14  06  2019

«Թավշյա» բոլշևիկների սերունդ է հայտնվել․ «Հրապարակ»

«Թավշյա» բոլշևիկների սերունդ է հայտնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կարծում եք՝ մենք չե՞նք վրդովվում որոշ լրագրողների վատ աշխատանքին հետեւելիս։ Լսում եմ մեր բավականին հայտնի լրագրողներից մեկի հարցազրույցն իշխանական պատգամավորի հետ։ Ուղղորդված, կողմնակալ հարցեր են՝ որոշակի պատասխան ենթադրող։ Բայց դա էլ ոչինչ։ Հիշատակում է մի անձի անուն, նախկին պաշտոնյայի, որն այսօր հասարակական կազմակերպության ղեկավար է, եւ հարց է տալիս՝ նա նախկին իշխանությունների հետ կապ ուներ, ինչո՞ւ չեք հեռացնում, չեք զրկում այդ կարգավիճակից, ինչո՞ւ են կառավարությունում նրան ընդունում։ Քիչ է մնում ասի՝ ինչո՞ւ եք թողնում ապրի, շնչի, այս հողի վրա քայլի։

Մնում ես ապշած եւ ուզում ես հարցնել՝ աղջիկ ջան, ի՞նչ է քո ուզածը՝ ստալինյան աքսո՞ր, տրոյկաների դատավճիռնե՞ր, նախկինների օրոք ապրած ու աշխատած բոլոր մարդկանց աշխատանքից ազատո՞ւմ, սովի՞ դատապարտել մարդուն։ Այս ի՜նչ բոլշեւիկների, մանկուրտների սերունդ է հայտնվել, որը հանկարծ հասկացել է, որ նախկին իշխանությունները վատն են եղել, այնքան վատը, որ նրանց օրոք աշխատած ցանկացած մեկը՝ հասարակական գործիչ ու գիտնական, դասախոս ու ռեկտոր, տնօրեն ու բաժնի վարիչ՝ եւս պետք է գործազուրկ դառնա, ապրուստի միջոցից զրկվի, ընկնի դռնեդուռ, պաշտոնանկ արվի։ Եվ ինչի՞ համար։

Բայց չէ՞ որ դուք ամեն օր իշխանության կադրային սխալներից եք խոսում, Նիկոլ Փաշինյանին մեղադրում վատ, անորակ կադրերով իրեն շրջապատելու, ոչ պրոֆեսիոնալներին պաշտոն տալու, թիմ չունենալու համար։ Որտեղի՞ց հայտնվեն մարդիկ մեզանում՝ ախր այլ մոլորակներից չեն բերվելու՝ եղած ռեսուրսը պետք է օգտագործեն, այդ թվում՝ նաեւ անցյալում աճած պրոֆեսիոնալներին։

Հասկացանք՝ քաղաքական դեմքերի չեք հանդուրժում, իսկ ոլորտային մասնագետների հետ ի՞նչ խնդիր ունեք։  Մի՞թե սա է թավշյա հեղափոխությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ