27  05  2019

Ովքե՞ր են սկսել ավելի շատ հարկ վճարել․ «168 Ժամ»

Ովքե՞ր են սկսել ավելի շատ հարկ վճարել․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Պաշտոնապես հրապարակվեց 2019թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հենց սկզբից հարկավոր է արձանագրել, որ այս փաստաթուղթն ավելի շատ լրագրողներին է հետաքրքրում, քան ուսումնասիրողներին: Պատճառն ակնհայտ է` եռամսյակը կարճ ժամկետ է տնտեսական գործընթացների գնահատման համար:

Քիչ թե շատ կայուն տենդենցներ կարելի է արձանագրել գոնե կիսամյա տվյալներ դիտարկելիս: Սա ամենաակնառու ձևով կարելի է բացատրել մեր խոշոր հարկատուների ցանցում իրենց լուրջ մասնաբաժինն ունեցող բուհերի օրինակով:

Մինչև կրթավարձի մասին նոր օրենքի ընդունումը՝ ուսանողների վարձավճարները մուծվում էին առաջին և երրորդ եռամսյակների ընթացքում:

Արդյունքում՝ բուհերն այդ եռամսյակներին հարկատուի ավելի բարձր դիրք են ստանում, քան տարեկան ցանկում: Նույն ֆինանսական ալիքներն առանձին-առանձին նկատելի են բոլոր կառույցներում: Բանկերից մինչև արդյունաբերություն: Տնտեսության կառավարիչները, իհարկե, միշտ ձգտում են օրենսդրորեն այնպես կարգավորել հարկային ոլորտը, որ դրանց գանձումը հնարավորինս տարրալուծվի ժամկետի մեջ: Որովհետև, ի տարբերություն տնտեսության ոլորտների սեզոնայնության, բյուջետային պարտավորությունները հիմնականում սեզոնային կամ դիսկրետ չեն:

Պետությունը պարտավոր է ամեն ամիս թոշակ, նպաստ բաժանել, կատարել հանրակրթության ու առողջապահության ոլորտում իր վճարում-պարտավորությունները: Բոլոր դեպքերում 2019-ի առաջին եռամսյակից որևէ բան հասկանալու համար՝ պետք է այն համեմատել 2018թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Համեմատողն առաջին բանը, որ կնկատի՝ այն է, որ երեք խոշոր հարկատուների շարքում փոփոխություն չի եղել` նրանք նույն հերթականությամբ էլ շարված են:

Ցուցակը բացում է «Գազպրոմ Արմենիան», երկրորդը «Գրանդ Տոբակոն» է, երրորդը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Առաջին եռյակը նախորդ տարի մուծել էր մոտ 26.2 մլրդ դրամ հարկ, իսկ այս տարի` մոտ 33.1 մլրդ: Ընդ որում՝ «Գազպրոմ Արմենիան» մոտ 426 մլն դրամ պակաս է մուծել:

«Գրանդ Տոբակոն»` մոտ 4.8 մլրդ դրամ ավելի, իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 2.6 մլն-ով ավելի: Ցանկից կարելի է եզրակացնել, որ մեր երկրում բիզնեսը որոշակի իմաստով խոշորանում է (կամ, եթե կուզեք՝ սկսել է հարկեր ավելի շատ մուծել: Ի վերջո, սա «ճաշակի» կամ մոտեցման խնդիր է` հետևանքներն ավելի երկար ժամկետում հնարավոր կլինի վերլուծել):

Տեսեք՝ ինչ «թվաբանություն» կարելի է արձանագրել. 2018թ. առաջին եռամսյակում 1 մլրդ դրամից ավելի հարկ մուծել է 21 ընկերություն, 2019թ.` 37: 2018թ. 100 մլն դրամից ավելի մուծել է 279 տնտեսվարող կազմակերպություն, 2019-ին` 326:

50 մլն դրամից ավելի հարկեր մուծողների քանակը 2018-ին 235 էր, իսկ 2019-ին` 350: Եթե կհետաքրքրի՝ ընդգծենք, որ վերջին` 1000-րդ տեղի կազմակերպությունը 2018-ին մուծել էր մոտ 25 մլն դրամ, այս տարի` մոտ 33 մլն:

Այս ընդհանուր տվյալներից բացի, ցուցակում կարելի է հետևել, թե որ ընկերությունը ժամանակային այս փոքր հատվածում ինչ արդյունքներ է գրանցել: Օրինակ, հանրահայտ «Զիգզագ» ընկերությունը, որ, եթե չեմ սխալվում, դատական խնդիր ունի հարկային մարմնի հետ: «Զիգզագը» 2018-ին մուծել է մոտ 209 մլն դրամ, 2019-ին՝ 633:

Հիշեցնենք, որ այն պատկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին:

Կարելի է դիտել մեկ ուրիշ (նույնքան հանրահայտ) ընկերության օրինակ. «Լիդիան Արմենիան» 2018-ին մուծված մոտ 1.7 մլրդ դրամ հարկով՝ ցանկում 16-րդն էր: Իսկ այս տարի կտրուկ անկում է գրանցել (ընկերության տարաձայնությունը կանաչների ու ոչ այնքան կանաչների հետ կարծես մոտենում է հանգուցալուծման): Հիմա ընդամենն արձանագրենք, որ մուծած 156 մլն դրամ հարկերով՝ «Լիդիան Արմենիան» հայտնվել է 250-րդ տեղում:

Հայտնի ընկերություններից պակաս հարկ է մուծել, օրինակ, «Յուքոմը» (մոտ 400 մլն դրամի չափով): Ավելի շատ հարկ մուծածների մեջ կարելի է առանձնացնել «Վիոլա ջրին»` մոտ 1.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 905 մլն-ի դիմաց: Կարելի է առանձնացնել մեկ տարբերություն էլ: Հայտնի փաստ է, որ մեր բուհական համակարգը տասնամյակներ առաջ վերաձևակերպվեց՝ որպես ինքնատիպ «բիզնես-պրոյեկտ»:

Վերաձևակերպվեց ու հայտնվեց խոշոր հարկատուների ցանկում: Տարիներ շարունակ ամենախոշոր հարկ մուծողը Մ. Հերացու անվան բժշկական համալսարանն էր: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բուհերից առաջինը Երևանի պետական համալսարանն է (որի 100-ամյակն այս օրերին նշում է ֆեյսբուքահայությունը): ԵՊՀ-ն անցած տարի մուծել էր մոտ 392 մլն դրամ, այս տարի` մոտ 723: Ահա այսպիսի տարբերություններ կարող եք գտնել 1000 խոշոր հարկատուների ցանկում:

Հ.Գ. Եթե Ձեզ հետաքրքրում է «ՍանիՏեքը», պատասխանեմ` գտեք ինքներդ: Որովհետև մեր բակի աղբաՉհանությունն այս շաբաթ էլ է շարունակվում: Դրա համար էլ նման տարօրինակ վերնագիր եմ դրել հոդվածիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ