27  06  2019

ԱԺ նախագահը ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք կստանա․ «Ժողովուրդ»

ԱԺ նախագահը ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք կստանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: 

Ինչպես հայտնի է, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք:

Երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր դեռևս վեցերորդ գումարման խորհրդարանում, ընդդիմության կողմից քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահը չկա Անվտանգության խորհրդի կազմում այն դեպքում, երբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, և խորհրդարանի դերը մեծացել է: Եվ, ահա, արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորը հանդես է եկել համապատասխան փոփոխությամբ և օրենքում ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը:

Նշենք, որ նախագիծը խորհրդարանին ներկայացվել է մայիսի 30-ին և դեռ վարչություններում չի ենթարկվել փորձաքննության»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ