10  07  2019

Ե՞րբ է լինելու Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը․ «Հրապարակ»

Ե՞րբ է լինելու Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»:

Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապես միմյանց հետ շփվում ենք` դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապես միմյանց ներգրավված ենք պահում գործընթացին»: 

ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ)  Կարեն Միրզոյանի ներգրավվելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մեջ, փորձագիտական շրջանակների մոտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական «ղարաբաղյան համայնքի» ներգրավման համար։ «Եզրակացությունների որևէ կարիք չկա այդ առումով, որովհետև պարոն Միրզոյանն ունի տարբեր գործառույթներ, որոնք պետք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:

Իսկ Ձեր հաջորդ հանդիպումը Մամեդյարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կհայտարարենք, ինչպես ընդունված է` միաժամանակ, նույն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրավունք չունեմ ասելու, եթե մի փոքր վերլուծեք, կարող եք կռահել»: «Վերլուծեցինք» և գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նյու Յորք` սեպտեմբեր։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Զ. Մնացականյանը լուռ ժպիտով նստեց ավտոմեքենան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ