տալ․ կարծիք․ 168.am

Վանեցյանին ստիպել են հրաժարական տալ․ կարծիք․ 168.am

168.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։

– Պարոն Իշխանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ստորագրելու մասին, որին հետևեց Վանեցյանի հայտարարությունն ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Ի՞նչ պատճառներ եք տեսնում այս հրաժարականի հիմքում։

– Նախ՝ ընդհանրապես հրաժարականների մասին պետք է խոսել։ Հայաստանում հրաժարականի մշակույթ գոյություն չունի։ Երբ որևէ քաղաքական դեմք, նախարար տվյալ իշխանության վարած քաղաքական կուրսի հետ համաձայն չի լինում և հայտարարում է, թե ինչու համաձայն չէ ու հրաժարական է տալիս, դա ժողովրդավարական երկրներում քաղաքական մշակույթի կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ Այս տեսակետից, եթե ուշադրություն դարձնեք, նախկին իշխանությունների օրոք որևէ նախարարի հրաժարական բացատրություն չի ունեցել, և մեծամասամբ կարելի է միայն ենթադրել, որ երկրի ղեկավարն ինչ-ինչ պատճառներով որոշել է նրանից ազատվել, կանչել և հրահանգել է հրաժարական տալ։ Այժմ, պայմանական ասված, նոր Հայաստանի մասին. ի՞նչ հրաժարականներ մենք ունեցանք։

Հիշենք Արտակ Զեյնալյանի հրաժարականը։ Նրա հրաժարականի տեքստը ոչինչ չէր ասում, թե ինչո՞ւ է հրաժարական տալիս։ Հիշենք պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարականը, որի տեքստը նույնպես ոչինչ չէր ասում։ Ի՞նչ կարելի է այստեղից եզրակացնել։ Հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա բացարձակ մոնոլիտ իշխանությունը՝ կարելի է միայն ենթադրություն անել, թե ինչ հարցերում են նրանք հակադրվել կամ նույնիսկ փորձ են արել հակադրվելու, և նա ստիպել է նրանց հրաժարական տալ։

Այժմ՝ Վանեցյանի հետ կապված. նրա հայտարարության մեջ ինչ-որ ակնարկ, կարծես, կա՝ «Կանգ ա՛ռ», և այլն։ Այսինքն՝ ինչ-որ բան այն չէ, որ նա հրաժարական է տվել, բայց համոզված եմ, որ հրաժարականը ոչ թե եղել է իր ցանկությամբ՝ ինչ-որ կուրսի հետ համաձայն չլինելով, այլ՝ գուցե կրկին ինչ-որ կուրսի հետ համաձայն չլինելով, բայց ոչ կամովին, այսինքն՝ նրան նույնպես ստիպել են հրաժարական տալ։ Թե դա ինչի՞ հետ է կապված, նորից կարելի է ենթադրություններ անել՝ առանց վստահաբար ասելու։ Առաջին՝ կարող է կապված լինել վարչապետի շրջապատի, պայմանական ասած, արքունական խաղերին։

Ի՞նչ նկատի ունեմ։ Ամենափակ համակարգերում և նույն իշխանության համակարգում ևս միշտ երկրի ղեկավարի քաղաքական մերձավորները ներքին ազդեցության պայքար են տանում։ Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ թե՛ Ոստիկանությունը, թե՛ Ազգային անվտանգությունն առանձին նախարարություններ չեն, այլ վարչապետին կից կառույցներ են: Այսինքն՝ ղեկավարները նրա ամենասերտ մարդիկ են։ Նույնը վերաբերում է քննչական մարմիններին։ Այդ ներքին ազդեցության ոլորտների պայքարո՞ւմ է արդյոք Վանեցյանը տանուլ տվել, թե՞ այստեղ ավելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիր կա։

– ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանվում են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները, և այլևս պարտադիր չի լինի, որ նրանք լինեն նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից: Այս փոփոխությունն Ա.Վանեցյանի հրաժարականի համատեքստո՞ւմ է։

– Չի բացառվում, չեմ կարող վստահաբար ասել։ Այստեղ մի շատ կարևոր խնդիր կա։ Այդ պաշտոններում թեկնածուներին առաջադրվող պահանջների մեղմացումն ինձ անհանգստացնում է, քանի որ ուժային կառույցների, դատաիրավական ոլորտի ամբողջ կառույցները, այսպես ասած, պետական կառույցներ են, ոչ թե քաղաքական, այսինքն՝ «քաղաքական» ասելով՝ նկատի ունեմ, որ, օրինակ՝ նախարարությունները քաղաքական կառույցներ են։ Եվ շատ կարևոր է՝ այդ պետական կառույցներն ապաքաղաքական լինեն։ Իսկ արդյո՞ք այս որոշումով այդ կառույցների ղեկավարներ չեն նշանակվելու քաղաքական դեմքեր, որը շատ վտանգավոր է։ Մենք դա արդեն տեսել ենք 90-ական թվականներին։

– Նախագիծը ներկայացրել էր որպես ընդդիմություն հանդես եկող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Արդյո՞ք ներքին համաձայնություն կա այստեղ։

– «Լուսավոր Հայաստանն» «Իմ քայլի» ֆրակցիաների՞ց է…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ