29  06  2019

Ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը Բաքվին․ «Փաստ»

Ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը Բաքվին․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ադրբեջանի արտաքին քաղաքական գե­րատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայ­տարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկա­յացրել են այն փաստաթղթերը, որոնք նախ­կինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զոր­քերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական մեծամիտ հոխորտանքն էր դուրս ժայթքել, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտ­ված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:

Բաքվի նման հռետորաբանությունն ամե­նևին էլ նորություն չէ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածա­բար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագ­ներին, որոնք իրենց ձեռնտու են: Մամեդյա­րովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանա­լի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնու­թյան չեն եկել:

Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչ­քով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ մի­ջազգային հանրությանն, ըստ էության, հաս­կացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները: Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակ­նարկով, ապա Ադրբեջանի նախագահն ար­տահայտվում է անհամեմատ ոչ դիվանագի­տական լեզվով:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:

Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զի­նադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գոր­ծառույթների, ինչպիսին են, օրինակ, զինա­դադարի խախտման հետաքննության մե­խանիզմները և այդ մոնիտորինգի կարողու­թյունների ուժեղացումը: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովան­դակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նա­խարարի պատասխանն այնքան էլ համար­ժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից­»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ