26  06  2019

Ինչո՞ւ են իշխանական պատվիրակներն իմիջիայլոց վերաբերվել կարևոր հարցին․ Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանական պատվիրակներն իմիջիայլոց վերաբերվել կարևոր հարցին․ Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը:

Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, և ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստացվում է, որ այս խուսափողականությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից իրականում իշխանության դիրքորոշումն է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում նախապես քննարկվել է խմբակցության նեղ կազմով ՌԴ-ի ձայնի իրավունքի հնարավոր քվեարկության հարցը, և որոշում է կայացվել՝ կողմ քվեարկել: Բայց Ստրասբուրգում հանկարծ պարզվեց, որ Ռ. Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել, իսկ Հ. Իգիթյանն էլ նույնքան պատահաբար, թերևս, չի մասնակցել քվեարկությանը:

Եվ փոխանակ հիմնավոր բացատրություն տալու, թե ինչու են ԱԺ իշխանական պատվիրակները այդքան իմիջիայլոց վերաբերվել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար այդչափ կարևոր հարցին, Ռուբինյանը համացանցում քննադատում էր իրեն քննադատողներին:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հ. Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, և նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Նա այդ մասին նաև տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին և իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով:

Սակայն Իգիթյանի հետ կապվել չհաջողվեց. նա չէր պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ նամակներին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղի ունեցածի մեջ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. «Հայկական պատվիրակությունը կողմ է ռուսական պատվիրակության վերադարձին: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես արդեն ներկայացվել է. Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկությունը տեխնիկական է եղել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ պարզապես չի մասնակցել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ