18 03 2019

Գործերը կխոսեն «Իմ քայլ»-ի փոխարեն․ «Հրապարակ»

Գործերը կխոսեն «Իմ քայլ»-ի փոխարեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իսկապես շատ կարևոր հարց է՝ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները հիմնականում «բացասական» լուրեր կարդում օրվա իշխանությունների մասին, մի՞թե լավ գործեր չեն արվում, որ մեր լրատվամիջոցները՝ մեդիա, համազցանց, թերթ, կայք, միայն վատի մասին են գրում, միայն քննադատում ու սևացնում են: Ես, որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ, շատ վատ զգացի, երբ կարդացի ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավորուհի Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան սրտատոչոր գրառումն այս թեմայով: Մարդիկ, պարզվում է զօրուգիշեր աշխատում են, մինչդեռ ԶԼՄ-ները, որ պատգամավորուհու կարծիքով «միջնորդ» պետք է լինեն իշխանության, կառավարության և հասարակության միջև, չեն կատարում իրենց առաքելությունը՝ հասարակությանը տեղեկացնելու իրականում կատարվող գործերի , իրական փաստերի և քաղաքականության մասին: 

Մյուս կողմից էլ, մի փոքր անհասկանալի է, թե ինչու պետք է համաժողովրդական իշխանությունը, ի դեմս ԶԼՄ-ների, «միջնորդ» ունենա իր և ժողովրդի միջև, Մի՞թե ժողովուրդը չէ մեր վարչապետը, մի՞թե ժողովրդի ընտրյալները չեն նստած ԱԺ-ում, մի՞թե Ժողովրդի ընտրած նախարարներից ու մարզպետներից չէ բաղկացած ՀՀ կառավարությունը, մի՞թե որևէ միջնորդ է պետք աշխարհի ամենամեծ հայկական քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանի ու ժողովրդի միջև: Վերջապես ի՞նչ է պատահել Նիկոլ Փաշինյանի «Live» ալիքին, որ իմքայլական պաըգամավորուհին ձեռքը գցել է փրփուրներին, ուզում է, որ մյուս ԶԼՄ-ները միջնորդ դառնան կառավարության և ժողովրդի միջև:Մամուլին ու մյուս ԶԼՄ-ներին իրենց տեղը ցույց տալու փորձեր նոր Հայաստանում շատ են արվել:

Ի մասնավորի՝ վարչապետ Փաշինյանը մինչ իր ավտոմեքենայով Վրաստանի սահման կհասներ, մի քանի ժամ անդադար խոսել է հայկական ԶԼՄ-ների «պատկանելության», կողմնակալ պահվածքի, ինչ-ինչ շրջանակների շահեր արտահայտելու, իրեն, իր ընտանիքին ու իր կառավարությանն անհիմն քննադատելու մասին: Սա խաշի թունդ օրերին էր, ինչը թույլ էր տալիս մտածելու, որ օղու ազդեցությունը դեռ լրիվ չի անցել: Ինչևէ, համակերպվեցինք ու շատ չխորացրինք վարչապետ-մամուլ «կոնֆլիկտը», թեև ակնհայտ էր, որ նախկին լրագրող վարչապետը շատ թյուր կարծիք ուներ Հայաստանում կայացած միակ բանի՝ զանգվածային լրատվամիջոցների մասին:

Ի՞նչ պետք է սովորեր վարչապետից Լուսինե Բադալյանը: Մտածել է աղջնակը, մտածել ու «քըխ» լրատվամիջոցների ճիրաններից փրկվելու ելքը գտել:

Ասում է` Armtimes.com, կարդացեք, հետևեք Հանրային և Ազատություն ալիքներին (ավելի ուշ մի փոքր ընդլայնել է ցանկը), որովհետև այդ լրատվամիջոցները ճշմարտությունն են ասում և երբեք պատգամավորներին այնպիսի հարցեր չեն տալիս, որոնք չեն ընդգրկում տվյալ երեսփոխանի նախընտրած ոլորտը: Ստացվում է, որ լրագրողնըերը նախապես պարտավոր են ճշտել պատգամավորի կամ որևէ այլ պաշտոնյայի սիրած ոլորտը և նոր միայն հարցեր ուղղել նրան: Եթե սա տրամաբանական է, ապա պետք էր սպասել, որ իրենց տեղերում բացառապես տվյալ ոլորտի մասնագետներ նշանակվեին, մինչդեռ մենք քաջատեղյակ ենք, որ շատ պաշտոնյաներ և պատգամավորներ բացարձաապես չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին և նույնիսկ պատգամավորական մանդատներին, որոնք ձեռք են բերել համընդհանուր էյֆորիայի պայմաններում: Մեր մեղքը ո՞րն է, որ երբ նորելուկ նախարարին կամ պատգամավորին հարց ենք ուղղում, իսկ նա, պարզվում է՝ իր ղեկավարած ոլորտին կամ իր ներկայացրած նախընտրական ծրագրին (եթե, իհարկե, ներկայացրել է), չի տիրապետում ու խայտառակվում է թե թերթի էջերում, թե ասուլիսներում, թե հեռուստաէկրանին:

Բադալյանը սպառնալից հայտարարել է. «Ես այլևս հրաժարվում եմ հարցազրույց տալ , քանի դեռ որևէ մեկին հետաքրքիր չի իմ ասածն ու արածը, այլ հետաքրքիր է, թե ինչ թույլ կետ ունեմ, որից կկախվեն, կքրքրեն , ծաղրելու բան կգտնեն: Հուսով եմ` իմ գործընկերները ևս կհետևեն սրան և հարցազրույց կտան բացառապես նրանց, ում հետաքրքիր է բուն թեման, երկրի ճակատագիրը, բանավեճերի կգնան միայն, թեկուզ և սուր, բայց իրական քննադատների հետ»: Որքան հասկացա՝ հայ ընթերցողին առաջիկայում իմքայլական հանճարեղ հարցազրույցների սով է սպասվում, իսկ այդ սովը հաղթահարելու համար էլ, ինչպես հավատացնում է պատգամավորը, ստիպված ենք սպասել «Իմ քայլի» գործերին, որոնք խոսելու են այդ քաղաքական թիմի փոխարեն: Փաստորեն, նոր իշխանությունները լավ գործերը պահել են հետոյի համար, իսկ մենք, ըմբռնումով մոտենալու փոխարեն, այսօր ենք նրանց պահանջներ ներկայացնում, քննադատում չարածի համար:

Հ.Գ. Ժամանակին բազմափորձ Հեղինե Բիշարյանը սպառնացել էր մամուլին հարցազրույցներ չտալ և այդկերպ պատժել ՕԵԿ-ի մասին վատ-վատ բաներ գրող լրատվամիջոցներին: ՕԵԿ-ի շուրջ լրատվական սով սկսվեց, իսկ կարճ ժամանակ անց ՕԵԿ-ը ստիպված էր անունը փոխել: Ինչո՞ւ սա հիշեցի: Իմքայլական պատգամավորուհին գնում է Հեղինե Բիշարյանի հետքերով, իսկ վաղը, հնարավոր է, միայն Փաշինյանի տիկնոջ թերթը լուսաբանի ընտանիքի գլխավորի ծուռումուռ քայլերը, որոնք ամենամեծ ցանկության դեպքում էլ ժողովրդին, այդ թվում նաև Լուսինե Բադալյանի հյուրերին, չեն համոզում այլևս, որ Հայաստանում բան է փոխվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ