01 04 2019

Ներդրումային հետաքրքրությունները չեն վերածվում ներդրումների․ ինչո՞ւ․ «168 Ժամ»

Ներդրումային հետաքրքրությունները չեն վերածվում ներդրումների․ ինչո՞ւ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի զգույշ արտահայտվել ներդրումների վերաբերյալ։ Նա այլևս չի խոսում ներդրումային բումից, ինչի մասին անընդհատ հայտարարում էր իշխանափոխության սկզբում։

Հիշենք, թե ինչ էր ասում վարչապետն իր ղեկավարած առաջին կառավարության գործունեության ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ. «Հայաստանում նախկինում երբեք ներդրումային այսպիսի հետաքրքրություն չի եղել, և մենք ամեն ինչ կանենք, որ ներդրումային հետաքրքրությունը շատ արագ վերածվի ներդրումային բումի»։

Թե որքանով է կառավարությանը հաջողվել ներդրումային հետաքրքրությունները վերածել ներդրումային բումի, ակնհայտ է։ Դրա վկայությունն է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց դադարել է այդ բառն օգտագործել։ Փոխարենը` իշխանափոխությունից գրեթե 11 ամիս հետո շատ ավելի համեստ հայտարարություն է անում ներդրումների վերաբերյալ. «Երկրում որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա»։

Այլևս խոսք չկա ներդրումային բումի մասին։ Ու դեռ հարց է, թե ինչ ասել է՝ ներդրումային հետաքրքրությունների աճը։ Դրանք առոչինչ են, եթե չեն վերածվում ներդրումների։

Իսկ որ ներդրումային հետաքրքրությունները, որոնց մասին անընդհատ խոսում են իշխանության ներկայացուցիչները, չեն վերածվում կոնկրետ ներդրումների, փաստ է։ Այն, ինչ ասում է վարչապետը Հայաստանում ներդրումային հետաքրքրությունների աճի և ներդրումային ծրագրերի վերաբերյալ, իրականում դատարկ խոսակցություններ են կամ բարի ցանկություններ՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերածվել կոնկրետ ներդրումների։

«Այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր` շուրջ 3,1 մլրդ դոլար ծավալով»,- ասել է Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ընդամենը 9 օր առաջ խոսում էր 89 ներդրումային ծրագրերով 2,5 մլրդ դոլար ներդրումների մասին։ Մի քանի օրում ներդրումների գումարը 600 մլն դոլարով ավելացավ, թեև ծրագրերը մնացին նույնը։

Այս տրամաբանությամբ, անշուշտ, կարելի էր հայտարարել 10 մլրդ դոլար ներդրումային ծրագրերի մասին։ Ըստ էության, դրանից որևէ բան չէր փոխվի։ Հատկապես որ, բոլորն էլ լավ հասկանում են, թե ներդրումային հետաքրքրություններն ինչքանով են դառնում իրական ներդրումներ։

Հիշեցնենք, որ ժամանակին Կարեն Կարապետյանի կառավարությունը խոսում էր 4,5 մլրդ դոլար ծրագերի մասին։ Ընդ որում, ի տարբերություն գործող կառավարության, վերջինս ստեղծել էր հարթակ, որտեղ ներկայացվում էին ներդրումային ծրագրերի մանրամասները։

Այս կառավարությունը խուսափում է բացել, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Մի բան, ինչը մեծացնում է դրանց նկատմամբ անվստահությունը։

Ի դեպ, այդպես մտածելու համար բավարար հիմքեր կան։ Պարզվում է՝ ով գնում է կառավարություն և ասում, որ այսքան գումարի ներդրումային ծրագիր ունի, անկախ նրանից՝ դա իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, անմիջապես գույքագրում են և հաշվարկում ներդրումային ծրագրերում։ «Մեր սկզբունքը հետևյալն է՝ ով դիմում է մեզ, ասում է՝ մենք ունենք ծրագիր, գաղափար, կառավարության հետ խնդրում ենք քննարկում, որպեսզի հասկանանք՝ այս-այս հարցերն ինչ լուծումներ կարող են ստանալ, մենք արձանագրում ենք, որպեսզի այդ քննարկումների հետագծելիություն ապահովենք, և ներառում ենք ցանկի մեջ, որ վարչապետի կողմից նշվեց»,- ասում է ներդրումների և տնտեսական զարգացման նախարարը:

Կասկած չկա, որ, ինչպես սովորաբար, այնպես էլ այս անգամ հայտարարվող բազմաթիվ ներդրումային ծրագրեր չեն հասնելու վերջնագծին։ Ինչ վերաբերում է նրան, որ 89 ծրագրերից 42-ը, 765 մլն դոլարի չափով (ի դեպ, ավելի վաղ վարչապետը խոսում էր 774 միլիոնի մասին) գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ապա դա դեռ չի նշանակում, որ դրանք արդեն մեկնարկել են։ Պարզապես «դրանց կարգավիճակը մնացածի համեմատ ավելի հասուն վիճակում է»։

Ինչ ասել է՝ «հասուն վիճակում է»՝ հայտնի չէ։ Չկա որևէ հստակություն, թե այդ ծրագրերից ո՞րն ի՞նչ փուլում է գտնվում։ Դրանց ո՞ր մասն է արդեն մեկնարկել, կամ ընդհանրապես մեկնարկե՞լ է, թե՞ ոչ։ Դա հիմք է տալիս մտածելու, որ նույնիսկ «հասուն կարգավիճակում» գտնվող ծրագրերի հետ կապված շատ անորոշություններ կան, և այդ կարգավիճակը դեռևս չի ենթադրում, որ դրանք անպայման իրականանալու են։

Հայտարարվող 42 ծրագրերից մեկը, անշուշտ, վերաբերում է Երևանում նոր ջերմային կայանի կառուցմանը, որի ներդրումային արժեքը գնահատված է 250 մլն դոլար։ Այսինքն` 765 մլն դոլարի մեկ երրորդը վերաբերում է միայն այս ծրագրին, որի նախաձեռնությունը ոչ թե այս, այլ նախկին իշխանությանն է։ Դրա կառուցման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017թ.։ Ձևի համար այն վերաթարմացվեց նոր իշխանությունների կողմից, ինչի հետևանքով 250 մլն դոլարանոց ծրագրի իրականացումը գրեթե մեկ տարով հետ ընկավ։

Այս ծրագիրը կարծես մոտ է մեկնարկելուն։ Մյուս 41-ի մասով, որոնց ներդրումային արժեքը շուրջ 500 մլն դոլար է, դժվար է որևէ բան ասել։ Հասկանալի է, որ, եթե ասելիք լիներ, ապա կառավարությունը վաղուց հայտարարել էր այդ մասին։ Հատկապես որ, իշխանափոխությունից հետո ներդրումային հետաքրքրությունները, եթե իրականում այդպիսիք կան, սահմանափակվում են հիմնականում մտադրություններով, որոնք այդպես էլ ներդրումների չեն վերածվում։ Մինչդեռ Հայաստանի տնտեսությանը ոչ թե հետաքրքրություններ են պետք, այլ կոնկրետ ներդրումներ։

Իշխանափոխությունն առայժմ ոչինչ չի տալիս Հայաստանի տնտեսությանը ներդրումների ներգրավման առումով։ Ընդհակառակը` էապես ավելացել է երկրի ներդրումային ռիսկայնությունը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր առաջին կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ այլ բան էր ասում. «Մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու, յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Եվ ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը»։

Բայց վարչապետը մոռանում է, որ ներդրողը ոչ թե՝ իր, այլ՝ օրենքի երաշխիքն է ուզում։ Իսկ նման երաշխիքները Հայաստանում շատ թույլ են։ Այնքան թույլ, որ կարող են ցանկացած պահի ներդրողին կանգնեցնել փաստի առջև։

Գործունեության գրեթե մեկ տարում կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել ներդրողների իրավունքների պաշտպանությունը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար։ Ու հիմա որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, որ ներդրումային հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ ավելանում են, իրականությունը դժվար է թաքցնել։

Այն, ինչ անում կամ մտադիր է առաջիկայում անել կառավարությունը որոշ ուղղություններով, անհամատեղելի է ներդրումների հետ։ Ուզենք թե չուզենք, պետք է հաշտվենք այս մտքի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ