20  04  2019

Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը․ «Ժամանակ»

Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանում ցեմենտային կրքերի բորբոքումն իրականում առերեւույթ էր քաղաքական ուժերի բախում կամ հակադրություն՝ ԲՀԿ-«Իմ քայլը» ձեւաչափով:

Իրականում խորհրդարանում տեղի ունեցողը, իհարկե, արտախորհրդարանական ավելի լայն իրադարձությունները ներառյալ, բիզնեսի եւ քաղաքականության բախումն էր: Ավելի շուտ, բիզնեսի եւ քաղաքականության հայաստանյան սերտաճածության առերեսումը քաղաքական նոր իրողությունների եւ տրամաբանության անհրաժեշտության հետ:

Ցեմենտի հարցը գուցե մի օր կլուծվի, մինչդեռ գլխավոր հարցն այն է, թե երբ կլուծվի բիզնեսի եւ քաղաքականության սկզբունքային, ինստիտուցիոնալ տարանջատման հարցը:

Թավշյա հեղափոխությունից հետո մենք անկասկած ունենք բոլորովին այլ պատկեր, հենց թեկուզ խորհրդարանում, որտեղ ներկայացված երկու ուժ՝ «Իմ քայլը» մեծամասնությունն ու «Լուսավոր Հայաստանը» գործնականում տարանջատված են բիզնեսից: Սակայն անկասկած է, որ այս պատկերն առավելապես երկու ուժերի մոտեցումների, պատկերացումների, սկզբունքների եւ արժեքների եւ քաղաքական կամքի դրսեւորման արդյունք է, մինչդեռ, նույն կերպ խորհրդարանում ներկայացված է ուժ, որտեղ գերակշռում է լրիվ հակառակ տրամաբանություն ու մոտեցում, ինչը եւ դրսեւորվում էր ցեմենտային քննարկումների ժամանակ:

Ընդ որում, այստեղ խնդիրն այն է, որ մտածողության եւ արժեհամակարգային հիմքի տեսանկյունից այդ վարքագիծը միանգամայն բնական է: Խնդիրն էլ հենց այն է, որ պետք է հստակեցնել միջավայրերը, եւ բիզնեսը պետք է գործի բիզնես միջավայրում, քաղաքականությունը՝ քաղաքական, տվյալ դեպքում խորհրդարանում: Երբ տեղի է ունենում միջավայրային խեղում, ծագում են համակարգային խորքային խնդիրներ:

Ըստ այդմ, ամբողջ հարցն այն է, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ միջավայրային կարգավորումներ, որոնք բիզնեսին կդնեն եւ կպահեն իր միջավայրում՝ օրենսդրական պաշտպանության բավարար երաշխիքներով, իսկ խորհրդարանն էլ կթողնեն քաղաքականությանը՝ օրենսդրական լուծումների առավել խորքային, համակարգային ներուժով եւ արդյունավետությամբ:

Հայաստանում ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական ռեֆորմացիայի ժամանակն է, առավել եւս, երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը բխում է այդ ռեֆորմացիայի խորքային անհրաժեշտության շահերից, այսինքն՝ առավելագույնս հարմար է քաղաքական ռեֆորմացիայի եւ արդիականացման տանող օրակարգը սպասարկելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ