03  03  2019

Նախագահ Քոչարյանը 2 անգամ կասեցրել է պետական հեղաշրջումը․ գրասենյակի ղեկավար․ «Առավոտ»



2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց նաեւ 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: 

«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվել են՝ ո՞րն էր պատճառը, որ ոչ 2008-ին, ոչ էլ հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանը կատարվածի համար ոչ միայն զղջում, այլ անգամ ափսոսանք ու կարեկցանք չհայտնեց՝ զոհերի հարազատներին. բացառությամբ՝ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանի, որի հոգեհանգստի արարողությանը նա անձամբ մասնակցեց:

Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան մասնավորապես ասել է. «Հայաստանում հաստատվել է ծայրահեղ պոպուլիստական իշխանություն, որը հստակ պատմական ու քաղաքական բարդույթներ ունի: Եվ այս համատեքստից բխող գնահատականներ միայն կարող ենք տալ ցանկացած հայտարարության, որ արվում է իշխանության կողմից»:

Հստակեցմանը՝ տվյալ դեպքում ներողություն խնդրելը համարում է պոպուլիզմի դրսեւորո՞ւմ՝ նա արձագանքել է. «Ասեմ ինչու՝ Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչ է, որի արդյունքում մարդիկ են զոհվել: Եվ կարծում եմ՝ մինչեւ պետության եւ ուրիշների անունից ներողություն խնդրելը հարկ էր նախ իր անունից մարդկայնորեն ներողություն խնդրել այն բոլոր մարդկանցից, ովքեր այդ օրը տուժել են, այդ թվում՝ զոհերից, որոնք, եթե նայեք տեսագրությունները՝ լսել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր՝ ոչ մի բան էլ չի կատարվում, ոչ մի զոհ չկա, այսօր պետք է վերջացնենք, ահա մեր առաջին ռազմավարը…»:

Նման զղջում արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ: Որովհետեւ կարող է այդ մարդիկ իմ ելույթները, կոչերը լսել էին ու եկել, ու հիմա իրենք իրենց ընտանիքների հետ չեն, այնինչ ես իմ ընտանիքի հետ եմ: Միակ սփոփանքս այն է, որ ես դա միտումնավոր չեմ արել»:  Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Շատ ավելի ազնիվ է՝ շնորհավորում եմ իրեն: Շատ ավելի ազնիվ է, քան Նիկոլ Փաշինյանը»:

Հարցին՝ ինչո՞ւ այդ ազնվությունը հանդես չի բերել Ռոբերտ Քոչարյանը՝ նրա գրասենյակի ղեկավարը պատասխանել է․ «2008 թվականի ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանը դադարել է պաշտոն վարել ՀՀ-ում: Ապրիլի 9-ի դրությամբ բացարձակապես պարզ չէր տեղի ունեցածի պատկերը. ի դեպ՝ հիմա էլ որոշ մասով պարզ չէ: Կանգնել ու ներողություն խնդրել մի բանի համար, որը դեռ պարզ չես պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել՝ չեմ համարում, թե այդ պահին տեղին էր: Դուք գիտե՞ք՝ ովքե՞ր են սպանել այդ 10 հոգուն, տեղյա՞կ եք՝ ինչի՞ արդյունքում են նրանք զոհվել: Եթե ներողության մասին եք խոսում՝ հասկանում եմ, որ ուշադրությամբ չեք դիտել նախագահ Քոչարյանի ուղերձների տեսագրությունները եւ այլն: Բայց ուզում եմ հիշեցնել ապրիլի 8-ին նախագահի վերջին ուղերձը, որտեղ նա ներողություն է խնդրում ՀՀ ժողովրդից, բոլոր նրանցից, որոնց իղձերը չեն իրականացել»:

Հարցազրույցից հետո ճշտել են՝ այդ վերջին ուղերձում Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել»:

Հետաքրքրվել են՝ արդյոք իրենց մարտավարության մաս են կազմում այն պնդումները, որոնք անում են Քոչարյանի պաշտպանները՝ մարտի 1-ի շուրջ իրադարձություններին նրա իրազեկվածության վերաբերյալ: Ասենք, փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս պնդել է, թե 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, իսկ այս մասին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է միայն առավոտյան, երբ աշխատանքի է գնացել։ Ըստ Ալումյանի՝ նախնական պայմանավորվածություն է եղել, որ որևէ բռնություն, կոշտ հակամարտություն չպետք է լինի Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ։ Նախատեսված է եղել գործողություն, որը չէր ենթադրում ուժի կիրառում։

Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան մասնավորապես ասել է. «Ոստիկանությունը գնացել էր կատարելու մի գործողություն, որը բախում չէր ենթադրում, իսկ հետո տեղում տեղի է ունեցել բոլորովին այլ բան: Եվ տեղում ոստիկանությունը որոշում է կայացրել, որի մասին տեղյակ է պահել»:

Այս առնչությամբ փոխանցել են Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանի հարցադրումները. «Ինչի՞ էին ժամը վեցին զննում գնում անցկացնելու, ովքե՞ր էին գնում զննում անցկացնելու․․․ վահաններով, մահակներով զինված զննում չեն անցկացնում, երեք հազար հոգով զննում չեն անցկացնում: Զննումը դա քննչական գործողություն է հարուցված քրեական գործի շրջանակներում….Դատարանի սանկցիայով պիտի գային, ներկայանային, պետք է տեղեկացնեին, որ կատարում են քննչական այսպիսի, այսպիսի գործողություններ, դրա համար ունեն օրենքով սահմանված բոլոր հիմքերը»:

Վիկտոր Սողոմոնյանը պնդել է, որ իրավապահները «լիուլի եւ շատ վաղուց» պատասխանել են այս բոլոր հարցերին եւ հավելեց. «Եթե ինչ որ մեկը մտածում է, թե ոստիկանությունն այնտեղ գնացել էր չգիտեմ ինչ անելու՝ սխալվում է: Գնացել էր այն բանի համար, ինչը որ հայտարարել էր»: Եվ որպես հետագայում տեղի ունեցածի վրա լույս սփռող մի հանգամանք՝ հիշատակել է «Ժողովուրդ» թերթի հրապարակած ու պաշտոնապես ոչ հերքված, ոչ հաստատված մի լուր. «Դեռեւս 2008 թվականից լուրեր են պտտվում այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին խնդրել է հետեւյալը. «Երբ ոստիկանները հարձակվեն, 20 րոպե դիմացե՛ք, մի փոքր ծեծվե՛ք»: «Ես ենթադրում եմ, որ այդ տեղեկությունը մարդուց է, որը ներկա է եղել մարտի 1-ի առավոտյան՝ հրապարակում, Տեր-Պետրոսյանի կողքին»,- ասել է պրն Սողոմոնյանը, որը սա մեկնաբանում էր այսպես. «Տեր-Պետրոսյանը հավաքել է կողմնակիցներին եւ ասել՝ պետք է ծեծ ուտեք անպայման, ես ձեզ խնդրում եմ՝ գնացեք, կանգնեք, զենքերը հեռացրեք հրապարակից… Եվ անպայման կատաղի դիմադրություն ցույց տվեք ոստիկանությանը, որովհետեւ այդ բախման մեջ է մեր քաղաքական ուժը»:

Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրված 0038 հրամանին: Այն հաջորդել էր փետրվարի 21-ին հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանը. «Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը և նրան միացած մի այլ փոխնախարար, նույնպես գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, այդ երկուսը ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից՝ բանակի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում։ Բանակցությունների իմաստը հետևյալն է՝ բանակի հրամանատարությունը՝ հանձինս Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի, հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին եւ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հույս էր հայտնել, որ բանակի ողջ ղեկավարությունը կմիանա փոխնախարարներին։ Պատմելով այս հայտարարությանը հաջորդած հավաքի եւ տրված հանձնարարականների մասին՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը մասնավորապես ասել է. «Կարեւոր էր հետեւյալը, որ գործընթացը կասեցվեց, այսինքն՝ պարտված թեկնածուի կողմից բանակի ներգրավումը եւ իրավիճակի ծայրահեղ սրումը կասեցվեց: Ըստ էության, երկու անգամ՝ փետրվարյան օրերին եւ մարտի 1-ին նախագահ Քոչարյանն իր գործողություններով կասեցրել է պետական հեղաշրջումը»:

Օրաթերթը նկատել է, որ շրջանցում է այն հանգամանքը, որ երբ ստորագրվում էր 0038 հրամանը, դեռեւս հայտնի չէր, թե ով է հաղթած կամ պարտված թեկնածուն: Թեեւ հրամանի սկզբում իսկ նշվում էր. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը…», բայց 2008 թվականի փետրվարի 24-ի երեկոյան միայն ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները: «Նախնական տվյալները կային: Եթե չեմ սխալվում՝ արտասահմանյան ղեկավարները Սերժ Սարգսյանին շնորհավորում էին արդեն. շատ լավ դա հիշում եմ»,- պատասխանել է Վիկտոր Սողոմոնյանը:

Անդրադարձել են նաեւ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը… Բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է. «Փաստում եմ՝ ինչպես եւ պրն Տոնոյանը, այո, բանակն օգտագործվել է: Բայց բանակը չի կիրառվել: Սրանք տարբեր հասկացություններ են, որոնք մեր ՀՔԾ-ն հաջողությամբ մանիպուլացնելով օգտագործում է: Այո, բանակն արտակարգ դրության ռեժիմի իրացման ժամանակ օգտագործվել է՝ դա փաստ է, եւ դա ոչ ոք չի ժխտում»:

Հիշատակել է նաեւ 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի հետեւյալ կետը. «3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը»:

Վիկտոր Սողոմոնյանը պնդել է՝ բանակն օգտագործվել է պետական կարեւոր հաստատությունների պահպանման համար. «Բանակը ցուցարարների հետ չի բախվել: Բանակը ցուցարարների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Սա փաստ է»: 10 տարի երկիրը ղեկավարած մարդուն այժմ ծանրագույն մեղադրանքներ են առաջադրված. ի պաշտպանություն նրա՝ մի քանի հանրահավաքների փորձեր եղան, որոնք սակավամարդ էին: Նրան պաշտպանում են փաստաբանները, որոնք վճարի դիմաց իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում, եւ առանձին ԶԼՄ-ներ, որոնք այս ընթացքում ձեռք բերեցին Քոչարյանի մերձավորները: Չկա հրապարակային քաղաքական աջակցություն՝ արդյոք սա գնահատակա՞ն չէ իր 10 տարիների գործունեությանը:

«Բացարձակապես: Ցույցերի սակավամարդության հետ համաձայն եմ, բայց այդ ցույցերը ես չեմ կազմակերպում, եւ դրանք չեն կազմակերպվում նախագահ Քոչարյանի թիմակիցների ուղիղ աջակցությամբ»,- մասնավորապես պատասխանել է պրն Սողոմոնյանը: Նա կտրականապես չի համաձայնել մեր այլ դիտարկումներին եւս.

«Չկա մի նշանակալի քաղաքական միավոր, որը հայտարարությամբ հանդես չի եկել նախագահ Քոչարյանի հետ կապված: Օրինակ՝ ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել է, որ տեղի ունեցողը մեծ կասկածներ է առաջացնում ու նման չէ արդարադատության. ՀՀԿ-ն էլ, բազմաթիվ անհատներ, ղարաբաղյան գործիչներ, Արցախի հերոսներ… Նախագահ Քոչարյանի հետ կատարվողը շատ մարդիկ շատ լավ հասկանում են՝ նրանք բարեբախտաբար սթափ մարդիկ են, որոնք մեծ ավանդ ունեն պետության զարգացման ու կայացման գործում»:

Հարցազրույցի ընթացքում օրաթերթը փորձել է պարզել, թե ինչպես է Հայաստանի նախկին ղեկավարը ձեռք բերել իր հարստությունը: «Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ չունի»,-վստահեցրել է նրա գրասենյակի ղեկավարը: Խոսել են նաեւ Սիլվա Համբարձումյանի հայտարարության հիման վրա՝ կաշառքի նոր մեղադրանքի եւ ՀՀ 2-րդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին: «Հիմա Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- պնդել է զրուցակիցը եւ պատասխանել հարցին, թե արդյոք կա՞ միջազգային որեւէ կազմակերպություն, որը նրան ճանաչել է քաղբանտարկյալ:

Այս եւ այլ հարցերի մասին Վիկտոր Սողոմոնյանի ամբողջական պատասխանները՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ