01 03 2019

«Քասթինգ»-ի արդյունքում փոխնախարար կնշանակվի․ «Հրապարակ»

«Քասթինգ»-ի արդյունքում փոխնախարար կնշանակվի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակներն ուղարկել կառավարություն։

4 հազարից ավելի դիմում է ստացվել, 6 հոգուց բաղկացած հանձնաժողովը նայել է դրանք, ընտրել այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Դիմումները քննվել են փուլերով, սկզբում նայել են CV-ները, ընտրել լավագույններին, ապա հարցազրույց՝ «քասթինգ» անցկացրել։

Ժյուրիի անդամներն են ԱԺ պատգամավոր, ՀԺ-ի նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ դարձյալ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի գործող օգնական, հայտնի «ախրաննիկ-պատգամավոր» Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանը։ Սակայն ՔՊ-ից մեզ ասացին, որ հանձնաժողովը 6 անդամ ունի, որից 3 անձ՝  անկուսակցականներ: Ավելին, կատակեցին, որ մեր նշած երեքը ժյուրիի «թույլ» անդամներն են, նրանց կողմից ընտրված թեկնածուները հետո քննություն են հանձնում լիարժեք կազմով ժյուրիի առջեւ։

Նրանք երկար-բարակ քննել են պաշտոնի հավակնորդներին, հետաքրքրվել՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։ Առաջին փուլով 1200 դիմողից բանավոր քննությանը մասնակցել է 50-60 հոգի, վերջում հանձնաժողովը հավանություն է տվել 30 թեկնածուի եւ ուղարկել կառավարության ռեզերվ։ Տեղեկացանք, որ ընտրված 30 հոգուց մեկը օրերս կնշանակվի արդարադատության փոխնախարար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ