17  08  2019

ԱԺ ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից․ 168.am

ԱԺ ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի կրճատումների շարքում հերթական խայտառակ դեպքն է գրանցվել նախօրեին: 168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ղեկավարությունը պահանջել է, որպեսզի  դեկրետում գտնվող տնտեսական բաժնի մասնագետն ազատման դիմում գրի:

Աշխատակազմի ղեկավարի հորդորով քարտուղարությունից զանգել են նորածնի մորը և կանչել խորհրդարան՝ հրահանգելով, թե՝ «արի ազատման դիմումդ գրի, գնա երեխա պահելու»:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի կողմից այս օրերին արձանագրված ոչ իրավաչափ 55 ազատումներիի շարքում այս մեկը, թերևս, ամենաաղմկահարույցը կդառնար ԱԺ-ից վիրահատարան հասած Սասուն Պետրոսյանի հայտնի դեպքից հետո, եթե խելամիտ ինչ-որ մեկի հորդորով վերջին պահին աշխատակազմի ղեկավարին չհասկացնեին, որ հետքայլ չանելու դեպքում իրավական լուրջ խնդիրների առջև կկանգնի:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի ղեկավարին հուշողը դեկրետում գտնվող կնոջ ՀՀԿ-ամերձ ամուսինն է եղել: Կան նաև խոսակցություններ, թե հուշել է ԱԺ իրավաբանական բաժնի շարքային աշխատակիցներից մեկը, որի ներկայությամբ ղեկավարությունն ամեն օր քննարկել է խանգարող հին աշխատակիցների ցանկը, և յուրաքանչյուրից ազատվելու սխեմաներն են մշակվել:

Ավելի ուշ ԱԺ-ից զանգահարել են դեկրետի մեջ գտնվող ԱԺ աշխատակցուհուն՝ առաջարկելով գնալ խորհրդարան և որոշել, թե որ հաստիքին է ցանկանում հաստատվել հետագայում: Եվ ուշագրավ է այն, որ, ինչպես իրավաբանական վարչության, այնպես էլ արարողակարգի և մյուս բոլոր վարչության պետերին առաջարկվում է, մեղմ ասած՝ հրաժարվել պետծառայողի մինչ այդ վաստակած բարձր դասային աստիճանից և դառնալ առաջին կարգի մասնագետ: Հակառակ դեպքում ասում են՝ լքեք աշխատակազմը:

Մինչ այդ նույն կերպ ազատել են նաև նրա վերադասին՝ Ֆինանսատնտեսական վարչության պետ Արթուր Թամազյանին ու նրա տեղակալ Գրիգոր Կիրակոսյանին:

Հիշեցնենք, այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած ԱԺ աշխատակազմի կադրային ջարդին 168.am-ը անդրադառնում է պարբերաբար:

Եվ որքան էլ զարմանալի թվա, երկու ամիս առաջ մեկնարկած կառուցվածքային փոփոխություններն առայժմ հրապարակված չէ, ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն՝ այն հրապարակված չէ խորհրդարանի պաշտոնական կայքում, ինչը նշանակում է, որ այն իրավական ուժ չի ստացել:

Հետևաբար՝ հարց է առաջանում, իսկ ի՞նչ հիմքով է շարունակում խիզախաբար ամեն օր ազատումների դիմումներ կորզել ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը, և ինչու է այդքան գաղտագողի պայմանագրեր կնքում իր համար ցանկալի նորեկների հետ, որոնց ով լինելը, մասնագիտական կարողությունները չեն քննարկվում փաստորեն մրցութային կարգով:

Ավելին՝ նրանց համար շրջանցում են օրենքի պահանջը, և հնարովի ընթացակարգերով աշխատակազմի տնօրինությունը, ինչպես խոստովանել է 168.am-ի հետ զրույցում՝ կնքել է պայմանագրերի հիմնական մասը:

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի իրավաբանական ստորաբաժանման այլևս նախկին ղեկավար Սպարտակ Առաքելյանը, որին ևս հրաժեշտ է տվել ղեկավարությունը նույն ձեռագրով, 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ նոր ղեկավարության պատվերով դրսի ձեռքով կարված կառուցվածքային փոփոխության փաթեթը այդպես էլ չի մտել իրենց վարչություն՝ այլ օրենքների հետ ճշգրտումների ու փորձագիտական կարծիքի համար: Ավելին, այն որպես իրավական ակտ՝ այդպես էլ վիզա չդրված, սկսել է գործել, ինչն ապօրինի հերթական քայլն է ղեկավարության կողմից:

Ս. Առաքելյանը խոսել էր նաև ազատման հրամանների իրավական խոցելի հիմքերի մասին՝ նշելով, որ խառնաշփոթ առաջացրած չարաբաստիկ իրավական ակտն ըստ էության գոյություն չունի:

Ի դեպ, զարմանալիորեն լուռ է այս աղմուկի ֆոնին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը, որի ստորագրած նոր կառուցվածքի պլանը, ասում են, պարբերաբար խմբագրվում է: Ինչպես ավելի վաղ գրել էինք՝  ԱԺ աշխատակազմից հարկադրաբար և կամայականորեն ազատվածները, ավելի քան 55 պետծառայող և հանրային ծառայող, միավորվել են, և պատրաստվում են հայցով մտնել վարչական դատարան, իսկ պլանավորվող բողոքի ցույցերի մասին առայժմ նոր բան չեն հաղորդում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ