10  06  2019

Ի՞նչ սպասել 6 ամիս անց նոր կառուցվածքը գլուխ բերած կառավարությունից․ «168 Ժամ»

Ի՞նչ սպասել 6 ամիս անց նոր կառուցվածքը գլուխ բերած կառավարությունից․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ազգային ժողովի ընտրություններից հետո գրեթե վեց ամիս պահանջվեց քաղաքական իշխանությունից կառավարության կառուցվածքը գլուխ բերելու համար։ Հիմա արդեն գործադիր իշխանությունը կազմված է 12 նախարարությունից։ Հինգ նախարարություն այլևս չկա, փոխարենը` մի քանիսը կգործեն սուպերնախարարության կարգավիճակով։ Նշանակված են նաև այդ նախարարությունների նախարարները։

Ինչպես և սպասվում էր, այստեղ անկանկալներ չեղան։ Նշանակվեցին բոլոր այն մարդիկ, որոնց անունները հայտնի էին վաղուց։ Կառավարության կառուցվածքը վերաիմաստավորելուց և մի շարք նախարարությունների վերակազմավորումից հետո` իրենց պաշտոնները պահպանեցին նախկին տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և տրանսպորտի ու կապի նախարար Հակոբ Արշակյանը։

Սրանց հետո թե ի՞նչ կփոխվի կառավարության գործունեության մեջ, ժամանակը ցույց կտա։ Որքան էլ այս փոփոխությունները փորձ արվեց ներկայացնել կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու լույսի ներքո, փաստն այն է, որ քաղաքական իշխանությունը դրա համար որևէ տրամաբանական հիմնավորում չկարողացավ գտնել։ Ավելին, պարզվեց՝ մարդիկ առաջնորդվել են ոչ այնքան հաշվարկներով, որքան սեփական իմիտացիայով։

Այդպես էլ չհստակեցվեց, թե այս փոփոխություններից հետո ի՞նչ կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում, կամ ի՞նչ է սպասվում դրա հետևանքով աշխատանքից զրկվող հազարավոր մարդկանց։ Այն բանից հետո, երբ ժամանակին լուրջ աղմուկ բարձրացավ սպասվող մեծաքանակ կրճատումների առումով` կառավարությունը որոշեց մի փոքր «պաուզա» վերցնել։ Բայց դա չի նշանակում, թե կրճատումների թեման փակվել է։

Այս փուլում իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս փոխնախարարներն ու հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։ Խոսքն 80, 100 մարդու մասին է։ Բայց սա դեռ սկիզբն է։ Առաջիկայում կսկսվի մեծ օպտիմալացումը։

Մինչ այդ կառավարությունն իր համար արդարացում է գտել. ըստ այդմ, իբր թե համակարգից դուրս կմնան նրանք, ում աշխատանքի արդյունավետությունը չի համապատասխանում կամ չի բավարարում նոր իշխանությունների պահանջներին։ Հասկանալի է, որ դա ընդամենը պատրվակ է լինելու` անցանկալի մարդկանցից ազատվելու ճանապարհին։

Հնարավոր աղմուկից խուսափելու ակնկալիքով` մեծ օպտիմալացման գործընթացը ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար կիրականացվի։ Չնայած դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Հազարավոր մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը` համալրելով գործազուրկների շարքերը։

Իհարկե` կրճատումներին սպասողների մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր իսկապես ավելորդ բեռ են պետական բյուջեի վրա։ Նրանցից ազատվելը, անշուշտ, անհրաժեշտություն է։ Բայց անգամ այդ պարագայում` դժվար է միանշանակ արդարացնել մարդկանց փողոց շպրտելը։ Հատկապես որ, աշխատանքի ապահովման խնդիրը Հայաստանում շատ ծանր է, իսկ այլընտրանք չկա։ Առանց այդ էլ, ավելի քան 200 հազար մարդ այսօր գործազուրկ է։

Ինչքան էլ վարչապետն այս ու այն տեղ հպարտանա 51 հազար աշխատատեղի ավելացումով, դրանով Հայաստանում գործազրկության մակարդակը չի կրճատվում։ Իրական աշխատատեղեր գրեթե չեն ստեղծվում։

Այն 10 հազարը, որն իբր թե նոր ստեղծված և ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, ընդամենը բլեֆ է։ Իրականում չկա նման հաշվարկ և չի էլ կարող լինել։ Դա դրվել է շրջանառության մեջ՝ ընդամենը ցույց տալու, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում։

Չի բացառվում, որ ստեղծվում են։ Բայց այդ դեպքում գուցե ասվեր նաև, թե այս ընթացքում քանի՞ աշխատատեղ է փակվել. դրանց թիվը հասնում է հազարների։

Փոխարենը` որևէ տեղեկատվություն չկա նոր բացված աշխատատեղերի մասին։ Չկան նաև մեծ ակնկալիքներ, որ առաջիկայում դրանք կլինեն։

Այս պայմաններում մեծ օպտիմալացումը, որն առաջիկայում պիտի իրականացվի պետական կառավարման համակարգում, անշուշտ, ծանր բեռ է։ Այն լարելու է սոցիալական իրավիճակը, երբ առանց այդ էլ մի բան չէ։

Իշխանափոխությունը չփոխեց մարդկանց կյանքի որակը։ Այս փուլում անիմաստ է խոսել հասարակության եկամուտների իրական ավելացման մասին։ Չնայած, պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրեթե գնաճ չկա, այնուհանդերձ մարդիկ ամեն քայլափոխի բախվում են լայն սպառման բազմաթիվ ապրանքների գների բարձրացման հետ։ Ու որևէ նշանակություն չունի նրանց համար` պաշտոնական գնաճը 1, թե՞ 1,5 տոկոս է։

Անցած մեկ տարում նկատելի չէ կառավարության աշխատանքը հասարակության գնողունակությունն ավելացնելու առումով։ Աշխատավարձերի այն բարձրացումները, որոնք առանձին ոլորտներում գուցե և կան, մեծ խնդիր չեն լուծում. 5 կամ 10 հազարն իրավիճակ չի փոխում։

Հազիվ թե կարելի է կարծել, որ կառավարության կառուցվածքի վերանայումից հետո բեկում կլինի։ Համակարգից մի քանի հազար աշխատողի կրճատելուց հետո գուցե մյուսների աշխատավարձը որոշ չափով բարձրանա։ Բայց դրանով երկրի սոցիալական պատկերը չի բարելավվի։

Որպեսզի նման բան լինի, հարկավոր է մտածել տնտեսությունն այս անմխիթար վիճակից հանելու մասին։ Վիճակագրական թվերը, որոնցով կառավարությունը տնտեսական աճի իմիտացիա է ստեղծում, մարդկանց չեն կերակրում։ Երկրին իրական տնտեսական աճ և զարգացում է պետք, նոր և ոչ թե հայտարարագրվող աշխատատեղերի, եկամուտների ավելացում։

Սրանք խնդիրներ են, որոնք քիչ կապ ունեն կառավարության կառուցվածքի հետ։ Ավելին, գերկենտրոնացված համակարգերը բոլորովին էլ նպատակահարմար չեն արագ արձագանքման համար։ Որքան ապարատը ծանրաքարշ է, այնքան խնդիրները երկար կքնեն նախարարություններում։

Չնայած այս պարզ ճշմարտություններին, այնուհանդերձ քաղաքական իշխանությունը գնաց իր նախընտրած ճանապարհով։ Գնացքն արդեն շարժվել է։ Մնում է սպասել, թե այն առաջիկայում ուր կտանի երկրի զարգացումները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ