09 04 2019

Իշխանությունը շարունակում է տարանջատել հասարակությանը. «168 ժամ»

Իշխանությունը շարունակում է տարանջատել հասարակությանը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: Այս փոփոխությամբ, հիշեցնենք, ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր։

Այսպիսով, թավշյա հեղափոխության մեկ տարին դեռ չբոլորած՝ հեղափոխական իշխանությունը հռչակում է հեղափոխության տոն, որը պոպուլիստական նկատառումներից ելնելով՝ անվանվում է Քաղաքացու օր։ Այն, որ թավշյա հեղափոխությունն իսկապես պատմական իրադարձություն էր, անհերքելի է։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանում դեռևս տեղի է ունեցել միայն հեղափոխության առաջին արարը կամ ակտը։

Բոլորը, անգամ հեղափոխականներն են խոսում հեղափոխության կապիտալիզացիայի, հեղափոխության նյութականացման մասին։ Իշխանությունը ևս ձևակերպել է այդ խնդիրը՝ ի դեմս տնտեսական հեղափոխության նպատակադրումի։ Իրականությունը, սակայն, դեռևս շատ հեռու է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ այլ ոլորտների հեղափոխությունից։ Ու այս պայմաններում հռչակել Քաղաքացու օր՝ նշանակում է՝ անտեսել այն իրողությունն ու ճշմարտությունը, որ Հայաստանի քաղաքացու կյանքում, իրական կյանքում դեռևս որևէ հեղափոխություն տեղի չի ունեցել, բացի իշխանափոխությունից։

Բացի այդ, Քաղաքացու օր հռչակելով՝ իշխանությունն ըստ էության հերթական տարանջատումն է մտցնում «սևերի ու սպիտակների», «հեղափոխականների ու հակահեղափոխականների», յուրայինների և օտարների միջև։ Այն դեպքում, երբ Հայաստանի նոր իշխանությունը՝ իր իսկ հռչակած գաղափարներին հավատարիմ լինելու դեպքում, պետք է լիներ ոչ թե տարանջատող, ոչ թե բաժանող, այլ միավորող իշխանություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ