17  05  2019

Նախագահի սկզբունքային քայլն ու վարչապետի հետ նոր հակասությունը․ «Փաստ»

Նախագահի սկզբունքային քայլն ու վարչապետի հետ նոր հակասությունը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նա­խագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադ­րել է նոր թեկնածություն: ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին:

Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պե­տության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս հանգա­մանքը կարող է նոր լարվածություն առա­ջացնել վարչապետի ու նախագահի հարա­բերություններում: Բանն այն է, որ ԱԺ իշխող մեծամասնությունն ուներ ֆավորիտ թեկնա­ծու՝ «Մարտի 1-ի» գործով տուժողների ներկա­յացուցիչ Վահե Գրիգորյանը, ու ոչ մեկ ան­գամ է ուղղակի և անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միևնույն է, մերժելու են:

Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախա­գահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշ­տոնի համար նախագահի ներկայացվելիք ինը հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունը այլ մար­դու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդա­րանական մեծամասնությանը:Ապրիլի սկզբին խորհրդարանը մերժեց Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին, ու շատերը ենթադրում էին, որ հանրա­պետության նախագահը կարող է խորհրդա­րան ներկայացնել վարչապետի նախընտ­րած թեկնածուին: Սակայն, ըստ ամենայնի, Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հա­կասություններն իրապես խորքային են, ու ՍԴ անդամի թեկնածության հարցն ընդամենն առիթ է: Օրինակ՝ բոլորն են նկատել, որ Սարգսյանն ու Փաշինյանը վերջերս միասին չեն մասնակցում որևէ միջոցառման, ու կարծես վաղուց տեղի չի ունեցել նաև վար­չապետի ու նախագահի գոնե լուսաբանված հանդիպում:

Հեղափոխության օրերին ու ընդհուպ մին­չև խորհրդարանական արտահերթ ընտրություններն Արմեն Սարգսյանը շատ մեծ կա­յունացնող դերակատարություն է ունեցել ըստ էության՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի իրացմանը: Թվում էր՝ ստեղծվել է հրաշալի հնարավորություն, որպեսզի համադրվեն Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու հեղափոխական էներգետիկան և Արմեն Սարգսյանի միջազգային կա­պերն ու փորձառությունը:Սակայն հեղափոխության թիմը, իր սովո­րության համաձայն գնաց այլ տրամաբանությամբ ու քաղաքական մաքսիմալիզմի գործադրման հետևանքով Արմեն Սարգ­սյանն այդպես էլ չինտեգրվեց, այսպես կոչ­ված, նոր իշխանությանը: Ավելին՝ նրա օտա­րերկրյա հաջողված այցերը խանդի իսկա­կան առիթ հանդիսացան խորհրդարանա­կան մեծամասնության համար, Նիկոլ Փաշի­նյանի վարկանիշի բնական անկման համա­տեքստում հեղափոխության թիմը, ըստ ամե­նայնի, գործող նախագահի կերպարում տեսնում է իրական այլընտրանք, մրցակից, թեև, հանուն արդարության, Արմեն Սարգ­սյանը նման առիթներ չի տվել: Սրան գումա­րենք նաև այն հանգամանքը, որ վերջին հարցումների արդյունքում Արմեն Սարգսյա­նի աշխատանքից մեր քաղաքացիներն ավե­լի գոհ են, քան Նիկոլ Փաշինյանի աշխա­տանքից:

Վերջին ամիսներին տեղի ունեցան նշա­նակալի երկու իրադարձություններ, որոնք ավելի ընդգծեցին Նիկոլ Փաշինյանի ու Ար­մեն Սարգսյանի հակասությունները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ