18  05  2019

Մի՞թե կարելի էր անհեթեթության վերածել միլիոններ արժեցած այցը. «Հրապարակ»

Մի՞թե կարելի էր անհեթեթության վերածել միլիոններ արժեցած այցը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ կարդացի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս լակոնիկ գրառումը՝ «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ: Այցելությունները համարում եմ կա­րևոր և ստացված», ինձ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ծուռ հայե­լիների աշխարհում: Ակամա սկսեցի փորփրել հիշողությունս, որպեսզի մի դեպք հիշեմ համաշխարհային լի­դերների կյանքից, որոնք իրենց որևէ այց կամ շրջագայություն որակած լինեն «անկարևոր և չստացված»: Եվ պատկերացրեք՝ նման դեպք չի եղել ոչ մի պետության ղեկավարի կյանքում: Նրանց այցերը «կարևոր ու ստացված» են միշտ, և նրանք հարկ են համարում դրանց մասին խոսելիս այլ գնահատականներ տալ:

Փաշինյանի մեկտողանոց գրառման մեջ արտասովոր բան չկա, իհարկե, բայց կա զավեշտալի խոստովանություն այն մասին, որ նա իր ճանապարհորդությունը՝ «այցելությունները», ինչպես ինքն է ասում, համարում է «կարևոր»: Այ, սա իսկապես քաղաքական անգրա­գիտություն է, որ գրեթե չի պատա­հում համաշխարհային քաղաքական պրակտիկայում: Ամբողջ հարցն այն է, որ երկրի ղեկավարի «Ատելություննե­րի» կարևորությունը որոշվում է մինչև այցելությունը և ոչ թե այցելության ընթացքում կամ դրանից հետո: Տվյալ այցի կարևորությունից, նշանակությունից ու նպատակներից ելնելով էլ կազմավորվում է համապա­տասխան պատվիրակություն՝ համա­պատասխան մարդկանցով: Դիցուք, այս դեպքում հնարավոր չէ ասել, որ «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ» Փա­շինյանի այցելությունները նախապես են «կարևորվել»:

Ավելի հավանական է թվում, որ այցի կարևորության մասին Փաշինյանը սկսել է մտածել միայն ինքնաթիռում, այլապես նրան ուղեկցող պատվիրակությունը բո­լորովին այլ, առավել մասնագիտա­կան կազմ կունենար: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե մեր պետության հաշվին Չինաստանում ինչ կարևոր գործ ունեին վարչապետին ուղեկցող գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխա­վոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխա­նատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողա­կարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը, 7 թիկնապահները, Աննա Հակոբյանը, Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը...

Մեր հեռուստատեսություննե­րին կհորդորեի ամեն անգամ՝ առիթ-անառիթ, «Սարոյան եղբայրներն» ու «Երաժշտախմբի տղաները» ցուցադրելու փոխարեն, ցուցադրեին «Հարսնացուն հյուսիսից»-ը և «Ոսկե ցլիկը», որոնք բա­վականին ուսուցողական կարող են լինել այս կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար: Չէ, դուք տեսեք՝ կառավարությունում ինչքան շաշկի խաղացող կա, Փաշինյանը հավաքել, հետը տարել է Պեկին՝ ցուցահանդես: Նաջարյանը, մինչդեռ, կբարկանար նրանց վրա՝ ես ձեզ աշխօր եմ տալիս, որ դուք շաշկի խաղաք... Բա որ հորթերը սատկեն, ձեզ պիտի՞ տանեմ ցուցա­հանդես... Դե իսկ Մուրադը համարյա կատաղեց, երբ իմացավ, որ գյուղի կեսը գյուղատնտեսական աշխա­տանքների, վարուցանքի այդ օրե­րին պատրաստվում է իր հետ շատ կարևոր առաքելությամբ մեկնել Ռուսաստան՝ աղջիկ ուզելու: Ասում էր՝ այ մարդ, էլ էսքան մարդու ինչո՞ւ աշխատանքից կտրենք: Առավոտը կգնամ, իրիկունը կվերցնեմ, կբե­րեմ... Մուրադը նույնիսկ անհարմար էր զգում ասել՝ ես ու Արուսը կգնանք: Ներկաները պետք է գլխի ընկնեին, որ երբ նա ասում է «ես»՝ Արուսը հետն է: 

Հիմա մենք Աննայի շրջագա­յությունների մասին բան չասինք, որ Փաշինյանը շտապել է այդպես կարևորել Բրյուսել-Պեկին երթուղով այս տուրը: Ի վերջո, բոլորս էլ գի­տենք, որ «Բադ պեկինյան ձևով» ուտեստը շատ է զիջում հայկական խորովածին, և հաստատ բադի հա­մար չէ, որ Աննան մեկնել է Պեկին: Բայց մի՞թե կարելի էր ճոխ ու ոչինչ չասող այդպիսի պատվիրակությամբ Չինաստանի նման երկրի ղեկավարությանը ներկայանալ և անհեթեթության վերածել պետբյուջեի վրա միլիոններ նստած այցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ