24 04 2019

Արշալույս Փայտյանի ցուցմունքը՝ 2008թ․ փետրվարի 23-ի խորհրդակցության մասին․ «ՀԺ»

Արշալույս Փայտյանի ցուցմունքը՝ 2008թ․ փետրվարի 23-ի խորհրդակցության մասին․ «ՀԺ»

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի զրույցում ասել է, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում:

Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասել է, որ ոչ միայն ծանոթացել է քրեական գործի նյութերին, այլեւ որոշ նյութեր քննարկել է վստահորդների մի մասի հետ: Գրիգորյանը նաեւ ասել է, որ միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին, նա, սակայն, չասաց, թե միջնորդությունները ինչի վերաբերյալ էին եւ ինչ ճակատագիր են ունեցել: Գրիգորյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ:

Գործի վերաբերյալ «Հայկական ժամանակի» մի քանի հարցերին պատասխանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

- Պարոն Ալումյան, նյութերի ծանոթացման ընթացքում նախաքննական մարմնին միջնորդություն ներկայացրե՞լ եք:

- Մենք միջնորդել էինք, որպեսզի ծանոթացման համար տրամադրված ժամկետը երկարացվի եւ մերժում ենք ստացել, հետո մերժումը բողոքարկել էինք դատախազին եւ դատախազից էլ էինք մերժում ստացել: Միայն այդ միջնորդությունն ենք այս պահի դրությամբ ներկայացրել...:  76 հատոր էր, 4 հատոր էլ նորից ավելացվել է այս ընթացքում, 80 հատոր է այժմ:

- Իսկ 4 հատորում ի՞նչ նյութեր են մասնավորապես:

- Այս ընթացքում քանի մենք ծանոթանում էինք, էլի որոշ գործողություններ են կատարվել, դարձել է 4 հատոր:

- Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:

- Տարբեր դատավարական գործողություններ, առանձնապես ինչ-որ իրենցից բան չեն ներկայացնում:

- Հիմա 80 հատորից քանիսի՞ն եք հասցրել ծանոթանալ:

- Մենք ոչ թե սկզբից սկսում ենք կարդալ ու գնում հասնում մինչեւ վերջ, այլ՝ որեւիցէ դրվագի վերաբերյալ վկաների ցուցմուքներն ենք նայել, հետո այդ դրվագի հետ կապված դատավարական որոշումերը եւ այլն: 80 հատորից մոտավորապես էսօրվա դրությամբ ես հասցրել եմ ծանոթանալ մոտ 50 հատորին:

- Պարոն Ալումյան, 50 հատորում ի՞նչ նոր տվյալներ են ձեզ հայտնի դարձել:

- Մենք տեսնում ենք այնտեղ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց մասին քննիչն ու դատախազները լռում էին. դրանք իրականում շատ կարեւոր էին գործի հանգամանքները ճիշտ ընկալելու ու գնահատելու համար: Մասնավորապես, փետրվարի 23-ի խորհրդակցության հետ կապված բանից պարզվեց՝ խորհրդակության եւս 12 մասնակից հարցաքննված են եղել, բացի Արշակ Կարապետյանից:

Նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որով հաստատվում է հենց պարոն Քոչարյանի դիրքորոշումը: Իսկ այդ մասին քննիչը բացարձակ լռել է: Մենք ունենք մի ամբողջ հատոր՝ Մարտի 1-ի առավոտյան գործողությանը մասնակցած ոստիկանների եւ այդ ցուցմունքներով եւս հաստատվում է պարոն Քոչարյանի ասածը, որ նախապես ծրագրված չի եղել ուժի կիրառումը...: Այսպիսի շատ ու շատ ուրիշ ապացույցներ, որոնց գոյության մասին քննիչը պարզապես լռում էր եւ եթե այդ մասին ինքը չլռեր, այլ ապացույցները ներկայացներ դատարաններում, հնարավոր է, որ պարոն Քոչարյանը չկալանավորվեր դատարանների կողմից:

- Խորհրդակցությանը մասնակցած եւ հարցաքննված 12 անձանց թվում ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը նույնպե՞ս եղել է:

- Այո:

- Իսկ ինքը ի՞նչ ցուցմունք է տվել խորհրդակցության վերաբերյալ:

- Նույնը, ինչ պարոն Քոչարյանը միշտ ասել է:

-Մասնավորապե՞ս:

- Հիմա իմ ձեռքի տակ է, ասեմ: Փայտյանն իր ցուցմունքում ասել է. «Անձամբ ինքս մասնակցել եմ հարցում նշված միջոցառմանը, դա խորհրդակցություն չէր, քանի որ խորհրդակցության ժամանակ հարցեր էր քննարկվում, իսկ այդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր հայտարարություններ անելու համար, մասնավորապես նա նշել է, որ կան բարձրաստիճան զինվորականներ, ովքեր այս ու այն կերպ մասնակցություն են ունենում բողոք-միտինգներին, հատկապես նշեց Երկրապահ կամավորների կառույցը, որի անդամ էին մի շարք գործող զինվորականներ, այդ թվում նաեւ ես: Նախագահը մտահոգություն հայտնեց, որ զինված ուժերը քաղաքականությամբ չպտեք է զբաղվեն, բանակն ունի իր խնդիրները, իսկ եթե կան նման զինվորականներ, որոնք դա չեն գիտակցում, կարող են հենց հիմա զեկուցագիր գրեն եւ դուրս գան ծառայությունից: Նա նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի անունը որպես ԵԿՄ նախագահ, ի դեպ, Մանվել Գրիգորյանը նշված միջոցառմանը չէր ներկայացել. դա տեւել է շուրջ 15-20 րոպե»: Սա 23-ի խորհրդակցությանը վերաբերող մասն էր:

- Պարոն Ալումյան, 12 անձանց մեջ, բացի Արշալույս Փայտյանից եւ Արշակ Կարապետյանից, հանրությանը հայտնի անձինք կա՞ն, ովքեր են նրանք:

- Ովքեր այդտեղ մասնակցել են, բոլոր հայտնի են՝ Մելս Չիլինգարյան, Սերյան Օհանյան, Վալերի Գրիգորյան, Արմեն Գեւորգյան, Սամվել Կարապետյան, Կամո Վարդանյան, Մովսես Հակոբյան, Սերժ Սարգսյան, Արա Նազարյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ