08 05 2019

Ինչպես են վայելում հեղափոխության պտուղները հպարտ քաղաքացիները․ «168 Ժամ»

Ինչպես են վայելում հեղափոխության պտուղները հպարտ քաղաքացիները․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Լրացավ իշխանափոխության մեկ տարին։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց գլխավորել երկու կառավարություն։ Բայց թե՛ մեկը, և թե՛ մյուսը չկարողացան արդարացնել այն հույսերն ու սպասումները, որոնք ձևավորվել էին իշխանափոխության օրերին։ Հայաստանում իշխանության եկած քաղաքական թիմին անցած մեկ տարում չհաջողվեց ոչ միայն բեկում մտցնել տնտեսության մեջ ու հասարակության սոցիալական կյանքում, այլև զարգացումները մի բան էլ հետ շպրտվեցին։

Հեղափոխության պտուղներն իշխանափոխությունից մեկ տարի անց Հայաստանի հպարտ քաղաքացիները վայելում են առայժմ միայն վարչապետի ֆեյսբուքյան ստատուսների և հեղափոխական հայտարարությունների տեսքով։

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված առաջին կառավարությունն իր գործունեությունը սկսեց մի շարք աղմկահարույց բացահայտումներով, որոնք, սակայն, ավելի շատ ունեին հասարակության վրա տպավորություն գործելու նպատակ։ Բացահայտումներն այդպես էլ չտվեցին այն արդյունքը, ինչին սպասում էին շատերը։

Պատահական չէ, որ շուտով դրանք մոռացության մատնվեցին։ Կառավարությունն այլևս չի էլ խոսում այն մասին, թե ինչ եղան թալանված միլիոնավոր դոլարները, որոնք խոստանում էր վերադարձնել հասարակությանը։ Այդպես էլ աղմկոտ բացահայտումների հետ կապված գործերը դատարան չեն հասնում։

Իշխանափոխությանը հաջորդած մեկ տարվա ընթացքում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց տնտեսական հատվածի համար խնդիրներ հարուցելու, տնտեսվարողների շրջանում վախի ու անվստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Տնտեսությունը մինչև հիմա էլ չի կարողանում դուրս գալ այդ սթրեսից։ Դրա հետևանքով ձևավորված բացասական սպասումներն իրենց ուղղակի ազդեցությունն ունեցան տնտեսական գործընթացների վրա, որոնք պահպանվում են անգամ իշխանափոխությունից մեկ տարի հետո։

Կառավարության ղեկավարումը ստանձնելով տնտեսական աճի բավական լավ մեկնարկային պայմաններում, քաղաքական իշխանության նոր թիմը չկարողացավ ապահովել դրա շարունակականությունը։ Որքան էլ թվում է, թե կառավարությանը հաջողվեց պահպանել տնտեսական կայունությունը, այնուհանդերձ դա պայմանավորվեց հիմնականում նախորդ շրջանից թելադրված իներցիոն գործընթացներով։

Տնտեսության իրական հատվածը այսօր էլ ակտիվության բավարար նշաններ ցույց չի տալիս։ Պատահական չէ, որ արձանագրվող աճը հիմնված է հիմնականում ծառայությունների և առևտրի վրա։ Դրան նպաստել է նաև շինարարությունը, թեև վերջին շրջանում այստեղ վերստին կարծես խնդիրներ են ի հայտ եկել։

Ակնհայտ է, որ անցած մեկ տարվա ընթացքում խոստացված ներառական տնտեսական աճը ոչ մի ձևով չի երևում։ Տնտեսության զարգացումների վերաբերյալ պատկերացումները մնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մակարդակում։ Դրանից դուրս այլ դրսևորումներ չկան` տնտեսությունը թռիչքաձև չի աճում, իսկ տնտեսական հեղափոխությունը չի շտապում թակել քաղաքացիների դռները։

Իշխանափոխությունից մեկ տարի անց Հայաստանի արտաքին առևտրային գործընթացները բացասական դինամիկա են արձանագրում։ Այնինչ, իշխանության ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի կողմից ստանձնելու պահին արտաքին առևտրի շրջանառության աճը ոչ միայն հասնում էր 25-30 տոկոսի, այլև տեղի էր ունենում հաշվեկշռի բարելավում։ Այլ կերպ ասած, արտահանման աճը գերազանցում էր ներմուծմանը։

Իշխանափոխությունից, ինչպես՝ անմիջապես հետո, այնպես էլ՝ այսօր, հակառակ պրոցեսներն են. առկա է արտաքին առևտրի հաշվեկշռի վատացում, ինչը տնտեսության իրական և արտահանելի հատվածում տեղի ունեցող պրոցեսների լավագույն բնութագրիչն է։

Անցած մեկ տարում կառավարությունն այդպես էլ չկարողացավ առարկայական քայլեր անել՝ ինչպես արտահանման խթանման, այնպես էլ՝ ներքին ու արտաքին շուկաներում հայրենական տնտեսության մրցունակության բարձրացման առումով։ Մրցակցային միջավայրի քիչ թե շատ բարելավումը շարունակում է նույնքան անմասն մնալ տնտեսական գործընթացների խթանումից, որքան նախկինում էր։

Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո հայտարարված ներդրումային բումը մնում է չկայացած։ Ընդհակառակը` օտարերկրյա կապիտալը սկսել է շատ ավելի զգուշավոր լինել Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ իրեն վարչապետ ընտրելուց հետո արտաքին կապիտալը արագորեն հոսելու է Հայաստան, այնուհանդերձ այս ընթացքում ներդրումները ոչ միայն չավելացան, այլև մի բան էլ պակասեցին։

Չկան ներդրումային նոր առաջարկներ։ Նախորդ մեկ տարում Հայաստանում որևէ նշանակալի բիզնես-ծրագիր ոչ միայն չի մեկնարկել, այլև չի ներկայացվել։ Եթե նույնիսկ այդպիսիք եղել են, ապա փոխանցվել են հիմնականում նախորդ իշխանությունների շրջանից։ Այնպես, ինչպես, ասենք, Երևանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրն է։

Ներդրումային այն միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարների հասնող ծրագրերը, որոնց մասին խոսում է կառավարությունը, առոչինչ է, քանի դեռ չի մեկնարկել դրանց իրականացումը։

Այս իրավիճակը, անշուշտ, պատահական չէ։ Գրեթե մեկ տարում կառավարությանն այդպես էլ լուծում չգտավ Ամուլսարի շուրջ ի հայտ եկած թնջուկին։ Մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումներից հետո` ծրագիրը կասեցվեց և այսօր էլ մնում է այդ կարգավիճակում։ Խնդիրը, իհարկե, միայն Ամուլսարով չսահմանափակվեց։ Կառավարության ակտիվ միջամտությամբ հարցականի տակ հայտնվեցին մի շարք այլ ներդրումային ծրագրեր, որոնք մոտ էին մեկնարկելուն։

Իշխանության եկած քաղաքական ուժի կողմից տնտեսական հատվածի մասնակիցների հասցեին հնչող տարաբնույթ  հայտարարությունները ստիպեցին զգուշանալ նաև ներքին ներդրումային կապիտալին։

Այս ամենից հետո չպետք է զարմանալ, որ ներդրողները մոտ չեն գալիս Հայաստանի տնտեսությանը։ Ավելին, վերջին շրջանում նկատվում է ներքին կապիտալի արտահոսքի հետաքրքրությունների ավելացում։ Եթե հետևություններ չարվեն, ապա կասկած չկա, որ առաջիկայում այս միտումը կխորանա։

Չնայած հայտարարվող բազմահազար աշխատատեղերի ավելացմանը, այնուհանդերձ այնպես չէ, որ անցած մեկ տարում գործազրկությունը Հայաստանում նահանջել է, կամ այդքան մարդ գործ է գտել։ Ընդհակառակը` բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, շատերն էլ կանգնած են նման փաստի առջև։ Խոստացված հայրենադարձության փոխարեն` նախկինի նման, մարդիկ այլ երկրներում են աշխատանք փնտրում։ Արտահոսքը նույն տեմպով շարունակվում է։

Չիրականացան նաև բյուջեի եկամուտներն էապես ավելացնելու վերաբերյալ նախկինում արվող հավաստիացումները։ Անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ կատարել բյուջեի ցուցանիշը։ Տնտեսության մեջ գոյացող եկամուտների հավաքագրման մակարդակը նախկինի նման ցածր է։ Բյուջեի համար հսկայական լրացուցիչ եկամուտներ խոստացած քաղաքական իշխանությունը խուսափեց այս տարվա բյուջեով նույնիսկ ՀՆԱ-ի մեջ մուտքերի բարելավում պլանավորել։

Իշխանափոխությանը հաջորդած մեկ տարում տնտեսական հատվածում գուցե նաև որոշ ձեռքբերում կան, ասենք` նվազել են շուկաներ մուտքի-ելքի խոչընդոտները կամ տնտեսական գործունեության հետ կապված կոռուպցիոն երևույթները։ Բայց դրանք շատ քիչ են իրավիճակ փոխելու համար։

Այս տեմպով շարունակելով՝ հազիվ թե կառավարությունը կարողանա մոտակա ժամանակահատվածում փոխել տնտեսության դեմքը, առավել ևս, լուծել հասարակությանը հուզող սոցիալական խնդիրները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ