23  04  2019

Գեղջուկի տոնը և հավերժ աղքատ Հայաստանի տեսլականը. «168 Ժամ»

Գեղջուկի տոնը և հավերժ աղքատ Հայաստանի տեսլականը. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ինչո՞ւ են 21-րդ դարում Հայաստանի քաղաքացու տոնը մարմնավորում 19-րդ դարի գեղջկական վերնահագուստով կանայք ու տղամարդիկ: Ի՞նչ գեղագիտական հնարք կա այստեղ, որ հասու չէ մեզ, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավանել այդ պաստառները: Իսկ այդպիսիք, կարծում եմ, շատ են, և ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ…

Մի կողմ թողնենք այս տոնի լինել-չլինելու շուրջ բանավեճը: Բայց եթե արդեն որոշել եք նշել քաղաքացու օրը, միգուցե բացատրե՞ք՝ տրեխով ու եղանով մարդու սիմվոլիզմը 21-րդ դարում: Չէ՞ որ սա միայն նկարչի ճաշակը չէ: Չէ՞ որ այս պաստառները հավանել ու հաստատել են տոնի կազմակերպիչները, կառավարության անդամները, միգուցե՝ նույնիսկ անձամբ վարչապետը:

Սա պարզապես սիմվոլիզմ չէ: Այդ պաստառների մեջ արտացոլվում է կառավարության տեսլականը Հայաստանի ապագայի հանդեպ: Իսկապես, եթե խրտնեցնես բոլոր խոշոր ներդրողներին, եթե իշխանության գալու առաջին իսկ օրվանից խնդիրներ ստեղծես «Վեոլիա Ջրի», «Ռենկոյի», «Սանիթեքի», «Լիդիանի», այսինքն՝ Հայաստանի քիչ կորպորատիվ ներդրողներից մի քանիսի համար, ու հետո հպարտանաս, որ ներդրողների հետ դատարան գնալուց չես վախենում, շատ տրամաբանական է, որ տնտեսությունդ շարունակելու ես կառուցել տրեխով մարդու վրա: Ոչ թե ժամանակակից քաղաքում և կամ զարգացած գյուղում, ժամանակակից գործարանում կամ ջերմոցում, ժամանակակից գրասենյակում կամ ժամանակակից տեխնիկայով աշխատող մարդը, այլ՝ տրեխով հնձվորը:

Որովհետև ժամանակակից հասարակություն կառուցելու համար պետք է ներգրավել ժամանակակից ընկերությունների ներդրումներ: Իսկ դա գիտակցված որոշում է, ստրատեգիա, որը, դատելով ներդրողների հանդեպ գործող կառավարության վերաբերմունքից, կառավարությունը չունի:

Եվ խնդիրը գյուղացու ու քաղաքացու բաժանումը չէ: Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի գյուղացին դեռևս ապրում է 19-րդ դարում, տրեխով ու եղանով՝ բառի լայն իմաստով: Ու եղանով մարդու կերպարը բոլորովին ռոմանտիկ չէ, որովհետև նա տարվա կեսն անցկացնում է Ռուսաստանում՝ բանվորական հագուստով՝ շինարարություն անելով:

Որովհետև եղանն ու տրեխը երկիր չեն կերակրում աշխարհում ոչ մի տեղ: Երկիրը կերակրում է մոդեռնիզացիան, որը կարող են բերել միայն խոշոր ընկերությունների ներդրումները:

Իսկ ի՞նչ է անում կառավարությունը: Կառավարությունը հանդուրժում է, որ պայմանական եղանով մարդն ամիսներով փակի ժամանակակից տեխնիկայով ժամանակակից գործարան կառուցող խոշոր ներդրողի ճանապարհը: Ու այս տողի մեջ եղանով մարդու հանդեպ բացասական վերաբերմունք չկա:

Խնդիր կա կառավարության հետ:

Կառավարությունը պետք է ռազմավարություն ունենա, որ եղանով մարդն օգտվի ներդրման բարիքներից, մոդեռնիզացիայից, ու եղանն ինքնուրույն փոխարինի ժամանակակից գործիքով: Այս ամենը, իհարկե, սիմվոլիկ իմաստով է, ու խոսքը ոչ միայն գյուղացու մասին է: Խոսքը երկրի մասին է ընդհանուր առմամբ, քանի որ մեր քաղաքները նույնպես ապրում են նախորդ դարում՝ կյանքի որակի առումով: Ու դա երբեք չի փոխվի, եթե մենք շարունակենք ռոմանտիզմ դնել տրեխների մեջ:

Քաղաքացու օրվա պաստառներն իրականում կառավարության տեսլականն են Հայաստանի մասին: Վիզուալիզացիան: Ինչպես որ քեզ պատկերացնում ես, դրան էլ ձգտում ես, ենթագիտակցաբար: Սա հոգեբանության առաջին կուրսի թեզ է: Խնդիրը, սակայն, այն է, որ եղանով մարդը չի կարող կառուցել գիտահեն տնտեսությունը, որի մասին խոսում է վարչապետը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ