09 08 2019

ՀՔԾ-ն երկու ելք ունի. Արփինե Հովհաննիսյան․ 168.am

ՀՔԾ-ն երկու ելք ունի. Արփինե Հովհաննիսյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ ողջ օրը հայ հասարակական-քաղաքական բոլոր շրջանակները քննարկում էին բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգորի Աթանեսյանի աղմկահարույց հոդվածը, որում հոդվածագիրը, հղում անելով անանուն աղբյուրներին ու վկայակոչելով նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը, հայտարարում էր, թե 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Արցախից 20 հոգանոց զինված խումբ է բերվել Երևան, որը տեղակայվել է Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Նշվում էր, որ խումբը պատրաստակամություն է հայտնել կրակել ժողովրդի վրա, և, որ այդ խմբի ղեկավարը գեներալ Սամվել Կարապետյանն էր (Օգանովսկի)։

Ավելի ուշ հայտարարություններ տարածվեցին, որում տարբեր գործիչներ պահանջում էին քրեական գործ հարուցել դեպքի առնչությամբ, քանի որ հոդվածի առնվազն առաջին («Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года») նախադասությունը հաստատում է, որ օտարերկրյա լրատվական գործակալությունն էքսկլյուզիվ հնարավորություն է ունեցել ձեռք բերել նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութեր։

Նման բովանդակությամբ հայտարարություններ տարածեցին, մասնավորապես, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը։

168.am-ն արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել երևույթը, և, թե ի՞նչ իրավական գործընթաց պետք է հաջորդի սրան։

«Ես կարծում եմ, որ երեկվա BBC-ի նյութի հետ կապված՝ իրավասու պետական մարմինները և մասնավորապես Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր են հանրությանը ներկայացնել տեղեկատվություն առհասարակ քրեական գործից արտահոսքի հետ կապված, հարուցել քրեական գործ և հանրությանը տեղեկացնել դրա ընթացքի մասին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն այնուամենայնիվ ուզում է հիշեցնել, որ, երբ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան սահմանափակ կիրառության, բայց ոչ գաղտնի փաստաթղթերն էին հրապարակայնացվել, իշխանությունների բոլոր հնարավոր թևերը ջանք ու եռանդ չէին խնայում ասելու, որ պետք է պարզել՝ ինչպե՞ս է այդ փաստաթուղթն ի հայտ եկել։

«Հատուկ քննչական ծառայությունը կամ իրավասու պետական մարմինները, կարծում եմ, ընդամենը երկու ճանապարհ ունեն: Առաջինը. հաշվի առնելով հանրային շրջանակներում այս հարցի քննարկվածությունը, Արցախի հերոսի անվան շահարկումը, պետք է հանդես գա հրապարակային հայտարարությամբ առ այն, որ նախաքննության նյութերում նման տեղեկությունները բացակայում են, և դա բացարձակ զրպարտություն է: Կամ տարբերակ երկրորդ` անհապաղ, առանց ուշացման հարուցեն քրեական գործ, պարզեն մեղավորներին, եթե նույնիսկ բաց աղբյուրներից են եղել, ինչպես նշված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, այլ ոչ թե նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է հրապարակվել, տեղեկացնեն այդ մասին հանրությանը, իսկ նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հետ կապված` անհապաղ հայտնաբերեն, տեղեկացնեն ու պատժեն մեղավորներին: Սա կլինի իրականում իրենց հանձնած քննությունը»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը։

Արդարադատության նախկին նախարարը պնդում է, որ սա իրապես կլինի իրենց հանձնած քննությունը, որպեսզի որևէ մեկը կասկած չհայտնի, որ այդ տեղեկությունները հայտնի անձանց միջոցով` ՀՔԾ ղեկավարի կամ նրա մտերիմ իրավաբանի կամ էլի ինչ-որ մեկի միջոցով հայտնվել են BBC-ում:

«Իսկ միգուցե դա առհասարակ իրականության հետ աղերս չունի»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը ՀՀ դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվել էր, թե դատախազությունը տեղյա՞կ է՝ նյութերը ՀՔԾ-ն է տրամադրե՞լ, թե՞ ոչ։«Մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չեմ տվել և այս պահին էլ չեմ տա, հետո որևէ մեկնաբանություն լինի՝ կասեմ, այժմ չեմ մեկնաբանի»,- ասաց նա։

Զանգահարեցինք նաև ՀՔԾ խոսնակին, սակայն անհասանելի էր, քաղաքային հեռախոսահամարից էլ պատասխանեցին, որ խոսնակը գտնվում է արձակուրդում, ուստի որևէ մեկն իրավասու չէ որևէ բան պատասխանել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ