02 02 2019

Մարզպետների նշանակումն ուշանում է․ «Հրապարակ»

Մարզպետների նշանակումն ուշանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տավուշում եւ Շիրակում ուշանում է մարզպետների նշանակումը․ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կադրային դեֆիցիտ ունի, որի արդյունքում էլ արդեն մի քանի շաբաթ է՝ այս մարզերը մնացել են առանց ղեկավարի։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչպես հայտնի է, Տավուշի եւ Շիրակի արդեն նախկին մարզպետներ Վահե Ղալումյանը եւ Կարեն Սարուխանյանը գործուղվեցին խորհրդարան։ Հունվարի 16-ին կառավարությունը պաշտոնապես հրապարակեց նրանց ազատման հրամանները։ Այդ մարզերում անհամբեր սպասում են նոր նշանակումներին։

Լուրջ խմորումներ կան հատկապես Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ։ Այստեղ հասարակ քաղաքացիների եւ կուսակցական ակտիվի կարծիքները տարբեր են։ Գյումրեցիներն այդ պաշտոնում տեսնում են «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր առաջադրված, բայց չընտրված 30-ամյա Տիգրան Պետրոսյանին, որը մոտ 5 հազար ձայն է հավաքել եւ, ինչպես նրա մասին պատմում են, «քաղաքացիական պայքարի ակտիվ մասնակից է եղել, Գյումրիում ճանաչված, կիրթ տղա է»։ Սակայն այս թեկնածուն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի գյումրեցի թիմակիցների սրտով չէ։ Տիգրան Պետրոսյանը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդներից Կարեն Պետրոսյանի մտերիմն է, վերջինս ակտիվորեն աջակցել է Պետրոսյանին ընտրությունների ժամանակ։ 

Նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր թեկնածուին է ուզում առաջ հրել․ նա ցանկանում է մարզպետի պաշտոնում տեսնել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին։ Քննարկվում է նաեւ Տիգրան Վիրաբյանի թեկնածությունը, ով զբաղեցնում էր Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնը, սակայն անցած տարվա հոկտեմբերին նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ։ Չի բացառվում նաեւ, որ այս պաշտոնը հանձնեն ԲՀԿ-ին․ ամեն դեպքում՝ մարզում այդպիսի խոսակցություններ էլ կան։

Հատկապես հնչում է  35-ամյա Լեւոն Վահրադյանի անունը։ Երիտասարդ Վահրադյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է․ կառավարությունը, հիշեցնենք, մտադիր է այս նախարարությունը լուծարել, ավելի ճիշտ՝ ընդգրկել կրթության եւ գիտության նախարարության կազմում՝ որպես առանձին բաժին։ Նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը մեզ հետ զրույցում քիչ հավանական համարեց մարզը ԲՀԿ-ի ղեկավարմանը թողնելու հնարավորությունը։ ՔՊ անդամը վստահեցրեց, որ կադրային խնդիր թիմը չունի․ «Քաղաքական քննարկումներ են ընթանում, եւ մոտ օրերս, հավանաբար, կնշանակվի»։ «Ամեն դեպքում, կարծում եմ, այնպիսի մարդ պետք է նշանակվի մարզպետ, որ Շիրակից ընտրված բոլոր պատգամավորներս կարողանանք իր հետ աշխատել»,- ասաց Սարուխանյանը՝ այդուհանդերձ չբացահայտելով, թե ում հետ կարող են կամ ում հետ չեն կարող աշխատել։ Նա վստահեցրեց նաեւ, որ Տիգրան Պետրոսյանի հարցում էլ «պրետենզիաներ» չունեն․ «Իրեն մենք ենք ընդգրկել «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակ, ո՞նց կարող ենք մենք դեմ լինենք»։

Վիճակն ավելի բարդ է Տավուշի մարզում, վարչապետ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանի՝ պատգամավոր դառնալուց հետո «հարմար» թեկնածու չի գտնվում։ Այստեղ ընտրությունը թերեւս կանգ առնի ծնունդով տավուշցի՝ Բերդ քաղաքից, բայց երեւանաբնակ Հայկ Չոբանյանի վրա։ Նա «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից է, հավաքել է ավելի քան 5 հազար ձայն, հին իշխանությունների օրոք էլ անգործ չի եղել, ճարպիկ ու ճկուն տղա է՝ բոլորի հետ հարաբերություններ կառուցելու մեծ վարպետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ