18 06 2019

Երբ վերջում դառնում է ԽՄԿԿ․ «Փաստ»

Երբ վերջում դառնում է ԽՄԿԿ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ելցինյան Ռուսաստանի երկարակյաց վարչապետներից մեկը՝ Վիկտոր Չեռնոմիրդինը, տարիներ առաջ իր կուսակցության համագումարում մի թևավոր արտահայտություն է արել, որը լավագույնս բացահայտում է հետխորհրդային երկրների իշխող կուսակցությունների բնույթը։ Չեռնոմիրդինի՝ թևավոր դարձած խոսքը արդիական է. «Ինչ կուսակցություն էլ ստեղծում ենք, վերջում դառնում է ԽՄԿԿ»,- ասել էր Ռուսաստանի հանգուցյալ վարչապետը։

Չեռնոմիրդինի խոսքերի մարգարեականության հարցում համոզվեցինք նաև նախօրեին՝ հետևելով ՔՊ հինգերորդ համաժողովի աշխատանքներին։

Կուսակցության համագումարը գլոբալ առումով զուրկ էր քաղաքական բովանդակային բաղադրիչից ու, ըստ էության, տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի՝ «իզմերի» մերժման տեսության շրջանակներում։ Ո՛չ վարչապետի ու ո՛չ էլ մյուս բանախոսների ելույթներում, ցավոք, անդրադարձ չեղավ պետական կառավարման կարևոր խնդիրներին, փոխարենը «կարմիր թելի» պես անցնում էին հասարակության «սորտավորման» և հեղափոխության ֆետիշացման, սեփական իշխանության անփոխարինելիության թեզերը։

Աշխատատեղերի վիճակագրության շեշտակի աճ կլիներ, եթե արձանագրվեր նաև սոցիալական ցանցերում իշխանությանը քննադատելու համար ստեղծված ֆեյքերի՝ կեղծ օգտատերերի բանակը, համաժողովում հեգնել է Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար և Յութուբում դիսլայք դնողների համար։ Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին, չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, և նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառն իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», - ասել է Փաշինյանը։

Զարմանում ես՝ ինչպե՞ս կարող է վարչապետը երազել, որ իր կառավարած երկրում գեթ մեկ մարդ, էլ չենք ասում՝ մարդիկ կամ խմբեր «բոմժ» դառնան, եթե անգամ վերջիններս գործող իշխանության ընդդիմադիրներն են կամ հակառակորդները։ Սա անտագոնիզմի, հասարակությանը «սորտավորելու», ընդդիմախոսներին պիտակավորելու ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է։ Մյուս կողմից՝ վարչապետի ելույթները, ցավոք, նպաստում են քաղաքական կյանքի որակի, նշաձողի անկմանը։

Կամ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական ամպագոռգոռ ու անհասցե հայտարարություն է արել՝ ասելով, թե ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար, ընդ որում՝ խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար Միրզոյանը նույնացնում է իշխանությունն ու պետությունը։ Ավելորդ է ասել, որ նման մտածողությունը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, և ուղղակի զարմանում ես, որ այս բառերի հեղինակը թավշյա հեղափոխության առանցքային գործիչներից մեկն է։

Անցած մեկ տարում իշխանության իրական ձեռքբերումներն այնքան սահմանափակ են, որ ՔՊ առաջնորդներն իրենց համաժողովում խոսել են ոչ թե կոնկրետ արդյունքների մասին, այլ դարձյալ ֆետիշացրել են հեղափոխությունը։ Իր ելույթում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան: «Կախված նրանից՝ կհաջողի հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում»,- նշել է նա:

Դժվար է նման մոտեցմանը գնահատական տալ. սա արդեն պարզապես ծիծաղելի էլ չէ, իսկ միջազգային հանրությունը բացահայտ հասկացնում է, որ հեղափոխության փաստն ինքնին բավարար չէ, որպեսզի Հայաստանն ակնկալի «արտոնյալ» պայմաններ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ