09  05  2019

Պետք չէ փաստերով ներշնչել-համոզել․ «Հրապարակ»

Պետք չէ փաստերով ներշնչել-համոզել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անցյալում էլ իշխանությունը թվախեղդ էր անում մեզ՝ հավատացնելով, որ ինքն օր ու գիշեր աշխատում է, իսկ մենք՝ ապերախտներս, չենք գնահատում՝ կույր ենք, խուլ ենք, անզգա ենք։ Նույն ճանապարհով գնաց, փաստորեն, նաև Նիկոլ Փաշինյանը։ Ո՞ւմ են պետք այդ անհասկանալի, տեղ-տեղ զավեշտալի, տեղ-տեղ ոչ այնքան ճշգրիտ, կատարածն ու առաջիկայում կատարելիք փաստերն իրար խառնած հայտարարությունները, որոնք իր ասուլիսում հրապարակեց ՀՀ վարչապետը։ Որքան էլ խրոխտ ու համոզված ձայնով ընթերցի իր կազմած ցանկը՝ փորձելով համոզել, որ մեր կյանքն էականորեն լավացել է, ուղղակի մենք դեռ գլխի չենք ընկել, յուրաքանչյուր մարդ ինքն իր կյանքով է դատելու։

Այս հպարտ ցանկը լսող յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն հարց է տալու՝ արդյոք իմ կյանքն այս մեկ տարվա ընթացքում լավացե՞լ է։ Արդյոք տեղի՞ են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են մեր ինքնազգացողության լավացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, մենք ավելի խաղաղ ու ապահով կյանքո՞վ ենք ապրում, մեր ապագան ավելի կանխատեսելի՞ է, բյուրոկրատական քաշքշուկները նվազե՞լ են, գործազուրկներն աշխատա՞նք են գտել, աշխատողների իրավունքներն ավելի պաշտպանվա՞ծ են։ Ավելի շա՞տ արդարություն կա երկրում, և դատական համակարգն էլ ավելի լա՞վ է աշխատում։

Կա՞ն դրական տեղաշարժեր կրթական, առողջապահական համակարգերում։ Սպառողական գներն իջե՞լ են, ծառայությունների որակը բարձրացե՞լ է և այլն։ Իսկ կատարած աշխատանքի ու ձեռքբերումների մասին հաշվետվություններ մենք անցյալում էլ ենք լսել, իշխանությունների բլեֆներին սովոր ենք՝ մեզ խաբել հնարավոր չէ։ ՀՀ քաղաքացին ավելի լավ գիտի՝ ինչ է կատարվում երկրում, և նրան ներշնչել-համոզել պետք չէ։ Նա ինքը կզգա ամենաչնչին փոփոխությունն անգամ՝ առանց որևէ ասուլիսի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ