29 03 2019

Փոխնախարարից ազատվելու որոշումը բեկանվել է «ՔՊ»-ում. «168 Ժամ»

Փոխնախարարից ազատվելու որոշումը բեկանվել է «ՔՊ»-ում. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղակալ Վաչե Տերտերյանից ազատվելու որոշում է կայացրել:

Պապիկյանի ու առաջին տեղակալի հարաբերություները սրվել են հատկապես վերջին շրջանում ու, ասում են, հիմնականում՝ առանց լուրջ պատճառների:

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունվար-փետրվար ամիսներին աշխատանքային հանդիպում-քննարկումների ժամանակ հաճախ են նախարարի ու առաջին տեղակալի շփումները բանավեճի վերածվել:

Հատկապես կառուցվածքային փոփոխությունների շուրջ նրանց տարբեր մոտեցումները սկզբում նորմալ են ընկալվել, բայց գույները խտացել են հետո, երբ հայտնի է դարձել, որ Պապիկյանն իր համակուրսեցիների շրջանում տեղակալի թեկնածու է փնտրում:

Նախարարության ներսում տարածված մյուս վարկածն էլ այն է, որ նախկին իշխանությունից համակարգում մնացած Վաչե Տերտերյանն ինքն է հասկացրել նախարարին, որ համակարգում իրեն պահող բաներ քիչ կան, պատրաստ է թողնել ու հեռանալ նախարարությունից: Իսկ նրա հիասթափությունների պատճառը Սուրեն Պապիկյանի կողմից մի քանի անգամ իրեն շրջանցելու փորձերն են եղել:

Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում առաջին իսկ հարցից միանգամից հերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ մնացած հարցերը լսելու իմաստ չի տեսնում:

Իսկ մեր մյուս հարցերը վերաբերում էին տեղեկատվությանը, թե որ պաշտոնի համար է եղել նախարար Սուրեն Պապիկյանի փնտրտուքը համակուրսեցիների շրջանում, և որ պաշտոնի առաջարկն է մերժել ծնունդով Արմավիրից համակուրսեցին, ով այս օրերին արտասահմանում է գտնվում ՝ ուսումնական ծրագրով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանն իր տեղակալից հրաժարվելու մասին զեկուցել է նաև քաղաքական թիմի առաջնորդին, իսկ Նիկոլ Փաշինյանը որևէ դիրքորոշում չի հայտնել: Պապիկյանը, այդուհանդերձ, նոր տեղակալի թեկնածուի որոնումներով մարդկանց է հրավիրել հանդիպման, իսկ ընտրությունը կանգ է առել հենց արմավիրցի համակուրսեցու վրա։

Նրա ընկերը, սակայն, հրաժարվել է՝ ուսումնառության ավարտի հետ չհամընկնող ժամկետների պատճառով:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում այս պատմությունը քննարկման նյութ է դարձել, և նոր կադրի որոնումները դադարել են ՔՊ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի միջամտության պատճառով:

Նա է Նիկոլ Փաշինյանին խնդրել, որպեսզի հաշվի առնելով համակարգի կառուցվածքային փոփոխությունները՝ չեղարկվի և օրակարգից ընդհանրապես հանվի Վաչե Տերտերյանի պաշտոնանկության թեման:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հակոբ Սիմիդյանի միջամտության պատճառը ոչ այնքան Վաչե Տերտերյանին խնայելն է եղել, որքան Պապիկյանի կարողությունները ռեալ գնահատելը:

Նշենք, որ կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տակ կմիավորվեն Կապի և տրանսպորտի նախարարության զգալի մասը և Էներգետիկայի նախարարությունը՝ բնական պաշարների գործառույթներով: Թերևս այս պատճառով էլ ՔՊ-ում համարել են, որ Սուրեն Պապիկյանի կարողությունները համադրելի չեն իր ղեկավարած սուպերնախարարության լիազորությունների հետ, ու որոշել են պահպանել Վաչե Տերտերյանին:

Հիշեցնենք, որ Վաչե Տերտերյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում է դեռևս 1996թ.-ից: Նախարարությունում համարվում է Գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի գիտակ, ով իրականացնում է նաև համայնքների խոշորացման ծրագիրը: Թավշյա հեղափոխությունից հետո քչերից մեկն էր, որ չհայտնվեց քաղաքական մոտիվացիայով պաշտոնանկ արվածների ցանկում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ