11  03  2019

Ինչո՞ւ պետք է ՊՆ-ն ասեր. շտաբի պետը՝ դեպքերը թաքցնելու մասին․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ պետք է ՊՆ-ն ասեր. շտաբի պետը՝ դեպքերը թաքցնելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ բանակում տիրող իրավիճակի մասին:

-Պարո՛ն Դավթյան, սկսենք հենց այս տարվա Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի առեղծվածային մահվան դեպքից: Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չեն հայտնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` գիշերը տղաները գինովցել են, եղել է հրմշտոց, ու ավելի ուշ Գրիգորյանին գտել են մահացած: Հիմա նախաքննական մարմինը ուզում է պարզել, թե նրան սպանել են, թե նա ինքնասպան է եղել: Ի՞նչ է կատարվել Ամանորի գիշերը ՀՀ ՊՆ զորամասում:

-Անհասկանալի ոչ մի բան չկա, Պաշտպանության նախարարությունը մտադրված չէ թաքցնելու որեւէ դեպք, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ընթանում է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում ինձ թվում է բոլոր հարցերի պատասխանները կլինեն:

– Եթե անհասկանալի բան չկա, ինչո՞ւ էր ՊՆ-ն թաքցրել այդ դեպքը:

– Իսկ ինչո՞ւ պետք է ՊՆ-ն բոլորը ասեր:

-Հասարակության մոտ կասկածների տեղիք է տալիս, ինչո՞ւ չպետք է ասեր. ուրեմն ՊՆ լռելով թաքցնում է բանակում տիրող իրավիճակը:

-Եթե կա որեւէ օրենքի պահանջ, որ պետք է ասենք, կարող ենք ասել, եթե չկա, նաեւ հաշվի առնելով տոնական օրերի տրամադրությունը, միգուցե դրա հետ կապված է եղել:

-Բանակում թույլատրվեց, որ բոլորը հեռախոսներ ունենան, եւ դրա ծանր հետեւանքները տեսանք փետրվարի 11-ին. ժամկետային զինծառայողը կրակել էր պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի վրա: Պատճառը եղել էր այն, որ զինվորի ձեռքից սպան վերցրել էր հեռախոսը: Այսինքն` բանակում թույլատրվեց, որ բոլորը հեռախոս ունենան, ու դա ստեղծեց բեսպրիդել վիճակ: Ով ինչ հեռախոս ուզում, պահում է, մի բան էլ սպա են սպանում:

-Հեռախոս պահելը կամ չպահելը դեպքի հետ կապ չունի, դա ուղղակի պահի տակ հասունացած դեպք էր: Այդ դեպքում հեռախոսն է եղել պատճառը, այլ դեպքում լիներ այլ առարկայի հետ կապված, որը, ցավոք սրտի, մենք ունենում ենք զինված ուժերում, որի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանում ենք:

-Այսինքն` այստեղ բուն հեռախոսի պահելու-չպահելու հարցը չի՞ եղել:

-Հեռախոսի վերցնելու պահը եղել է դրդապատճառը, սակայն նշում եմ, որ նույն դեպքով կարող էր լինել նաեւ ցանկացած առարկա: Լավ մի քանի տասնյակ հազար զինծառայողների մոտ այս պահի դրությամբ հեռախոս կա, եւ ի՞նչ պետք ասենք մենք, օրական պետք է ունենաք այդպիսի դեպքե՞ր. իհարկե ոչ: Այսինքն` հեռախոսը այդ պահին հասունացած դեպքի արդյունքն էր:

-ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետեւանքով 2 սպա մահացավ, եւ մինչ օրս անհասկանալի է` արդյոք եղանակային պայմանները հաշվի չե՞ն առնվել ինքնաթիռի թռիչքից առաջ:

-Ցավոք սրտի, երկու սպաները զոհվեցին միջադեպի առիթով, իսկ վերջնական տարբերակը կլինի նախաքննության ավարտից հետո, դատարանի որոշմամբ նոր պարզ կլինի բոլոր պատճառները, մնացածը բոլորը վարկածներ են:

-2018 թվականի նոյեմբերին ՀՀ ՊՆ մեքենան վթարի ենթարկվեց, եւ 4 զինծառայող մահացավ: ՊՆ-ն բավարարվեց նրանով, որ մի քանի պաշտոնյաների աշխատանքից ազատեց, ու այդպես էլ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Աշխատանքից ազատելո՞վ եք պատժում պաշտոնատար անձանց եւ հարցը համարում լուծված:

-Դուք բոլոր դեպքերը նշում եք բացասական կողմով, ոչ մի դրական բան չասեցիք ընթացքում կատարված լավ դեպքերի մասին կամ առավելությունների մասին: Կոնկրետ դեպքը, որի մասին Դուք նշում եք, ցավոք, եղել է: Նույն ստանդարտ պատասխանը, նախաքննության շրջանում բոլոր հարցերի պատասխանը կտրվի: Պաշտպանության նախարարությունը իրավասու չէ դատարանի փոխարեն որոշում կայացնելու մարդկանց նշանակելու մեղավոր կամ արդարացնելու. դրա համար կա համապատասխան իրավական դաշտ, եւ իրավական դաշտում աշխատում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ