13 06 2019

Ինչպե՞ս կարող են ՀՀ-Արցախ կապերն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա․«Փաստ»

Ինչպե՞ս կարող են ՀՀ-Արցախ կապերն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա․«Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Որևէ տարօրինակ բան տեղի չի ունենում՝ նույն Ադրբեջանն է, որը չի փոխել իր նպատակները, իր տեսլականն ու ծրագրերը: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանային իրավիճակը սրելու փորձերին: Նշենք, որ ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ արձանագրվել էր նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ:

«Ինչ-որ պահի, այո, Ադրբեջանն իրեն զսպում էր, բայց պատճառն ամենևին իր մոտեցումների վերանայումը չէր: Մենք երբևէ չպետք է կտրվենք իրականությունից: Այո, ժամանակին բարձր ենք գնահատել Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, փաստել ենք, որ սահմանի ողջ երկայնքով կտրուկ նվազել է խախտումների քանակը: Բայց սա միայն մի կողմն է: Զուգահեռաբար կրկնում էինք նաև այն, որ հակառակորդը մնացել է նույնը, և հայոց պետականության նկատմամբ իր ծրագրերն անփոփոխ են: Մենք երբևէ ակնկալիքներ չենք ունեցել, որ Ադրբեջանը կարող է վերանայել իր մոտեցումը կամ մեկ օրում փոխվել»,-ասաց Դ. Բաբայանը:

Հայաստանյան և արցախյան հատվածներում առկա ներքաղաքական մթնոլորտը որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ադրբեջանական կողմի նման վարքագծի համար: Ի պատասխան, Դ. Բաբայանը շեշտեց. «Իրենք պարզապես սպասում են այդ պահին, աղոթում են ու ուզում, որ մենք իրար միս ուտենք, և որևէ մեկը թող կասկած չունենա այդ առումով: Հենց տեսնեն, որ մեր միասնականությունը խարխլվել է, մի վայրկյան անգամ չեն վարանելու, որպեսզի մեզ հոշոտեն: Սա բոլորը պետք է լավ իմանան: Թե՛ Արցախում , թե՛ Հայաստանում , թե՛ Սփյուռքում միասնական պետք է լինենք, ինչն ամենևին չի նշանակում, որ մենք բոլորս պետք է հլու-հնազանդ լինենք, կարծիք չունենանք:

Պետք է լինի մտքերի բախում, լինեն կարծիքներ, բանավեճեր, բայց փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք չպետք է խարխլենք մեր միասնականությունը, որովհետև տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մեկ խոշոր զորավարժություն են անում, սա մեզ համար ազդակ չէ՞: Պետք է ազդակ լինի, և ամեն ինչ պետք է անենք, որ երբևիցե նրանք չկարողանան իրենց նպատակներին հասնել»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ իրավիճակը, ինչպես միշտ, վերահսկելի է. «Մեր հերոս տղաներն իրականությունից չեն կտրվել: Նրանք ամեն վայրկյան պաշտպանում են երկրի անդորրը, նրա սահմաններն ու արժանապատվությունը: Խուճապի որևէ պատճառ չկա: Հասարակությանն էլ կոչ եմ անում պահպանել սառնասրտությունը, թող իմանան, որ մենք ուժեղ ու հզոր ենք»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ