22  02  2019

Ի՞նչ է պատասխանել ՄԻԵԴ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի հայցին. «168 Ժամ»

Ի՞նչ է պատասխանել ՄԻԵԴ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի հայցին. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2012թ. մայիսի 15-ի որոշումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատի վերաբերյալ իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Տեղեկություն տարածվեց, որ ՄԻԵԴ-ը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը և Մարտի 1-ի գործի շուրջ արդեն ունի դիրքորոշում, որը հիմք է հետագայում ՄԻԵԴ-ում Հայաստանի ձախողման համար՝ շնորհիվ այդ փաստաթղթի։

Ի՞նչ է ասում ՄԻԵԴ որոշումը. գործի հանգամանքների, փաստերի, օրենսդրության, միջազգային փաստաթղթերի, բողոքի էության շարադրանքից հետո Դատարանը որոշում է հետաձգել դիմումատուի բողոքի քննությունը՝ ենթադրյալ տնային կալանքի, 2008թ. մարտի 1-ի հանրահավաքը ցրելու և այդ առումով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության, ինչպես նաև քաղաքական հայացքների պատճառով  խտրականության մասով։ Դիմումի մնացած մասը Դատարանն անընդունելի է համարել:

ՄԻԵԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը «168 Ժամին» տեղեկացրեց, որ այս գործը հիմա ընթացքի մեջ է, և վճռի են սպասում։

Հարցին, թե Ձեր կարծիքով՝ գործի անընդունելի համարված մասը կարո՞ղ է օգտակար լինել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար, Վ. Գրիգորյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ»։

Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ Վ.Գրիգորյանը հայտարարեց, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ հայկական որևէ ներպետական դատարան առ այսօր չի քննել նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է, ո՛չ էլ ՄԻԵԴ-ի կողմից որևէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին և Օհանյանին և պրն Գևորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել։ Նա նշել է, որ ՄԻԵԴ որոշումը ոչ թե գանգատի էության մասին որոշում է, այլ դրա ընդունելիության։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում, սակայն,  պնդեց, որ Տեր-Պետրոսյանի գանգատն  ամբողջությամբ մերժվել է՝ որևէ խախտում չարձանագրելով, այդ թվում՝ չի արձանագրվել որևէ քաղաքական մոտիվ կամ հետապնդում։ Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նախագահական ընտրությունները եղել են օրինական, և հղում է կատարել միջազգային կազմակերպությունների հայտարարություններին, չի վիճարկվել Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափ լինելու փաստը։

«Ամենակարևորը՝ ՄԻԵԴ-ը չի արձանագրել, որ բախումներ են եղել զինված ուժերի և ցուցարարների միջև, և փաստական հանգամանքների մեջ ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ասում է, որ բախումները եղել են ցուցարարների և ոստիկանության միջև»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին ՄԻԵԴ-ը նշում է մարտի 1-ի առավոտյան դեպքերի նկարագրության հատվածում, իսկ զինված ուժերի մասին խոսք չկա որոշման մեջ, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Դա մոլորեցում է, որովհետև ՄԻԵԴ-ն անդրադարձել է ամբողջ փաստական հանգամանքներին՝ սկսած նախընտրական փուլից մինչև Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշումը, այսինքն՝ պետք չի առանձնացնել առավոտ, ցերեկ կամ գիշեր։ Դատարանն անդրադարձել է, և որևէ դրվագով արձանագրված չի, որ բախում է եղել ԶՈՒ և ցուցարարների միջև, այլ բախում եղել է ոստիկանության և ցուցարարների միջև։ Նույնն արձանագրել է նաև Human Rights Watch-ը»։

Ս.Գրիգորյանի պնդմամբ՝ այս որոշումից հետո զարգացումներ չեն եղել, ՄԻԵԴ-ի կայքում որևէ տեսակի այլ որոշում չկա, տեղեկություն չկա նաև, որ գործը քննվում է. «Գործերի պաշտոնական շտեմարանում իրավական որևէ այլ գործ ներառված չէ, իսկ դրանում ավարտված և շարունակվող գործերն են»։

Փաստաբանի կարծիքով՝ այս որոշումով ընդհանրապես չեն վիճարկվում ընտրությունների արդյունքները. «Դատարանի ֆունկցիան չէ՝ գնահատական տալ, որ ընտրությունները եղել են օրինական կամ ոչ օրինական, կեղծիքներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Իր ֆունկցիան ապացույցների գնահատումն է ձեռքի տակ եղած ապացույցների հիման վրա, իսկ ձեռքի տակ եղել են միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, որոնք պատասխանատու են եղել, մոնիտորինգ են արել և գնահատական են տվել»։

Ս.Գրիգորյանի խոսքով՝ ՄԻԵԴ այս որոշումը, անկասկած, նախատեսվում է օգտագործել ՝ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Ռազմավարությունը մշակման փուլում է, և միանշանակ նախատեսվում է։ Այն ավելի կոմպլեքս է, ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գործով է, այլ ավելի լայն ռազմավարության մաս է կազմում։ Ինչպես գիտեք, ՄԻԵԴ դիմելու գործերի շրջանակներում Ռ. Քոչարյանը 2 գանգատ է ներկայացրել, և մենք նախապատրաստում ենք դատավարական այլ գործողություններ տվյալ գործերի շրջանակներում»։

«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արա Ղազարյանը չհամաձայնեց, որ ՄԻԵԴ որոշումը կարող է օգտագործվել ի օգուտ Քոչարյանի. «Ոչ, որովհետև այն իրավունքի ակտի ուժ չէ, որովհետև սա վճիռ չէ, որոշում է, նաև Դատարանը չի մանրամասնում, թե ինչու է անընդունելի համարել գանգատի մի մասը։ Կարող են դա ներկայացնել՝ որպես փաստարկ, բայց իրավաբանորեն չի կաշկանդի մեր դատարաններին»։

Փաստաբան Ա. Ղազարյանը նաև նշեց. «Նշվում է բազմաթիվ այլ գանգատները՝ անձնական կյանքի, ազատ արտահայտվելու և այլ հոդվածներով, այդ թվում՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածով, որն ասում է, որ Կոնվենցիայով սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել արտակարգ դրության ռեժիմի դեպքում, կամ, եթե ազգին վտանգ է սպառնում, և այս մասով է մերժել։ Գտնում է, որ այդ մասով գործի փաստերը չեն բարձրացնում խախտման վերաբերյալ որևէ փաստ։

Ասում է՝ հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող գործի բոլոր նյութերը և այնքանով, որքանով գանգատն իր իրավասության շրջանակներին է վերաբերում, քանի որ ՄԻԵԴ-ն իր վերահսկողությունը 100%-ով, բացարձակ կերպով չի իրականացնում, ազգային մարմիններին տալիս է որոշումներ կայացնելու հայեցողության դաշտ, և որոշ դեպքերում, եթե գտնում է, որ տվյալ երևույթի վերաբերյալ որոշումն ազգային մարմինների հայեցության դաշտում է, ՄԻԵԴ-ը գտնում է, որ խախտում չկա, որովհետև իր վերահսկողությունից դուրս է»։

Նա համաձայնեց, որ կարելի է նաև մեկնաբանել, թե ՄԻԵԴ-ն արտակարգ դրությունն իրավաչափ է համարել, սակայն միաժամանակ շեշտեց, որ հայտնի չէ, թե կոնկրետ Տեր-Պետրոսյանն ինչ փաստարկներ է բերել։

Զինված ուժերի և ցուցարարների միջև բախումների արձանագրման վերաբերյալ Ա.Ղազարյանն ասաց. «Զինված ուժերի ներգրավվածության մասին բառացիորեն որևէ բան չկա և չէր էլ կարող լինել, բայց 55 կետը հավաքական է, չի մանրամասնում, թե արդյոք կուլիսներում քննության առարկա դարձրե՞լ է, թե՞ ոչ։ Ասում է, որ հաշվի առնելով իր իրավասության շրջանակներն ու գործի նյութերը՝ խախտում չի տեսնում»։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ փաստաբանը նշեց, որ սա անհատական գանգատ է, այսինքն՝ քննվում է անհատի ընտրելու կամ ընտրվելու տեսանկյունից, ոչ թե՝ ընդհանուր երկրում ընտրությունները։

Ա. Ղազարյանի կարծիքով՝ չնայած գանգատի մեծ մասը մերժվել է, բայց  Դատարանը պահել է ամենակարևորները, և գործը կոմունիկացվել է՝ տնային կալանքի ու ազատ տեղաշարժման իրավունքի, հավաքների իրավունքի և խտրականության մասով, և հաշվի առնելով, որ ՄԻԵԴ որոշումը եղել է 2012 թվին, ապա կոմունիկացիայի փուլն էլ ավարտվել է, իսկ վճռի կայացման համար հստակ ժամկետներ սահմանված չեն, դա ՄԻԵԴ հայեցողությամբ է։

«ՄԻԵԴ-ը շատ տարբեր ժամանակում է վճիռ կայացնում՝ կես տարի, 6 տարի, 7 տարի, ռեկորդը 30 տարի է։ Բայց սա Մարտի 1-ի գործ է, և Դատարանը կարող է հաշվի առնել, որ Հայաստանում սկսվել է Քոչարյանի գործը։ Ես ինքս կոմունիկացրել եմ մի քանի գործեր։ Ես չեմ զարմանա, եթե Դատարանը որոշի սպասել, որպեսզի ավելորդ տեղը չմիջամտի ներսում ընթացքի մեջ գտնվող գործերին»,- ասաց Ա.Ղազարյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ