11  09  2019

Դեժավյու կամ վերադարձ «Հին Հայաստան»․ «Հրապարակ»

Դեժավյու կամ վերադարձ «Հին Հայաստան»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Մենք, անշուշտ, կարող ենք աչք փակել տարբեր մտահոգիչ լուրերի ու փաստերի վրա եւ համարել, որ հայ-ռուսական հարաբերություններում լիարժեք ներդաշնակություն եւ փոխըմբռնում է։ Ոչինչ, որ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվեց արտահանձնել մեր իրավապահների կողմից հետախուզվող Միքայել Հարությունյանին ու Միհրան Պողոսյանին։ Կարող ենք համարել, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծննդյան շնորհավորանքը Վլադիմիր Պուտինի մեծապետական քմահաճույքի դրսեւորումն էր ընդամենը։ Իսկ հայ վարորդների աշխատելու իրավունքի հարցը չի կարգավորվում միայն միջին չինովնիկների չկամության պատճառով։ Կարող ենք նաեւ ձեւ անել, թե ոչ մի խնդիր չկա՝ ԵԱՏՄ նիստին էլ ՌԴ նախագահի մասնակցությունը պարտադիր չէ, եւ նա կարող է չգալ ու իր ներկայացուցչին ուղարկել Երեւան։

Նույնկերպ կարող ենք աչք փակել նաեւ նրա վրա, որ ո՛չ ամերիկյան իշխանություններից, ո՛չ եվրոպական երկրներից մեր պետության ղեկավարը հրավերներ գրեթե չի ստանում։ Հայաստան եկող պաշտոնական բարձր այցելությունների եւ առավել եւս՝ ներդրումների հոսք էլ առանձնապես չկա։ Կարող ենք նաեւ բավարարվել միայն ՀՀ վարչապետի գրառումները կարդալով, որտեղ գրեթե ամեն օր գեղեցիկ թվեր ու տվյալներ են հրապարակվում՝ նոր աշխատատեղերի բացման, եկամուտների հավելյալ հավաքագրման, վարկանիշային աղյուսակներում Հայաստանի արձանագրած թռիչքի, տարբեր խավերի համար աշխատավարձի բարձրացման մասին։ Բայց, չգիտես ինչու, այդ ամենն ընթերցելով՝ դեժավյուի զգացում ես ունենում։ Քեզ թվում է՝ հայտնվել ես հին Հայաստանում՝ ՀՀԿ-ական «Հայլուրի» Հայաստանում, որը ծաղկող մի երկիր է, որտեղ ամեն օր կարմիր ժապավեն են կտրում,  բոլորն ապրում են բարեկեցիկ կյանքով եւ օրհնում են այդ ուրախ ու ապահով կյանքն իրենց նվիրող իշխանություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ