30 05 2019

Հայաստանը քաղաքական ռիսկի վարկանիշով բարձր ռիսկային գոտում է․ «168 Ժամ»

Հայաստանը քաղաքական ռիսկի վարկանիշով բարձր ռիսկային գոտում է․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված,  VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին և    ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության և ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաև քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, և որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։  Ռեյտինգներից յուրաքանչյուրի համար, փաստացի գնահատականից զատ, տրվում է նաև կանխատեսում, որը կարող է լինել դրական կամ բացասական, և, համապատասխանաբար հաջորդ ժամանակահատվածի համար կանխատեսում է դրական կամ բացասական զարգացումներ։

Այսպիսով, համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական  ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին և դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ  ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից...

Ինչպես ասում են՝ բարի գալուստ 1990-ականներ։ Եվ սա հետևանք է հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «կոռուպցիոներների» գրպանները թափ տալով գումարներ բերելու, գյուղապետերի հետևից անձամբ գնալու և իրենց կաբինետներից վզներից բռնած դուրս շպրտելու, «էս երկրում կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի» և նման կարգի հայտարարությունների և գործողությունների»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ