04 06 2019

Սևերի ու սպիտակների ճամբարները․ «Հրապարակ»

Սևերի ու սպիտակների ճամբարները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր հասարակությունը, ըստ իս, բաժանվում է 2 հակադիր ճամբարի՝ բարի ու չար, հանդուրժող եւ անհանդուրժող, լավատես եւ վատատես, արյան ծարավ եւ հաշտ-խաղաղ կյանք երազող։ Այդ ճամբարները հակադիր ազդակներ են ուղղում իշխանություններին։

Առաջին ճամբարը, որը ես սպիտակների ճամբար եմ կոչում, պահանջում է խաղաղ-ստեղծագործ մթնոլորտ, դադարեցնել քրեական հետապնդումների ալիքը, առաջարկում է գիծ գծել՝ անցյալի ու ներկայի միջեւ եւ չփորփրել անցյալը, հին դարդերը քամուն չտալ եւ մեղավորներ չփնտրել։ Մյուս ճամբարը, որը պայմանականորեն սեւերի ճամբար եմ կոչում, ճիշտ հակառակ «նակազն» է իջեցնում իշխանություններին՝ բռնել ու պատժել բոլորին, բանտերը լցնել նախկին պաշտոնյաներով ու նրանց մերձավորներով, ցմահ դատապարտել բոլոր նախկին բիզնեսմեններին, ոչնչացնել անցյալը հիշեցնող ամեն ինչ՝ փակել կուսակցություններ, աշխատանքից ազատել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ունեզրկել բոլոր նախկինում հարստացածներին, փոխել նաեւ բոլոր ընտրովի պաշտոնյաներին։ Այս վերջին խումբն ուրախանում է, երբ իմանում է, որ նոր մարդու են բռնել, եւ անասելի տխրում է, երբ բանտից ինչ-որ մեկին ազատում են։

Այս խումբը երկու ձեռքով կողմ է դատարաններն արգելափակելու, դատավորներին փոխելու-դատելու-վեթթինգելու կոչերին, թեեւ շատերը, հավանաբար, չեն էլ հասկանում, թե ինչ է վեթթինգը, եւ դա ինչով են ուտում։ Այս ճամբարը, որի գերակշռող հատվածը ժամանակին քվեարկել է հանրապետականների եւ նրա նախագահների օգտին, այժմ հոգու ամբողջ ուժով ատում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, անիծում եւ հայհոյում բոլոր ՀՀԿ-ականներին եւ նրանց անունը լսել անգամ չի ուզում։ Առաջին ճամբարը հասկանում է, որ վրեժի վրա երջանկություն չի կառուցվի, երկրորդի համար վրեժն է կյանքի նպատակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ