09  05  2019

Բողոքի ալիք՝ դատավորների շրջանում․ «Ժողովուրդ»

Բողոքի ալիք՝ դատավորների շրջանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` օրերս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, թե ստացվելիք հավելավճարներից 4 տոկոսը պատրաստում են պահել` փոխանցելով դեպարտամենտի հաշվին, հետագայում դատական համակարգի լավագույններին խրախուսելու նպատակով:

Սակայն այս գրությունը դատավորներին դուր չի եկել, եւ վերջիններս բողոքել են, որ կառավարությունը գումարը իրենց է փոխանցում, ինչու պետք է դրանից պահումներ արվեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին դժգոհության ալիքը սկսվել է ՀՀ վճռաբեկ դատարանից, որից հետո շղթան ծավալվել է: Բոլոր դատավորներն էլ աղմուկ են բարձրացրել: Գագիկ Հարությունյանը, տեսնելով, որ բունտ է հասունանում, որոշել է հետ կանգնել այդ մտքից` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, եւ դեպարտամենտի աշխատակիցներից մեկն է նման որոշման նախագիծ ներկայացրել, եւ ինքը նրան կպատժի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից հորդորեցին նայել դատական դեպարտամենտի ապրիլի 22-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ կայացել է ԲԴԽ-ի նիստ, որի օրակարգային հարցերի թվում ԲԴԽ-ն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների հատկացման խնդրին:

«Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների ֆոնդերի եւ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ էության, այս նիստից հետո էլ դատավորների շրջանում հասունացել է դժգոհությունների ալիքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ