30 05 2019

Կադրերին կուլտ մի՛ դարձրեք․ «Հրապարակ»

Կադրերին կուլտ մի՛ դարձրեք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կադրային հարցերը Հայաստանում դարձել են փորձաքար։ Ամեն ինչ պտտվում է կադրերի շուրջը՝ ով որտեղ նշանակվեց, ով որտեղից հրաժարական տվեց, ով ում մարդն է, ում պրոտեժեն է եւ այլն։ Կադրային փոփոխությունները կյանքի փոփոխությունների հույս են առաջացնում, հին, լճացած կադրերը՝ անշարժության, ճահճի տպավորություն ստեղծում։

Մարդուն հրաժարական պարտադրելը մի կողմից խաղուպար է դարձել, մյուս կողմից՝ ուժի ցուցադրություն։ Հեղափոխությունից հետո կադրային փոփոխություններն ամենից շատ քննարկվող թեման են եւ իշխանությունից ամենամեծ հիասթափությունների առիթը։ Բավականին հիմնավոր լուրեր էին շրջում, որ կառավարության նոր կառուցվածքը եւ նախարարությունների կրճատումն էլ են բացատրվում կադրերի պակասով ու եղած կադրերին համապատասխան կառուցվածք ունենալու անհրաժեշտությամբ։

Նոր իշխանություններին մեծ դժվարությամբ հաջողվեց փոխել Երեւանի քաղաքապետին, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականի հարցը լուծվեց, հիմա խոսվում է Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի մասին, վճռաբեկ դատարանի նախագահն ինքնակամ հեռացավ, Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահները փոխվեցին։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ նոր կադրերը ոչնչով չեն գերազանցում, անգամ զիջում են նախկիններին՝ գոնե գիտելիքների, փորձի, ոլորտի իմացության առումով։

Բայց շատ ավելի ուշագրավ է այն պաշտոնների հարցը, որոնք պետք է համալրվեն խորհրդարանի մասնակցությամբ։ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար շուրջ մեկ տարի ընթացող զավեշտալի գործընթացը ոչ մի կերպ չի ավարտվում։ Երեկ եւս մի թեկնածու մերժվեց ԱԺ-ի կողմից՝ «Իմ քայլը» չընտրեց Արմեն Սարգսյանի թեկնածուին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ