03  05  2019

Պաշտոնը ռազմավար չէ․ «Հրապարակ»

Պաշտոնը ռազմավար չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է «Յուրաքանչյուր իշխանություն պետական պաշտոնը պետք է դիտի ընդամենը որպես միջոց՝ ինչ-որ համապետական խնդիրներ լուծելու, պետական ճիշտ կառավարում իրականացնելու համար։ Եթե այս տեսանկյունից իշխանությունը մոտենա պաշտոններին ու պաշտոնյաներին, ապա դրանք չեն զբաղեցնի ապաշնորհները, դա չի դիտվի որպես իշխանություններին մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցում կամ յուրայիններին աշխատանքի տեղավորելու միջոց։ Եթե պաշտոնը չդիտվի որպես վայելքների ու փող աշխատելու աղբյուր, ապա այն, որպես պատերազմի ավար, չի բաշխվի հեղափոխության հերոսներին եւ չի շնորհվի «լավագույն» ճամբարափոխներին։

Եթե պաշտոնը դիտարկվի որպես ծանր բեռ ու պատասխանատվություն, ապա այն զբաղեցնելու համար գլուխ ջարդողների հերթեր էլ չեն գոյանա, եւ պաշտոնը զբաղեցնողների տակ փոս փորողների քանակն էլ կքչանա։ Եվ առհասարակ՝ նշանակումներ անելիս անթույլատրելի է յուրային-ոչ յուրային, սեւ-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական տրամաբանությամբ առաջնորդվելը։ Որովհետեւ բոլորովին կարեւոր չէ, թե Ուրցաձորում ով է գյուղապետը, ԵՊՀ-ում ով է ռեկտորը, կամ ով է զբաղեցնում Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը։

Խնդիրն այն է՝ կատարո՞ւմ են այդ մարդիկ իրենց պարտականությունները, թե՞ ոչ։ Եթե չեն կատարում, նրանք պետք է ազատվեն բացառապես օրենքի շրջանակներում՝ օբյեկտիվության եւ արդարության սկզբունքների պահպանմամբ։ Իսկ ԵՊՀ ռեկտորին կամ Կենդանաբանական այգու տնօրենին ազատել աշխատանքից միայն այն պատճառով, որ մեկին վարչապետը չի սիրում, մյուսին՝ քաղաքապետը, ապօրինի է, անարդար եւ անմարդկային։ Ուժեղ մարդիկ կառավարում են իրենց բաժին հասած կադրերով, թույլերն իրենց շրջապատում են յուրայիններով, որոնք միշտ չէ, որ գրագետ են ու պրոֆեսիոնալ։ Ավելի ճիշտ՝ հակառակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ