26 03 2019

Ո՞վ ո՞ւմ է տեղավորում պաշտոնի․ «168 Ժամ»

Ո՞վ ո՞ւմ է տեղավորում պաշտոնի․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Արարատի մարզպետարանը մրցույթ է հայտարարել մարզի երկու բժշկական կենտրոնների (ԲԿ) ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. ապրիլի 2-ը նշանակված է մրցույթի օր:

Նշենք, որ «Վեդու» և «Արտաշատի» ԲԿ-ների ղեկավարներն աշխատանքից ազատվել են հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի սանիկը Նոր կյանքի գյուղապետից հեղափոխության արդյունքում միանգամից մարզպետ նշանակվեց: 168.am-ը ժամանակին անդրադարձել է այս ազատումների քաղաքական և անձնական պատճառներին:

Անդրադարձել ենք նաև խնդրին, թե ինչպես է մարզպետ Գարիկ Սարգսյանը հեղափոխությունից հետո հերթով մարդկանց աշխատանքից ազատման դիմումներ գրել հարկադրել:

Ի դեպ, աղմկոտ ազատումների հիմքերով մարզպետը դատական մի քանի գործերում որպես մեղադրվող կողմ է ներգրավված:

Իսկ Արտաշատի և Վեդու ԲԿ-ների պաշտոնանկ արված ղեկավարները հրաժարվել են մասնակցել իրենց նախկին պաշտոնների համար հայտարարված մրցույթին, ներկայացված հայտերում առկա չէ նաև Մասիսի ԲԿ-ից ազատված տնօրենի հայտը, նա ևս իր վերադարձի համար դատական մի քանի հայցով հող է նախապատրաստում:

Չեն թաքցնում, շատ են ցանկացել վերականգնվել իրենց պաշտոններում, բայց չդիմելու համար ավելի լուրջ պատճառներ են մատնանշում: Առաջինն անվստահությունն է, համոզված են, որ իրենցից ամեն գնով ազատված վարչապետի սանիկը կօգտվի մարզպետի վարչական ռեսուրսներից և թույլ չի տա, որպեսզի իրենք նորից հաղթեն մրցույթում: Մյուս պատճառն այն է, որ չեն ուզում արդարացնել մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգը:

«Չենք դիմել, որպեսզի մրցույթին ներկայացված մեր հայտով անուղղակիորեն չլեգալացնենք մեզ ազատելու մասին մարզպետի ապօրինի հրամանը»,- պարզաբանում է Արտաշատի ԲԿ նախկին ղեկավարը:

«Դժվար է մարսել, թե ոնց են անձնական հողի վրա կնքահոր պատվին (մարզպետի մերձավորի.- Ս.Բ.) քեզ ժերտվա տալիս, ու չեն նայում, որ մարզի գլխավոր վիրաբույժն ես, հաշվի չեն առնում անձի մասնագիտական կարողությունները, հմտությունները, եկամտաբերությունը՝ ղեկավարածս բուժհիմնարկի համար՝ որպես վիրաբույժ… իսկ մինչ այդ մրցույթով վերահաստատվել էի՝ փլատակներից պետական միջոցներով մի կերպ հիվանդանոցը կարգի բերելու համար, անձնական կապերով հայթայթելով սենյակները բարեկարգելու համար, մի ամբողջ պրոֆեսիոնալ թիմ հավաքել, կանոնակարգված աշխատում էինք՝ քաղաքական ինտրիգներից հեռու… մինչև որ հեղափոխությունը եկավ ու արժեքները տապալեց: Ինչպե՞ս կարող ես այս որոշումը մի հայտով հաստատել, որ իր շողքից վախեցող մարզպետն ավելի ամրանա իր դիրքերում…

Մենք երկուսս էլ այսօր դատարանում վիճարկում ենք մարզպետի ապօրինի ազատման հրամանը և հենց այդ նկատառումով էլ չէինք կարող նաև ապօրինի ազատված պաշտոնի համար նրա հայտարարած մրցույթը լեգալ ճանաչել»,- 168.am-ի հետ՝ իր ազատման հրամանի և մրցույթով՝ նորից նույն պաշտոնին չվերադառնալու պատճառների մասին է ասում Վեդու ԲԿ նախկին ղեկավար Մելքոն Տալոյանը:

Արարատի մարզպետարանից խուսափեցին հրապարակել մրցույթին հայտ ներկայացրած մասնակիցների անունները: Սակայն 168.am-ին հայտնի դարձավ և՛ ցանկը, և՛ որոշ կարևոր մանրամասներ, որ առնչվում են մարզպետի դիրքորոշմանը:

Արտաշատի ԲԿ-ի ղեկավար դառնալու համար դիմել է ներկայիս տնօրենի ժ/պ Հայկ Համբարձումյանը և Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալի մասնագետներից մեկը՝ ռազմական վիրաբույժ Տարոն Գասպարյանը:

Վեդու ԲԿ ղեկավարը դառնալու համար պայքարի են դուրս եկել միանգամից 4 թեկնածուներ, երկուսն Արտաշատից՝ մարզպետարանի աշխատակազմից, մյուս երկուսը՝ Վեդիից՝ նախկին 20 տարիների ղեկավարի որդին՝ Արամայիս Գրիգորյանը, և ներկայիս ժ/պ Սամվել Խաչատրյանը:

Պայքարը լուրջ է հատկապես այս երկուսի միջև, գործող ժամանակավոր պաշտոնակատարը վստահ է, որ ինքն է մարզպետի թեկնածուն, բուժհաստատությունում իր վարքագիծը, ասում են, այս տրամաբանությամբ է դրսևորում: Մինչդեռ նախկին ղեկավարի որդին, որ միջավայրերում ներկայանում է «մարզպետի կռուգից», իրեն վստահաբար հաղթած թեկնածու է համարում: Ավելին, մարտի 8-ին Երևանի Եվրոպա հյուրանոցում՝ կանանց տոնի առիթով, Վեդիի կանանց մեծարման հավաքույթին, Արամայիս Գրիգորյանը բաժակ է բարձրացրել ու ցուցադրաբար ստիպել է, որ Վեդու ԲԿ-ի կենացը խմեն: Նշենք, որ Արտաշատի ԲԿ-ի համար էլ պայքարը պակաս թեժ չի ընթանում, այստեղ, մեր տեղեկություններով, առաջադրված մյուս թեկածուն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համալսարանական ընկերներից մեկն է, ու բացառված չէ, որ հենց ինքն է ուղղորդել:

Բայց գործող ժ/պ-ն՝ Հայկ Համբարձումյանը, համարվում է մարզպետի հենարանը ողջ մարզում, նա է մշտապես ապահովել Գարիկ Սարգսյանի համար ցույցերի ու ճանապարհ փակելու «մասովկան», որոշ տեղեկություններով՝ Հայկ Համբարձումյանը մարզպետի «ողնաշարն» է դարձել, ուղղորդում է նրան մարզպետի ոլորտին չառնչվող մի շարք հարցերում, ընդհուպ՝ կադրային քաղաքականություն որոշելիս:

Հաղթողների անունները պարզ կդառնան ապրիլի երկուսին, այդ օրը կամփոփվեն մրցույթի արդյունքները, և ըստ այդմ մարզպետը նշանակումներ կանի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ