31  08  2019

Ամառային քաղաքական սեզոնի փակում, կամ «հայկական աջաբսանդալ». «Փաստ»

Ամառային քաղաքական սեզոնի փակում, կամ «հայկական աջաբսանդալ». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Տևական ժամանակ քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները, ինչպես նաև որոշ քաղաքական շրջանակներ պար­բերաբար խոսում էին քաղաքական «թեժ աշնան» մասին, սակայն ունեցանք բավա­կանին «թեժ ամառ»՝ բառի քաղաքական և եղանակային իմաստով: Այն գաղափարը, որ, որպես կանոն, ամառային արձակուրդային սեզոնը քաղաքական առումով լինում է պա­սիվ և զերծ որևէ ինտրիգային զարգացումնե­րից, հերքվեց հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած բուռն զարգացում­ներով: Հանուն արդարության պետք է փաստել, որ այն քաղաքական գործընթացներին, որին մենք ականատես եղանք վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում, մի ողջ տարվա չափաբաժին էր, և հանրային հարթակը հա­ճախ չէր հասցնում ակտիվ լրահոսին:

Նորություն չէ, որ այսօր հայ հասարակու­թյունը գերքաղաքականացված է, և ամեն երրորդ քաղաքացին կամ քաղաքագետ է, կամ վարչապետ, ուստի քաղաքական ոչ մի դրվագ չի վրիպում խոշորացույցով լրահոսը «մաշող» հայի աչքից: Հենց դրանով է պայ­մանավորված, որ յուրաքանչյուր քաղաքա­կան ակտ, լինի դա կուլտուրկենցաղային միջադեպ, թե տարածաշրջանային լուրջ վե­րադասավորում, հայկական լրատվական տիրույթում և սոցցանցերում դառնում է «մեմ»-երի առիթ:

Եվ այսպես, հանրային դիսկուրսում էմոցիո­նալ քննարկված և արժեհամակարգային ցնցումների հանգեցրած իրադարձությունը կապված էր հայտնի Ստամբուլյան կոնվենցի­այի վավերացման գործընթացի հետ: Սա այն հարցն էր, որ անմիջապես հարվածեց և մի­անգամից արթնացրեց ողջ «հայու գենին»: Իսկ եթե ավելի լուրջ, հենց այս հարցի շուրջ էլ Փաշինյանի թիվ մեկ քննադատները փորձե­ցին կառուցել իրենց քննադատական կլեյմոն:

Իշխանության սատելիտներն իրենց հերթին, Ստամբուլյան կոնվենցիայի դրական ելևէջ­ներն ամեն կերպ թմբկահարելով, փորձում էին այնտեղ առկա ռիսկերը քողարկելով՝ այլ լույսի տակ դա մատուցել հասարակությանը: Որոշ շրջանակներ պնդում էին, որ սա հան­րային օրակարգում հատուկ ներառված թեմա է, որն իր հանգուցալուծումը պետք է ստանա ՍԴ մատույցներում և այնտեղ որոշակի հանգուցալուծումներից հետո: Այս հարցի հետ կապված անգամ ականատես եղանք արդա­րադատության նախարարի փոփոխությանը, ըստ տեղեկությունների, նորանշանակ նա­խարարը ոչ միայն կոնվենցիայի վավերաց­ման ջատագովներից է, այլ հենց այդ պետա­կան փաստաթղթի օրինական վավերացման «կնքահայր» դառնալու համար է գործուղված: Ամռան ընթացքում մյուս կարևոր հարցը, որի թնջուկը դեռևս լուծված չէ և պարզ չէ, թե ի վերջո ինչ հանգուցալուծում է ունենալու, կապված է Ամուլսարի հանքի շահագործման գործընթացի հետ: Բանն այն է, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ում հետ տարիներ առաջ կնքվել է համապա­տասխան պայմանագիրը և ստացել է հանքի շահագործման լիցենզիան, այսօր գործող կառավարության առաջ խնդիր է դրել՝ կամ

թույլ տալ հանքի բուն աշխատանքները սկսել, կամ սեպտեմբերի 11-ին նրանք բողոքով կդիմեն Լոնդոնի արբիտրաժային դա­տարան: Ահա հենց այս դիլեման Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին կանգնեցրել է լուրջ «քաղաքական փակուղու» առաջ, և նրանք ուղղակի գտնվում են աննախանձելի իրադրությունում: Խնդիրն այն աստիճանի բարդ է, որ անգամ այն երկպառակտություն մտցրեց Փաշինյանի թիմի ներսում, քանի որ այնտեղ ընդգրկված, ժամանակին ակտի­վիստ, հիմա քաղաքական գործիչ դարձած­ների համար սա առանցքային նշանակու­թյան հարց էր, և իրենց ողջ գործունեության ընթացքում նրանք կայացել են՝ դեմ լինելով Ամուլսարի հանքի շահագործմանը: Միանշանակ է, որ Ամուլսարի թեման իր բնույթով բնապահպանական լինելուց միան­գամից վերածվեց քաղաքական հարցի, և քաղաքական տարբեր շահեր այն սկսեցին օգտագործել սեփական քաղաքական ամբիցիաների համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ