12 07 2019

Չստորագրեինք՝ ԵՄ ասոցացված անդամ չէինք դառնա․ Կոստանյան․ «Հրապարակ»

Չստորագրեինք՝ ԵՄ ասոցացված անդամ չէինք դառնա․ Կոստանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են «նախկինները»` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` 2018-ի հունվարին: Եթե վավերացումն այսքան տարընթերցումների տեղիք էր տալու, այդ թվում եւ ձեր թիմակիցների կողմից, ինչո՞ւ ստորագրեցիք` հարցրինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, սահմանադրական իրավունքի դոկտոր Գեւորգ Կոստանյանին։ «Որեւէ կոնվենցիա ստորագրելն ինքնին չի նշանակում, որ այն պարտադիր պետք է վավերացվի` թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից: Իրավական տեսակետից` միջազգային ցանկացած պայմանագիր կարող է ստորագրվել, անգամ երբեք չվավերացվել, քանի որ կարող է հակասել տվյալ երկրի սահմանադրությանը:

Պատահական չէ, որ միջազգային պայմանագրերը վավերացվելուց առաջ շատ երկրների սահմանադրական դատարաններում քննվում է դրանց` Սահմանադրության համապատասխանության հարցը: Քաղաքական տեսակետից պայմանագիր ստորագրելը եւս չի կարող ենթադրել պարտադիր վավերացում, այն դիտվում է քաղաքական կամքի դրսեւորում` կոնկրետ երկրի կոնկրետ իշխանության կողմից: Վավերացումն ինքնին ենթադրում է այդ կոնվենցիայի պարտադիր նշանակություն եւ հետեւանք` տվյալ երկրի ժողովրդի համար, իսկ երբ հասարակություններն ու ժողովուրդը պատրաստ չեն դրան, չեն վավերացվում։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ բազմաթիվ երկրներ ստորագրել, սակայն տարիներով չեն վավերացրել կոնկրետ կոնվենցիա, այդ թվում եւ Ստամբուլյան կոնվենցիան, որի դեպքում ինձ համար շատ կարեւոր ուղենիշ է հանգամանքը, որ, ասենք, ՄեԾ Բրիտանիան ստորագրել, սակայն 7 տարի է` չի վավերացնում այն։

Դժվար թե Մեծ Բրիտանիային մեղադրենք ժողովրդավար չլինելու մեջ, ավելին` կոնվենցիան չեն վավերացրել ԵՄ 11 անդամ երկրներ: Մեր դեպքում, քանի որ Հայաստանը ԵՄ ասոցացված անդամ էր, իսկ առանց Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման պարտավորության որեւէ երկիր չի կարող դառնալ ասոցացված անդամ, Հայաստանը ստորագրել է այդ կոնվենցիան, սակայն դրա վավերացնելն ուղիղ համեմատական է ՀՀ Սահմանադրությանն ու հասարակության պատրաստվածությանը։ Հասարակությունների համար կան արժեքային համակարգեր` ընտանեկան, կրոնական, անձնական, որոնք անհամատեղելի կարող են լինել կոնվենցիայի կարգավորումների հետ»: Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանում շտապում։ «Ես չգիտեմ՝ շտապո՞ւմ են, թե՞ ոչ, չգիտեմ` ցանկանո՞ւմ են վավերացնել, թե՞ ոչ։ Պետք է իրենց հարցնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ