07 09 2019

Հայաստանի տնտեսությունը լճացման մեջ է․ «Ազգ»

Հայաստանի տնտեսությունը լճացման մեջ է․ «Ազգ»

«Ազգ»-ը գրում է․ «Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ հրապարակվեց հունվար-հունիսի ցուցանիշը, աճը 6,5 տոկոս էր, իսկ երկու ամիս առաջ` հունվար-մայիսին` 7,3 տոկոս:

Անկումը գյուղատնտեսությունում եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի վայրիվերումները

Հարց է առաջանում, թե ինչո՞վ են պայմանավորված տնտեսական ակտիվության ցուցանիշի այսպիսի վայրիվերումները:

Բանն այն է, որ գյուղատնտեսության ցուցանիշը ներկայացվում է ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ: Երբ այն ներկայացվում է, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընկնում է, քանի որ գյուղատնտեսությունում լուրջ անկում է, եւ դա ազդում է ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:

Օրինակ՝ երբ կես տարվա արդյունքներով գյուղատնտեսությունում 7,4 տոկոս անկումը ներառվեց ընդհանուր ցուցանիշի մեջ, տնտեսական ակտիվության աճն էլ նվազեց եւ դարձավ 6,5 տոկոս: Երբ յոթ ամիսների տվյալների մեջ գյուղատնտեսության ցուցանիշն արդեն ներառված չէ, տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ փոքր-ինչ բարձրացել է, բայց չի հասել ավելի հինգ ամիսների համար ներկայացված 7,3 տոկոս աճին: Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է համադրել այս տարվա յոթ ամիսների արդյունքները, որտեղ գյուղատնտեսության ցուցանիշները ներառված չեն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, որտեղ դրանք ներառված են: Սակայն, նկատի ունենալով բարձր մակարդակով վիճակագրական ցուցանիշների ուղղորդումը եւ իրական վիճակի խեղաթյուրումը, երեւի թե կարելի է ենթադրել, թե ինչո՞ւ է դա այդպես:

Հիշեցնենք նաեւ, որ գյուղատնտեսությունում աղետալի անկումը սկսվել էր անցյալ տարի ամռանը, երբ ոռոգման համար լրացուցիչ ջրառ Սեւանից կառավարությունը թույլ չտվեց, իսկ սեպտեմբերին, երբ ոռոգման ջուրը թաց թողնվեց լճից, բերքի եւ մշակաբույսների զգալի մասն արդեն ոչնչացել էր շոգից:

Այսինքն, գյուղատնտեսության նման ահագնացող անկումը ներկա իշխանության գործողությունների հետեւանքն է:

Հայաստանի տնտեսությունը լճացման մեջ

Հակառակ ներկայիս վարչապետի կողմից անցյալ տարվա ապրիլ-մայիսյան խոստումների, տնտեսությունը ոչ միայն թռիչքաձեւ չի աճում, այլեւ աճի տեմպը դանդաղել է: Հայաստանում ներդրումների ծավալի մոտ երեք անգամ անկման ֆոնին, ինչպես եւ կարելի է ենթադրել, տնտեսությունը հայտնվել է լճացման մեջ:

Ներկա աշխուժությունը բերում են ավտոմեքենաների զանգվածային ներմուծումն ու դրանց վերաարտահանումը ԵԱՏՄ այլ երկրներ եւ բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքները: Եկող տարի առաջին գործոնը այլեւս չի լինի, պայմանավորված ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունն ուժի մեջ մտնելու հետ, իսկ երկրորդըՙ ոչ միայն սոցիալական բարելավում չի բերում, այլ մի բան էլ բնակչության եկամուտներն են կորչում առանց արժեք ստեղծելու:

Մի խոսքով, ներկա պահին, յոթ ամիսների տվյալներով Հայաստանի տնտեսության աճի տեմպը զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Անցած տարվա 8,7 տոկոսի դիմաց՝ այս տարի, ինչպես նշվեց, այն 6,8 տոկոս է: Տնտեսության աճի տեմպը դանդաղել է նաեւ երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ: Առաջինում այն 7,2 տոկոս էր, երկրորդում՝ 6,5 տոկոս»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ