08  06  2019

ՀՀ պատվիրակության աննախադեպ վարքագիծը մտորումների տեղիք է տալիս. «Հրապարակ»

ՀՀ պատվիրակության աննախադեպ վարքագիծը մտորումների տեղիք է տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունն աննախադեպ վարքագիծ դրսևորեց՝ դեմ չքվեարկե­լով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի քննարկմանը դրված՝ Աբխազիայից և Հարավա­յին Օսեթիայից տեղահանված վրաց փախստականների ճակատագրին նվիրված բանաձևին: Պատվիրա­կությունը պարզապես չմասնակցեց քվեարկությանը, ինչը վրաց փորձա­գետներն անմիջապես որակեցին որպես «հաճելի անակնկալ»:

Թե ինչու Երևանը, որի պատվի­րակները մինչ այժմ միջազգային տարբեր հարթակներում, նույնիսկ միանգամայն «անմեղ» փաստաթղթե­րի պարագայում, քվեարկում էին բա­ցառապես Մոսկվային հաճո կերպով՝ հաճախ հայտնվելով Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Վենեսուելայի ու նմանատիպ այլ «իզգոյների» հետ նույն, շատերի գնահատմամբ՝ ամոթալի խմբում, այս անգամ փո­խեց վարքագիծը, կարելի է միայն ենթադրել:

ՄԱԿ-ում տեղի ունեցած այս քվեարկությանը նախորդել էր Նուր-Սուլթանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հի­շեցնենք. որոշ դիտարկումներով՝ այդ նիստի ընթացքը «նշանավորվեց» Փաշինյանի հանդեպ ցույց տրված ոչ այնքան հարգալից արարողակարգային վերաբերմունքով: Իհարկե, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության վարքագիծն անմիջակա­նորեն այդ հանգամանքով պայմանավորելը թերևս միամտություն կարող է դիտվել, թեև չի բացառվում, որ այն ինչ-որ դեր, այնուամենայնիվ, ունե­ցել է, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ քվեարկությանը չմասնակցելն այս դեպքում ամենևին էլ Ռուսաստանի դիրքորոշմանը հա­կադրվել չի նշանակում ու դժվար թե Կրեմլին մղի ինչ-ինչ պատասխան դե­մարշների: Այդուհանդերձ, կարելի է պնդել, որ ՄԱԿ-ում հայերի վարքագի­ծը չի վրիպի ռուսաստանյան մեդիայի ամենատես աչքից, ու մի օր իրենց համար հարմար մի պահի նրանք դա անպայման «մեյդան կհանեն»:

Նաև պնդել, որ հայկական պատվիրակության այս աննախա­դեպ վարքագծի պատճառն ավելի լուրջ է ու թաքնված է հայ-ռուսական հարաբերությունների վերջին ամիսների հոլովույթներում, նույնպես հեշտ չէ: Սակայն հանգամանքը, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բավակա­նին լղոզված բացատրություն տվեց կատարվածին, ենթադրել է տա­լիս, որ այդ հարաբերություններում, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ