22 06 2019

Ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց․ «Հրապարակ»

Ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ի՞նչ էր հարկավոր անել, որպեսզի հեղափոխությունը հաղթանակեր ամենուր եւ չվերածվեր պարզ իշխանափոխության, որի ժամանակ փոխվում են անունները, բայց չի փոխվում ոչինչ։ Դրա համար հարկավոր էր ապրիլի 24-ից սկսած՝ փոխել ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ մեխանիզմները, մթնոլորտը, հրահանգները, գործելաոճը։ Հարկավոր էր ոչ թե ազատվել նախկին կադրերից՝ կործանելով ամբողջական ինստիտուտներ ու համակարգեր, այլ հայտարարել, որ այսօրվանից ապրում ենք օրենքի ու օրինականության դաշտում՝ ով խախտի, հեռանալու է, պատժվելու է։

Հարկավոր էր ոչ թե շնչակտուր վազողի հոգեբանությամբ փոխել բոլոր ընտրովի մարմիններն ու դրանց ղեկավարներին, հալածել անցյալում աշխատած բոլոր պաշտոնյաներին ու գործիչներին, այլ նրանց արգելել հին մեթոդներով աշխատել, եւ անձերին փոխել միայն այն ժամանակ, երբ չէին ենթարկվի նոր կանոններին ու նոր սկզբունքներին։ Հարկավոր էր ոչ թե փորփրել անցյալի քրեական գործերն ու վերաբացել որոշ գործեր՝ ընտրովի մոտեցում դրսեւորելով դրանց հանդեպ եւ երկակի ստանդարտներ կիրառելով, այլ գիծ քաշել անցյալի ու ներկայի միջեւ եւ ներման ակտ հրապարակել՝ այլեւս անցյալին չվերադառնալու մտայնությամբ։

Անցյալին՝ ոչ միայն անցյալի քրեական ու քաղաքական դիպվածների շուրջ շոու սարքելու եւ վենդետայի տեսարաններ բեմականացնելու առումով, այլեւ անցյալի կենսակերպի, ամենաթողության, անպատժելիության, հանցավոր բարքերին չվերադառնալու առումով։ Վերջապես․ հարկավոր էր իրական համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտ հաստատել երկրում, որտեղ ոչ ոք թշնամի չէ, անգամ իշխանությունից հեռացված ռեժիմի ներկայացուցիչները, եւ որտեղ ստեղծագործական մթնոլորտ է ու համազգային սեր եւ հարգանք։ Նման մթնոլորտում երկիրը կզարգանար, եւ ներդրումներ էլ կլինեին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ