08 08 2019

Ակնհայտ ենթատեքստ ունեցող «վարչապետական» բառախաղ․ 168․am

Ակնհայտ ենթատեքստ ունեցող «վարչապետական» բառախաղ․ 168․am

168.am-ը գրում է․ ««Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են՝ իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը՝ երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող: Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով՝ նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը:

Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ: Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են՝ որպես այդպիսիք: Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված ՄԱԿ-ն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Յուրաքանչյուր ժողովրդական միավոր, որն ունեցել է պատմական ուղի և ազգային դիմագիծ, կարևոր բաղադրիչ է, որ հեգեմոն լինի պետական մտածելակերպը կամ գոնե պետության նկատմամբ յուրահատուկ «հարգանքը»։ Պետության ինստիտուտի «ներսից» կերպափոխման առանցքային միտումն իշխանության ապակենտրոնացումն է, որը համարժեք ուղեկցվում է ապազանգվածայնացմամբ, սոցիալ-տնտեսական բազմազանության աճով և սեգմենտացմամբ:

Օրերս Նիկոլ Փաշինյանն իր «հայտնի» լայվի ժամանակ խոսեց «գաղտնիք» պարունակող մի առեղծվածային փաստաթղթի մասին, որի փակագծերը, սակայն, նա չբացեց՝ հանրության մոտ ստեղծելով հերթական ինտրիգային լարվածությունը։

Իր խոսքում Փաշինյանը խոսեց ՀՀ-ի՝ «ձախողված» պետություն լինելու մասին, որը գիտական տերմինոլոգիայով այդքան էլ ճիշտ ձևակերպում չէ, քանի որ միջազգային փաստաթղթերում ընդունված է կիրառել «խոցելի» պետություն ձևակերպումը։

Վերջին մեկուկես տասնամյակների ընթացքում Ամերիկյան Foreign Policy ամսագիրը և «Խաղաղության ամերիկյան հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել են Failed States Index-ը։

Նշենք, որ նշյալ ինդեքսն ունի 12 ցուցիչ՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական բաղադրիչներով (քաղաքական ազդեցություն, փախստականների և ներքին տեղահանվածների զանգվածային տեղաշարժ, դժգոհ զանգվածների գործոն, մարդկային ռեսուրսների քրոնիկա և կայուն արտահոսք, հասարակական խմբերի միջև տնտեսական զարգացման անհավասարություն, կտրուկ տնտեսական անկում, պետության քրեականացում և ապալեգիտիմացում, պետական գործառույթների շարունակական վատթարացում, մարդու իրավունքների համատարած խախտում, անվտանգության կառույցների ուժեղացում․ նրանց հանդես գալը՝ որպես պետություն պետության ներսում, կլանային վերնախավի ազդեցության մեծացում, օտար երկրների միջամտություն)։

Աղյուսակը բաղկացած է 177 պետություններից, որտեղ առաջին 38 հորիզոնականները զբաղեցնում են «ամենաանգործունակ պետությունները»։

Այս երկրների ցանկը տևական ժամանակ գլխավորում է Սոմալին։ Այստեղ են նաև Իրանը, Ուզբեկստանը, Իրաքը, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան։

Անկայունության միջին մակարդակով երկրների խմբում ընդգրկվել է 93 պետություն։ Դրանք զետեղված են 39-131 հորիզոնականներում։ Ռուսաստանը զբաղեցնում է 68-75-րդ հորիզոնականը։

Հայաստանը, փաստորեն, դասվում է անկայունության միջին մակարդակ ունեցող երկրների թվին. այն զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը։ Նախկին հետխորհրդային պետություններից անկայունության միջին մակարդակ ունեցող երկրների թվում են նաև Ադրբեջանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան։

Վարկանշային աղյուսակի կայուն երկրների ցանկում ընդգրկված է 33 պետություն, որոնք զբաղեցնում են 132-164 հորիզոնականները։ Իսկ ահա 165-177 հորիզոնականներում տեղ գտած երկրները համարվում են ամենակայուն և բնակության համար ամենահարմար պետությունները։

Ամենակայուն պետությունը Ֆինլադիան է, որին հաջորդում են Նորվեգիան և Դանիան։ Ասվածից պարզ է դառնում մի բան՝ Փաշինյանը «ձախողված» ձևակերպման կիրառմամբ հերթական անգամ փորձում է ոչ ուղղակի կերպով ինչ-որ առումով գնահատականներ հնչեցնել նախկին իշխանությունների հասցեին, որոնք, նրա բնորոշմամբ, ՀՀ աճի ու ձախողումների հիմնական պատճառ են հանդիսանում։

Դա՝ այն դեպքում, երբ ներկայումս կառավարության մաս կազմող առանցքային և ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր կառույցներում աշխատում են «կոռումպացված» ու «քրեաօլիգարխիկ» համակարգի կադրերը (ՊՆ, ԱԱԾ, Ֆիննախ, Էկոնոմիկա, ԱԻՆ, ԱԳՆ, Շրջական միջավայր, Ոստիկանություն)։

Եթե հետհայացք ենք ձգում Փաշինյանի վերջին տասնամյակների գործունեությանն ու հնչեցրած հայտարարություններին, ապա միանգամից բախվում ենք դասական մանիպուլյատորի գործունեությանը, երբ հանրային լայն լսարան ապահովելու և ժողովրդին ականջահաճո հայտարարությունների միջոցով կարողանում էր իր համար ապահովել ընտրազանգված։

Հատկանշական է նաև այն, որ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ չի հրաժարվում իր կողմից երբևէ արված հայտարարություններից, սակայն կիրառական իմաստով անում է ուղիղ հակառակը։

Տարիներ ի վեր սեփական լրատվականի միջոցով նա կարողացել է հանրային դիսկուրսի ներկայացնել այնպիսի թեզեր, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեին, իսկ որպես լեգենդ՝ դասագրքային կատարված «տնային աշխատանքներ» էին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ