21  08  2019

Ո՞ւմ վրա է ծանրացել բյուջեի եկամուտների ավելացման բեռը․ 168․am

Ո՞ւմ վրա է ծանրացել բյուջեի եկամուտների ավելացման բեռը․ 168․am

168.am-ը գրում է․ «2019թ. հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս: Օրերս ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը` նպատակ ունենալով ցույց տալ, թե ինչքան լավ է աշխատում իր ղեկավարած կառավարությունը։

Որ խոշոր հարկատուների վճարներն ավելացել են, այդպես էլ կա։ Բայց խոշորների մոտ հարկերի աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր է, քան, այսպես ասած, փոքրերի դեպքում։ Դրա հետևանքով խոշորների մասնակցությունը բյուջեի հարկային եկամուտների ձևավորման մեջ նույնիսկ նվազել է։ Եթե անցած տարվա առաջին կեսին վերջիններիս բաժին էր ընկնում պետական բյուջե վճարած հարկերի՝ 81, ապա այս տարի՝ ընդամենը 72 տոկոսը։

Այսինքն` խոշորների մասնաբաժինը նվազել է 9 կետով։ Դա նշանակում է, որ բյուջեի եկամուտների ապահովման հարկային ծանրաբեռնվածությունը խոշորներից տեղափոխվել է փոքրերի վրա։ Իսկ դա վատ է։ Ու խոշորների վճարները ներկայացնելուց, լավ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին անդրադառնար դրան։ Մի բան, ինչը շատ ավելի կարևոր է, քան այն, թե որքանով են ավելացել խոշորների վճարները։ Առավել ևս, որ դրանց հետ կապված բազմաթիվ հարցերն են առաջանում։

Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել հարկային վճարների կառուցվածքում, բերենք որոշ ցուցանիշներ։

Հիշեցնենք, որ տարվա առաջին կեսին բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 24,5 տոկոսով։ Մինչդեռ խոշորների դեպքում աճը 14 տոկոս է։

Աճի տեմպը խոշորների մոտ անհամեմատ ավելի ցածր է։ Հետաքրքիր է, վարչապետը գիտի՞ այդ մասին, թե՞ ուղղակի նպատակահարմար չէ դրան անդրադառնալը։

Այս տարվա առաջին կեսին բյուջեի հարկային մուտքերն ավելացել են ընդհանուր առմամբ 140 մլրդ դրամով։ Դրա 54 տոկոսը վճարել են փոքրերը, իսկ 46 տոկոսը` խոշորները։ Մինչդեռ, հարկային ընդհանուր վճարների դեպքում պատկերը հակառակն է. շուրջ 72 տոկոսը վճարել են խոշորները, 28 տոկոսը՝ մյուս բոլոր հարկատուները։

Խոշորների ցանկից դուրս մնացած հարկատուներն անցած տարվա առաջին կեսին վճարել էին 107 մլրդ դրամ։ Մինչդեռ այդ տարի նրանց վճարները հասել են 202 միլիարդի։ Այս խմբում ընդգրկված հարկատուների հարկային մուտքերն ավելացել են 95 միլիարդով։ Մուտքերի աճը հասնում է գրեթե 89 տոկոսի։ Դե հիմա համեմատեք աճի տեմպը խոշորների հետ։

Թե ինչո՞ւ է այդպես, հավանաբար պետք է հարցնել Պետեկամուտների կոմիտեին։ Ամեն դեպքում սա նշանակում է, որ հարկային ճնշումը փոքերի նկատմամբ շատ ավելի մեծ է եղել։ Մինչդեռ կառավարությունը խոսում է նրանց համար ավելի արտոնյալ պայմաններ ստեղծելու մասին։ Եթե այդ արտոնյալ պայմաններն այսպես պիտի արտահայտվեն, ապա հազիվ թե կարելի է դրանից լավ արդյունքներ սպասել։

Իհարկե, փոքրերի վճարած հարկերի ավելացման վրա որոշակի ազդեցություն է ունեցել տնտեսվարողների թվի աճը։ Բայց միայն այդ գործոնը չէր կարող հանգեցնել մուտքերի նման կտրուկ փոփոխության։

Հիմա անդրադառնանք խոշորների մոտ տեղի ունեցած զարգացումներին։ Դրանց մեծ մասի վճարած հարկերն այս տարի, անշուշտ, ավելացել են։ Չնայած քիչ չեն նաև նրանք, որոնք նվազեցրել են բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Ընդ որում, դրանց մեջ կան այնպիսիք, որոնք միշտ էլ տեղ են զբաղեցրել ցանկի առաջին տասնյակում։ Այդպիսի ընկերություններից է, մասնավորապես, ծխախոտի ներմուծման շուկայում գործող «Ֆիլիպ Մորիսը», որը նախորդ տարվա առաջին կեսի ավելի քան 8,1 մլրդ դրամի դիմաց՝ այս տարի վճարել է շուրջ 5,2 միլիարդ հարկ։

Ի տարբերություն «Ֆիլիպ Մորիսի», կտրուկ ավելացել են «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերը։ Վերջիներիս մոտ թռիչքային աճ նկատվեց հատկապես իշխանափոխությունից հետո։ Երկու տարվա ընթացքում «Գրանդ Տոբակոյի» վճարները կրկնապատկվել են՝ առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցելով 28 մլրդ դրամը։

Ծխախոտի արտադրության ոլորտում հարկային վճարների ավելացման գործում, անշուշտ, որոշակի դեր է կատարել ակցիզային հարկի բարձրացումը։ Ավելացել է նաև արտադրության ծավալը։ Եթե անցած տարի ծխախոտի արտադրության աճը կազմել էր՝ 12,8, ապա այս տարվա առաջին կեսին՝ 6,8 տոկոս։

Բայց արդյո՞ք միայն նշված գործոններով պայմանավորված կարող էր հարկային պարտավորությունների նման բարձր աճ արձանագրվել։ Սա հարց է, որի պատասխանն այս պահին հայտնի չէ։

Եվս մի դիտարկում. խոշորների ցանկի հպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ հետաքրքիր դրսևորումներ են նկատվում որոշ շուկաներում մասնակցության առումով։ Ինչպես հայտնի է, իշխանափոխությունից հետո հաճախ են հնչում հայտարարություններ ներքին տնտեսության մրցակցային միջավայրի բարելավման և շուկաներում գործող ընկերությունների թվի ավելացման վերաբերյալ։ Բայց դա այնքան էլ միանշանակ չէ։ Վկայություններից մեկն էլ առանձին շուկայում գրեթե միևնույն կամ շատ նման անվանումներով ընկերությունների հայտնվելն է։

Այսպես` խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված` վառելանյութի շուկայում տարիներ շարունակ գործող հայտնի «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերության հետ հայտնվել է «ՍիՓիԷս Օիլը»։ Ընդ որում, այն ավելի շատ հարկ է վճարել, քան «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»։ Եթե առաջինը կատարել է՝ ավելի քան 5,1 մլրդ դրամի, ապա երկրորդը՝ 4 միլիարդի պարտավորություն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը» վճարել էր ավելի քան 8,1 մլրդ դրամ։

Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընկերության գործունեության վերաբաշխում, ինչի արդյունքում գործառույթների մի մասը փոխանցվել է նորաբաց «ՍիՓիԷս Օիլին»։ Թե դա ինչի՞ համար է արվել, մնում է միայն գուշակել։

Հայտնի այդ մեթոդը շատ ավելի վաղուց է կիրառում իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Դեռևս իշխանափոխությունը չավարտված, նա գրանցեց նոր ընկերություն` «Ալեքս ընդ Հոլդինգը», որն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան իր, այսպես ասած, մոտ անվանակից «Ալեքս Հոլդինգը»։ Նախորդ տարվա  շուրջ 7,7 մլրդ դրամի դիմաց՝ այս տարվա առաջին կեսին «Ալեքս Հոլդինգը» վճարել է ընդամենը 1,7 մլրդ դրամ։ Փոխարենը՝ նրա գործառույթների մի մասը ստանձնած «Ալեքս ընդ Հոլդինգը» կիսամյակի արդյունքներով կատարել է ավելի քան 3,3 մլրդ դրամի պարտավորություն։

Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մեջ վճարած հարկերի մեծությամբ առաջատարը սիթիներն են։ Դրանք բյուջե են փոխանցել ավելի քան 3,7 մլրդ դրամ, որից շահութահարկի մուտքերը զրո են։ Ստացվում է, որ «սիթիները» շահույթ չե՞ն ապահովում կամ գուցե վնասո՞վ են աշխատում։

Ինչևէ, նշված երեք ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել ավելի քան 8,7 մլրդ դրամ, ինչը 1 միլիարդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ալեքս Հոլդինգի» կողմից կատարված պարտավորություններից։

Այս տարի ավելացել են նաև Ս.Ալեքսանյանին պատկանող այլ ընկերությունների վճարած հարկերը։ Մասնավորապես «Նատալի Ֆարմը» բյուջե է փոխանցել 2,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 1,9 միլիարդի, իսկ «Ալեքս Տեքստիլը»՝  608 մլն դրամ՝ նախորդ տարվա 287 միլիոնի դիմաց։

Որքան էլ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ հանքարդյունաբերությունը չի կարող առանցքային լինել Հայաստանի համար, առաջին կիսամյակում ամենաշատ հարկեր վճարած ընկերությունը եղել է «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Վերջինս կատարել է 29,5 մլրդ դրամի հարկային պարտավորություն՝ գրեթե 5 միլիարդով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Փոխարենը նկատելի է Ամուլսարի ծրագրի կասեցման ազդեցությունը բյուջեի վրա։ «Լիդիան Արմենիան» ավելի քան 10 անգամ պակաս հարկ է վճարել։ Այն կազմել է ընդամենը 301 մլն դրամ՝ նախորդ տարվա 3,1 միլիարդի դիմաց։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչ է կատարվում այդ ընկերության շուրջ։

Նվազել են հեռահաղորդակցության ոլորտի հայտնի ընկերությունների վճարած հարկերը։ Դա նկատելի է հատկապես «ՄՏՍ Հայաստանի» դեպքում։ Նախորդ տարվա համեմատ՝ ընկերության պարտավորությունները կրճատվել են գրեթե 2,5 անգամ՝ կազմելով 2,3 մլրդ դրամ։ «Վեոն Արմենիան» ավելի շատ է վճարել, սակայն այս դեպքում ևս պարտավորությունները նվազել են։ Եվ միայն «Յուքոմի» հարկերն են ավելացրել։ Այս առումով այն ոլորտի բացարձակ առաջատարն է՝ վճարած 4,8 մլրդ դրամով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ