22 02 2019

Անշարժ գույքի շուկայից անհետացել է աննախադեպ աշխուժությունը. 168.am

Անշարժ գույքի շուկայից անհետացել է աննախադեպ աշխուժությունը. 168.am

168.am-ը գրել է. Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր անշարժ գույքի շուկայում դիտարկվող աննախադեպ աշխուժությամբ` դա համարելով իր կառավարության և իշխանափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այսօր նա այլևս չի խոսում այդ մասին։ Թե ինչու, հավանաբար պարզ է։ Այլևս հպարտանալու առիթ չկա. անշարժ գույքի շուկայում ի հայտ են եկել մտահոգիչ երևույթներ։ Շուկան դարձյալ պասիվանում է։

Թև այդ երևույթն ավելի վաղ էր նկատվել, բայց այն խորացել է հատկապես անցած տարվա վերջին։ Դեկտեմբերին գրանցվել է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կտրուկ նվազում։ Ընդ որում, դա արտահայտվել է՝ ինչպես նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երևույթների հետևանք կարող է լինել, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։

Թե՛ օտարման, և թե՛ առք ու վաճառքի գործարքները հանդիսանում են շուկայի հիմնական բնութագրիչները։ Դրանց կրճատումը, անշուշտ, ենթադրում է ոչ ցանկալի երևույթների ի հայտ գալու մասին։ Անշարժ գույքի շուկան այն զգայուն ոլորտներից մեկն է, որտեղ ազդեցություններն առավել շուտ են արտահայտվում։ Դրանք դրսևորվում են առաջին հերթին՝ այստեղ իրականացվող գործարքների կրճատման տեսքով։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները վկայում են, որ անցած տարվա վերջին անշարժ գույքի շուկայում առկա նախկին հուսադրող միտումներից ոչինչ չի մնացել։ Գրեթե բոլոր առումներով անկում է գրանցվել։ Նվազել են ինչպես՝ ընդհանրապես օտարման, այնպես էլ՝ առք ու վաճառքի գործարքները։ Օտարման գործարքները նախորդ տարվա համեմատ՝ կրճատվել են՝ 4, առք ու վաճառքինը` 12,5 տոկոսով։

Շուկան պասիվացել է նաև նախորդ ամսվա նկատմամբ։ Օտարման գործարքները նոյեմբերի համեմատ նվազել են՝ 5,5, առք ու վաճառքինը` 10,7 տոկոսով։

Աննախադեպ անկում է գրանցվել մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա դեկտեմբերին Երևանում 19 տոկոսով քիչ անշարժ գույք է վաճառվել։ Եթե 2017թ. վաճառվել էր՝ 1794, ապա 2018թ.`1454 անշարժ գույք։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը բավական կտրուկ է. ասենք` Դավիթաշենում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել ավելի քան՝ 58, Կենտրոնում` ավելի քան 40, Քանաքեռ-Զեյթունում` շուրջ 32, Արաբկիրում`23 տոկոսով։

Առք ու վաճառքի գործարքները բավական կտրուկ կրճատվել են նաև մեկ ամիս առաջվա համեմատ։ Բացասական տարբերությունը գերազանցել է 13 տոկոսը։

Նման պատկերը միայն մայրաքաղաքում չէ։ Առք ու վաճառքի գործարքները, «Մարզերի քաղաքային բնակավայրերում 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 8,7 տոկոսով, 2017թ. դեկտեմբերի համեմատ` 5,4 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերում 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 9,5 տոկոսով, 2017թ. դեկտեմբերի համեմատ` 10,2 տոկոսով»,- արձանագրել է կադաստրի կոմիտեն։

Անշարժ գույքի շուկայի պասիվացումը մեծապես պայմանավորվել է բնակարանային շուկայի դրսևորումներով։ Հայաստանում բնակարանների առք ու վաճառքը դեկտեմբերին կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Վաճառվել է ընդամենը 1458 բնակարան՝ 2017թ. 1654-ի դիմաց։ Խոսքը բազմաբնակարան շենքերի բնակարանների մասին է։ Նախորդ ամսվա համեմատ՝ բնակարանների վաճառքը կրճատվել է 12,7 տոկոսով։

Դեկտեմբերին մայրաքաղաքի բնակարանային շուկայում առք ու վաճառքի գործարքների անկումն ավելի մեծ է եղել։ Եթե նոյեմբերի նկատմամբ վաճառքն ընկել է 15,7 տոկոսով, ապա նախորդ տարվա համեմատ` 16,6 տոկոսով։

Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին գնում է դեպի պասիվացում, ինչը մտահոգիչ է։ Տևական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից։ Դրական սպասումները խորացան նաև իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել։

Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ շուկայում ի հայտ են եկել նոր ռիսկեր։ Այդ հարցերին առայժմ վաղ է պատասխանել։ Ամեն դեպքում առկա են մի շարք գործոններ, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ շուկայի միտումների վրա։ Իշխանափոխությունից հետո հասարակության ակնկալիքները մնում են չբավարարված։ Չնայած խոստումներին, այնուհանդերձ մարդկանց եկամուտները շարունակում են չափազանց դանդաղ ավելանալ։ Ավելին, մի շարք գործոնների, մասնավորապես՝ սպառողական շուկայի թանկացման հետևանքով` տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում։ Տնտեսական իրավիճակը ևս բարվոք չէ։ Չկան ապագային միտված հեռանկարային քայլեր։

Սրանք գործոններ են, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ բնակարանային շուկայի մասնակիցների սպասումների վրա։ Իշխանափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին, որ կյանքը և ապրելու պայմանները Հայաստանում կլավանան, տնտեսությունը կաշխուժանա, առաջին անհրաժեշտության ապրանքների գները կնվազեն, կստեղծվեն աշխատելու և արժանապատիվ վաստակելու հնարավորություններ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ այնքան էլ այդպես չէ։ Առայժմ նման հեռանկարներ չեն երևում։

Բնակարանային շուկայի պասիվացման վրա, անշուշտ, որոշակի ազդեցություն են ունեցել նաև այլ գործոններ, այդ թվում` խորհրդարանական արտահերթ ընտրություններով պայմանավորված սպասումները։

Ինչևէ, եթե պահպանվեն այս միտումները, ապա անշարժ գույքի առք ու վաճառքի պասիվացումն իր հետևից կարող է կրկին անդունդը քարշ տալ տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` ի դեմս շինարարության, որը հազիվ դուրս էր եկել տևական անկումից։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում նկատվում են երևույթներ, որոնք խորանալու դեպքում կարող են դարձյալ խնդիրներ ստեղծել՝ ինչպես շուկայի անմիջական մասնակիցների, այնպես էլ՝ շինարարության ոլորտի զարգացումների համար։ Նորություն չէ, որ անշարժ գույքի, առավել ևս՝ բնակարանային շուկայի ակտիվությունն ուղղակիորեն կապված է հասարակության եկամուտների հետ։ Չնայած բնակարանների նկատմամբ ներկայացվող բարձր պահանջարկին, այնուհանդերձ վճարունակությունը Հայաստանում ցածր է, ինչն էլ հանդիսանում է շուկայի ակտիվության վրա ազդող հիմնական գործոններից մեկը։

Հաշվի առնելով՝ ինչպես տնտեսության զարգացման միտումները, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի փոփոխություններն ու առաջիկա ակնկալիքները` առայժմ դժվար է բնակարանային շուկայի ակտիվացման հետ կապված լուրջ հույսեր փայփայել։ Վարկավորման էժանացման առումով նկատվող դրական տեղաշարժերը, անշուշտ, դրա օգտին են։ Բայց այդ գործոնի ազդեցությունը չի կարող էական լինել այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք չեն ավելանում հասարակության եկամուտներն ու գնողունակությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ