14 05 2019

Բանկային ավանդները նվազել են 50 մլն դոլարով․ «168 Ժամ»

Բանկային ավանդները նվազել են 50 մլն դոլարով․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո բանկային ավանդներն աճել են։ Դժվար է ասել՝ դրա մեջ հպարտանալու բան կա՞ր, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ վարչապետի ոգևորությունից մի քանի ամիս անց ավանդները դադարել են ավելանալ։

Մասնավորապես՝ մարտին՝ փետրվարի համեմատ, դրանք կրճատվել են ավելի քան 25 մլրդ դրամով, ինչն այսօրվա փոխարժեքով գերազանցում է 50 մլն դոլարը։ Այդ ամսին 2,6 միլիարդով կամ գրեթե 5,5 մլն դոլարով նվազել են նաև բանկերում պահվող բնակչության խնայողությունները։

Հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը։ Լա՞վ է, որ ավանդները կրճատվել են, թե՞ վատ։

Իրականում միամտություն է ավանդների ավելացումը կամ նվազումը միանշանակ լավ  կամ վատ համարելը։ Նայած, թե դա ինչի հետևանք է։ Եթե ավանդները դուրս են բերվել բանկերից և ներդրվել ներքին տնտեսության մեջ, բնականաբար, լավ է։

Բայց այդպե՞ս է եղել արդյոք։ Փաստն այն է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվությունն իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի անց բարձր չէ։ Ներդրումները ենթադրում են տնտեսական գործունեության ընդլայնում, նոր աշխատատեղերի ստեղծում, նոր ծրագրերի իրականացում, այնինչ նման երևույթներ այսօր չեն նկատվում։ Տնտեսության իրական հատվածում իշխանափոխությունից հետո դրսևորվող պասիվությունը պահպանվում է։ Ու եթե կուտակված գումարները գնացել են տնտեսական գործունեության ֆինանսական բացերը փակելուն, ապա դա շատ վատ է։

Որ պակաս կարևոր չէ, առայժմ գրեթե փոփոխություններ չկան մեկ տարի առաջ ոչ հայաստանյան ռեզիդենտներին պատկանող ավանդների պորտֆելում ի հայտ եկած միտումներում։ Դրանք շարունակում են գտնվել բավական բարձր դիրքում, ինչն ամենևին էլ լավ չէ։ Դա նշանակում է, որ արտաքին կապիտալը շարունակում է չվստահել Հայաստանի տնտեսությանը։

Հիշեցնենք, որ այդ երևույթը դիտարկվեց իշխանափոխությունից հետո, որը պայմանավորվեց առաջին հերթին՝ արտաքին կապիտալի կողմից տնտեսության նկատմամբ ձևավորված ռիսկերով, ի հայտ եկած անորոշություններով ու սպասումներով։

Ոչ ռեզիդենտների ավանդները բանկային համակարգում հասնում են գրեթե 752 մլրդ դրամի կամ ավելի քան 1,5 մլրդ դոլարի։

Ինչ մնում է բնակչության բանկային ավանդներին, ապա դրանց նվազումը սովորաբար ունենում է տարբեր պատճառներ։ Գործոնները բազմազան են, բայց կարևոր դեր ունեն հատկապես երկուսը` հասարակության եկամուտներն և վստահությունը բանկային համակարգի նկատմամբ։

Որ բանկային համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է, փաստ է։ Բանկային կայունությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա է։ Այն գրեթե չխաթարվեց նույնիսկ հեղափոխության օրերին, չնայած արձանագրված կապիտալի որոշ արտահոսքին։

Այլ հարց է, որ հետհեղափոխական շրջանում մի տեսակ արժեզրկվեց բանկային գաղտնիք հասկացությունը։ Եթե մարդիկ մինչ այդ համոզված էին, որ որևէ մեկը չի կարող տիրապետել իրենց բանկային տվյալներին՝ առանց իրավական հիմքերի, ապա իշխանափոխությունից հետո այդ վստահությունը կորավ։ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ դիմանալ գայթակղությանը և հրապարակեց բանկային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ։

Դա, անշուշտ, կարող էր ազդել բանկերի նկատմամբ հասարակության վստահության վրա։ Բայց ավանդների ձևավորման գործում շատ ավելի կարևոր դեր ունեն եկամուտները։

Ավանդների նվազումն արդյո՞ք նշանակում է, որ մարդիկ սկսել են ծախսել խնայողությունները` սեփական կարիքները հոգալու համար։ Այդպես մտածել գուցե դեռ վաղ է, բայց դրա համար որոշակի հիմքեր կան։

Իշխանափոխությունը չբերեց հասարակության սոցիալական վիճակի լավացման, որքան էլ մարդիկ մեծ հույսեր էին կապում հեղափոխության հետ։ Ընդհակառակը, այն մի բան էլ վատացավ` կապված ցածր եկամուտների և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում առկա բարձր գնաճային դրսևորումների հետ։ Իշխանափոխությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ կորցրեցին իրենց աշխատանքը։ Ու չի բացառվում, որ նրանց մի մասը սկսել է ծախսել նախկինում կուտակած խնայողությունները։

Պատահական չէ, որ չնայած երկարաժամկետ հատվածի կտրվածքով բնակչության բանկային ավանդների աճը դեռևս պահպանվում է, այնուհանդերձ տեմպն էապես նվազել է։ Նախորդ տարվա մարտին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ դրանք ավելացել էին 16 տոկոսով։ Այս տարի 2018թ. նկատմամբ աճի տեմպն էապես ընկել է` կազմելով 7,7 տոկոս։

Զուտ գումարային տարբերությունը գրեթե կրկնակի է. անցած տարվա մարտին բանկային ավանդները մեկ տարի առաջվա համեմատ՝ ավելացել էին 190 մլրդ դրամով, այս տարի` 105 միլիարդով։ Աճն 85 մլրդ դրամով պակասել է։ Այդ գումարներն իշխանափոխությունից հետո չեն ձևավորվել կամ մարդիկ նախընտրել են պահել սեփական վերմակի տակ։ Իսկ դա վատ է թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում։ Այնպես չէ, որ դրանք բանկերի փոխարեն՝ մտել են տնտեսություն։

Չի բացառվում նաև, որ իշխանափոխությունից հետո սկսված որսը ստիպել է որոշակի գումարներ դուրս բերել երկրից։

Անկախ այս ամենից` բանկային համակարգում այսօր էլ կուտակված են ահռելի խնայողություններ, որոնք կարող են էապես փոխել Հայաստանի տնտեսության վիճակը։ Խոսքը գրեթե 3 տրիլիոն դրամի կամ ավելի քան 6 մլրդ դոլարի մասին է, որ ավանդադրված է բանկերում։ Սա հսկայական գումար է, որի նույնիսկ կեսը ներդրումային կապիտալի վերածելու դեպքում կարող է լուրջ ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության ու տնտեսական գործընթացների վրա։

Սակայն թե՛ նախորդ, և թե՛ ներկա իշխանությանն այդպես էլ չի հաջողվում այս գումարները վերածել ներդրումային կապիտալի։ Պատճառը տնտեսության կառուցվածքի, թափանցիկության պակասի, կենտրոնացվածության, համապատասխան ենթակառուցվածքների բացակայության և բազմաթիվ այլ խնդիրների մեջ է։ Չկան կամ չափազանց թույլ են այն խողովակները, որոնց միջոցով խնայողությունները ներդրումների տեսքով կարող են մտնել տնտեսություն։ Հայաստանում ոչ մի կերպ չի կայանում արժեթղթերի շուկան, ինչը հանդիսանում է տնտեսության մեջ ներդրումների գեներացման հիմնական գործիքը։

Սա գլոբալ խնդիր է, որին բախվել է Հայաստանի տնտեսությունը և չի կարողանում հաղթահարել։

Իշխանափոխությունից մեկ տարի անց այս ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ու դժվար է սպասել, որ մոտակա ժամանակահատվածում կարող է փոխվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ